Անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևադարձային անտառ Տասմանիայում

Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլիոն կմ²՝ ցամաքի մակերեսի 30% (ամողջ մակերևույթի 9.4%)։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։

Անտառների դասակարգումը[խմբագրել]

Կախված տեղից, անտառների տարիքից, նրանց տեսակից՝ գոյություն ունեն անտառների մի քանի դասակարգումներ։

Կախված աշխարհագրական լայնությունից տարբերում են՝

  1. Թաց արևադարձային անտառներ (սելվա, գիլեա, ջունգլիներ)՝ հասարակածային մշտադալար անտառներ, ունեն ֆլորայի և ֆաունայի մեծ տեսականի։ Մեծ հարկայնությունը միայն փոքր քանակությամբ լույս է թույլ տալիս ներթափանցել ներքին հարկեր։ Բոլոր արևադարձային անտառների կեսից ավելին արդեն ոչնչացված է։ Դասական օրինակ կարող են լինել Ամազոնիայի, Հնդկաստանի և Կոնգո գետի ավազանի ջունգլիները։
  2. Կաատինգա՝ չոր տերևաթափվող արևադարձային անտառներ (երաշտի ժամանակ տերևաթափ են լինում)։
  3. Ավստրալիայի էվկալիպտի անտարներ՝ մշտադալար մերձարևադարձային անտառներ։
  4. Տերևաթափվող անտառներ (լայնատերև և մանրատերև). Հիմնականում գտնվում են հյուսիսային կիսագնդում։ Շնորհիվ լույսի թափանցման՝ կյանքը ներքին հարկերում ավելի ակտիվ է։
  5. Տայգա՝ փշատերև անտառ, ամենատարածվածն է։ Ներառում է Սիբիրի, Կանադայի, Սկանդինավիայի, և Ալյասկայի անտառների 50%-ից ավելին։ Հարավային Ամերիկայում գոյություն ունեն նաև առաուկարիային պուրակներ։ Ֆլորան հիմնականում ներկայացված է մշտադալար փշատերև անտառներով և բույսերով։
  6. Խառը անտառներ՝ անտառներ, որոնցում աճում են ինչպես տերևային, այնպես էլ փշատերև ծառեր։ Տարածված է գրեթե ողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում։

Շրջակա միջավայրի և անտառի փոխազդեցությունը[խմբագրել]

Անտառը փոխազդում է շրջակա միջավայրի հետևյալ բաղադրիփների հետ՝

  1. Արևային էներգիա. Անտառային գոյության հիմնական աղբյուրներից է։ Շնորհիվ արևի էներգիայի՝ անտառն իրագործում է ֆոտոսինթեզի գործառույթը։
  2. Հիդրոսֆերա. Անտառն անմիջականորեն մասնակցում է բնության մեջ ջրի շրջապտույտի և այդպիսով փոխազդում է հիդրոսֆերայի հետ։
  3. Մթնոլորտ. Անտառը մասնակցում է բնության մեջ թթվածնի շրջապտույտին ամենաակտիվ կերպով։ Շնորհիվ անտառի հսկայական ծավալի՝ մեծ ազդեցություն ունի երկրի մթնոլորտի գազաբաղադրության վրա։
  4. Կենդանական աշխարհ. Անտառը բազմաթիվ կենդանիների բնակության միջավայրն է։ Կենդանիներն իրենց հերթին անտառում սանիտարի դեր են կատարում։
  5. Մարդ. Անտառը հսկայական նշանակություն ունի մարդու առողջության և կենսագործունեության համար։ Մարդու կենսագործունեությունն իր հերթին ազդում է անտառի վրա։
  6. Լիտոսֆերա. Լիտոսֆերայի վերին շերտերի կազմությունը կապված է համապատասխան տեղերում անտառի աճելու հետ։

Անտառի նշանակությունը մարդու կենսագործունեության համար[խմբագրել]

Խառը անտառ ձմռանը, Լեհաստանում

Հնում Ռուսիայում ասում էին. «Անտառի մոտ ապրել, նշանակում է սոված չլինել. Անտառը թագավորից հարուստ է։ Անտառը ոչ միայն գայլին, այլ նաև մարդուն է կուշտ կերակրում։» Կարելի է առանձնացնել տնտեսական նպատակներով անտառի օգտագործման հետևյալ հիմնական ուղղությունները։

  • Սննդի աղբյուր (սնկեր, հատապտուղներ, գազաններ, թռչուններ, մեղր),
  • Էներգիայի աղբյուր (փայտ),
  • Արտադրության հումք (թղթի արտադրություն),
  • Բնական գործընթացների կագավորիչ (անտառատնկումներ քամահարությունից հողը պաշտպանելու համար)։

