Կաղնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
կաղնու ծառ Իսպանիայում

Կաղնի, հաճարազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի առանձին ցեղ է:

Բովանդակություն

ՀՀ-ում [խմբագրել]

Հյուսիսային կիսագնդի բարեխառն, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճում է կաղնու 500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ: ՀՀ-ում (Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում):

Հիմնական բնութագրիչներ [խմբագրել]

Տարածված է կաղնու 6 հիմնական տեսակ՝ արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան, վրացական, ծակոտիավոր և այլն: Միատուն ծառ է, բարձրությունը՝ 40–50 մ: Առաջին 80 տարում կաղնին աճում է դեպի վեր` հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել լայնքով (հաստությամբ):

Տերևները հերթադիր են՝ կոշտ, կաշենման, բլթակավոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճ կոթուններով, թավոտ կամ մերկ: Ծաղիկները մանր են, միասեռ: Պտուղը միասերմ կաղին է` հաճախ ամփոփված բաժականման փայտե պտղակալում: Կաղնին ապրում է 500–600 (երբեմն՝ մինչև 1000 և ավելի) տարի: Կաղնին լուսասեր է, որոշ տեսակներ երաշտակայուն են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ` քիչ պահանջկոտ:

Կաղնին առաջացնում է մաքուր և խառնանտառներ (հաճարենու, հացենու, բոխու հետ): Կաղնու անտառներն ունեն հողապաշտպան, ջրհավաք և ջրակարգավորիչ նշանակություն:

Կիրառություններ [խմբագրել]

Շինարարություն [խմբագրել]

Բնափայտն ամուր է, դիմացկուն, նախշավոր, կիրառվում է նավաշինության, ատաղձագործության` կահույքի և մանրատախտակի արտադրության,, տակառների պատրաստման և այլ բնագավառներում, խցանակաղնու կեղևից պատրաստում են խցան:

Բժշկություն [խմբագրել]

Կաղնու բնափայտը և կեղևը պարունակում են աղաղանյութեր, վիտամին C, օսլա և այլն: Բժշկության մեջ կեղևի պատրաստուկներն օգտագործվում են որպես կապող և հականեխիչ միջոց:

Դեկորատիվ [խմբագրել]

Շագանակատերև կաղնին գեղազարդիչ նպատակներով աճեցվում է այգիներում և պուրակներում: Երևանի շրջակայքի անտառաշերտերում կան կաղնու ներմուծված տեսակներ:

կաղին

Հետաքրքիր փաստեր [խմբագրել]

  • Արաքսյան և ծակոտիկավոր կաղնիները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
  • Կաղնին հայոց մեջ ընկալվել է նաև որպես սրբազան ծառ, երկարակեցության, ուժի և հզորության խորհրդանիշ:[1]:
  • Կաղնին պատկերված է շատ երկրների և քաղաքաների դրոշների վրա:

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Դպրոցական Մեծ Հանրագիտարան