Այսօր անտառատնկումների ծավալը երբեմն մի քանի անգամ գերազանցում է նրա վերականգնման բնական ծավալը։

Անտառի նշանակությունը մարդու առողջության համար[խմբագրել]

Տնջրի՝ հսկա սոսի Արցախի Սխտորաշեն գյուղում

Անտառն մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես գազանմանները։ Առավել թթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրէասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանրէները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։ Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրէների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։

Անտառների տեսակները[խմբագրել]

  • Բարեխառն գոտու ասեղնատերև անտառները տարածվում են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն լայնություններում:Բարեխառն գոտու հյուսիսային շրջաններում (տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է, տարածվում են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները վերաճել են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և ծածկված են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքով. դրանք նպաստում են վեգետացիայի շրջանում խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից: Տերևների յուրահատուկ ձևը նեղ սաղարթների հետ միասին առատ ձյան ծածկույթից սաղարթի չկոտըրվելու, ինչպես նաև Արեգակի ցածր դիրքում նրա լույսն օգտագործելու հարմարանք է: Մութ ասեղնատերև անտառներում գերիշխում են ստվերասեր ծառատեսակները (եղևնի, սիբիրական սոճի), լուսավոր ասեղնատերև անտառներում՝ լուսասեր կվենին և սոճին:

Մութ ասեղնատերև անտառները սովորաբար ունեն 2–3 շարահարկ: Առաջին շարահարկը ծառային է, երկրորդը՝ խոտային, երրորդը՝ մամռային: Թփերը հանդիպում են հատուկենտ և ինքնուրույն շարահարկ չեն կազմում: Անտառի թույլ լուսավորվածության պայմաններում բազմաթիվ բույսեր կորցրել են քլորոֆիլը և անցել սապրոտրոֆ կյանքի: Լուսավոր ասեղնատերև անտառների ծառերն ավելի նոսր են դասավորված, ստորին շարահարկերում գերիշխում են քարաքոսերը, լույսի համեմատաբար մեծ ինտենսիվությունը նպաստում է թփուտային շարահարկի զարգացմանը: Ասեղնատերև անտառներում անողնաշարավոր կենդանիների գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և սողուններ խստաշունչ ձմեռների ժամանակ անցնում են պասսիվ վիճակի: Որոշ կենդանիների համար բնորոշ են սեզոնային գաղթերը (միգրացիաները): Ասեղնատերև անտառներում ամբողջ տարին կա անհրաժեշտ քանակությամբ թարմ և մատչելի կեր:

  • Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում, Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի մերձատլանտյան նահանգներում:Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով շրջաններին: Դրանցում զարգացած է փարթամ մեզոֆիլ բուսականությունը: Լայնատերև անտառները տերևածածկ են միայն ամռանը՝ վեգետացիայի համար բարենպաստ ամիսներին, իսկ աշնանը ջերմաստիճանի նվազման հետևանքով տերևաթափվում են և ձմռանը մերկանում: Լայնատերև ծառատեսակներ են հաճարենին, կաղնին, շագանակենին, հացենին, լորենին, ընկուզենին և այլն: Այս անտառներում հանդիպում են նաև մանրատերև ծառեր՝ կեչի և կաղամախի:

Լայնատերև ծառերն աչքի են ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝ ամուր իրար վրա նստած թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում են գոլորշիացման ինտենսիվությունը: Ի տարբերություն ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2 ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով և խոտածածկույթով: Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:

  • Մերձարևադարձային չորասեր անտառները տարածվում են միջերկրածովային կլիմայով շրջաններում՝ Միջերկրական ծովի ափերին, Ղրիմի թերակղզու հարավում, Հյուսիսային Ամերիկայում՝ Կալիֆոռնիա թերակղզում, Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում, Աֆրիկայի հարավային մասում՝ Կարպի մարզում: Ամառն այստեղ շոգ է և չոր, իսկ ձմեռը՝ տաք: Այստեղ զարգանում են կոշտատերև անտառները: Չորային պայմաններին հարմարվելու հետևանքով բույսերը ձեռք են բերել քսերոմորֆ կառուցվածք: Տերևները կոշտ են, կաշեկերպ, ունեն լավ զարգացած մեխանիկական հյուսվածքներ: Արեգակի ճառագայթների ազդեցությունը մեղմացնելու համար տերևները սովորաբար թեք են դասավորվում Արեգակի ճառագայթների նկատմամբ: Կան այնպիսի բուսատեսակներ, որոնց տերևները հետաճել են, և լուսասինթեզը կատարվում է կանաչ ցողունների միջոցով: Որոշ բույսեր ամբողջ տարվա ընթացքում շարունակում են իրենց վեգետացիան, մշտադալար են: Այս անտառները կազմված են 2, երբեմն՝ 1 ծառային, 1 թփուտային և խոտային շարահարկերից: Մամռաքարաքոսային շարահարկը թույլ է արտահայտված:
  • Մերձարևադարձային խոնավ անտառները տարածվում են գոտու առավել խոնավ շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում և Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայների հարավային լանջերին, Այսրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով, փայլուն են, կաշեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային տարածություններ և զուրկ են թավոտությունից: Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ դասավորվում են ուղղահայաց:

Այս անտառների բարենպաստ պայմանները՝ մեղմ ձմեռները, տաք հողերը, կերային բարձր արժեք ունեցող սերմերի ու պտուղների առատությունը, նպաստել են հողում և անտառային թաղիքում բնակվող անողնաշարավորների ու վերգետնյա կյանք վարող մի շարք բուսակեր կենդանիների բազմազանությանը:

  • Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները բնորոշ են մերձհասարակածային գոտուն: Դրանք տարածվում են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում. կազմված են ցածրահասակ ծառերից և թփերից, որոնք չորային ժամանակաշրջանում տերևաթափվում են: Կան նաև մշտադալար տեսակներ: Այստեղ ծառերը և թփերը նոսր են դասավորված, ունեն ծռմռված բուն: Երբեմն հանդիպում են շշաձև ծառեր, որոնք ունեն հաստ բուն, որտեղ ջուր են պաշարում: Այս անտառներին բնորոշ է փշոտ, ամուր բնափայտ ունեցող ծառերի առատությունը, որի համար դրանց հաճախ անվանում են կացնակոտրուկ (կեբրաչո):

Չորային ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող մեծամասնությունը չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են մտնում իրենց թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ շրջանի համար, իսկ մի մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ տարածքներում, որտեղ առկա են իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ: Չորասեր նոսրանտառներն ավելի խոնավ շրջաններում փոխարինվում են արևադարձային տերևաթափ անտառներով: Չորային ժամանակաշրջանում սովորաբար տերևաթափվում են միայն վերին շարահարկի ծառերը, երկրորդ շարահարկինը մշտադալար են: Այս անտառներում գերակշռում են ցածրահասակ ծառերը: Առատ տեղումներով շրջաններում տարածվում են արևադարձային կիսամշտադալար անտառները, որտեղ վատ է արտահայտված շարահարկայնությունը. թփուտային շարահարկը հիմնականում բացակայում է: Այս անտառները տարածվում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:

  • Խոնավ մշտադալար արևադարձային «անձրևային» անտառը բուսականության ուրույն տիպ է, որի գոյությունը կապված է առավել բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ: Դրանք տարածվում են տաք և խոնավ շրջաններում, որտեղ այս 2 գործոնները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխվում: Այս անտառներն անընդհատ գոտի չեն կազմում, որովհետև անտառներով զբաղեցված հարթավայրերն ընդհատվում են բարձրավանդակներով և լեռներով: Խոնավ արևադարձային անտառները տարածվում են Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի ավազանում, Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափերին, Աֆրիկայում՝ Կոնգո գետի ավազանում և Գվինեական ծոցի մերձափնյա շրջաններում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինյան կղզիների հարավային մասերում, Շրի Լանկայի հարավարևմտյան մասում և Մալակա թերակղզում:

Խոնավ արևադարձային անտառների ծառերը և թփերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ տերևներով: Դրանք խոշոր են, կոշտ, կաշեկերպ և պարունակում են մեծ քանակությամբ կայծքարահող, էլիպսաձև են, տերևաթիթեղի վերին մակերեսը հարթ է և փայլուն, իսկ ստորինը երբեմն՝ թավոտ: Փայլուն մակերեսն ունի պաշտպանական նշանակություն. անդրադարձնում է արևի ճառագայթները և նպաստում տերևների վրայից անձրևի կաթիլների արագ արտահոսքին: Խոնավ արևադարձային անտառները հարուստ են ծառերի բների վրա բնակվող բույսերով՝ էպիֆիտներով, և աչքի են ընկնում կենդանիների բազմազանությամբ:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wiktfavicon en.svg Ընթերցեք անտառ բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։