Լյարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու լյարդը
Մարդու հիմնական ներքին օրգանները, տեսքը առջևից, լյարդ - 4
Առնետի լյարդ
Ոչխարի լյարդ

Լյարդը (hepar) գեղձային օրգան է (մոտ 1500գ): Լյարդի մեջ մշակված լեղին ծորանով լցվում է տասներկումատնյա աղիքի մեջ: Լյարդը տեղավորված է անմիջապես ստոծանու տակ, որովայնի խոռոչի վերին մասի աջ կողմում: Չափահասի օրգանիզմում լյարդը անցնում է միջին գծից ձախ, նորածնի օրգանիզմում այն գրավում է որովայնի խոռոչի մեծ մասը և հավասար է մարմնի կշռի 1/20-ին, իսկ չափահասինը իջնում է մոտավորապես 1/50-ի։

Լյարդն ունի երկու երես և երկու եզր: Վերին կամ ավելի ճիշտ, վերին-առաջային կամ ստոծանիական երեսը(facies diaphragmatica, facies superator(BNA)), կոր է, համապատասխանում է ստոծանու գոգությանը, որի մեջ նա տեղավորված է , ստորին երեսը կամ ընդերային ( facies visceralis, inferior(BNA)) ուղղված է ցած ու հետ և իր վրա կրում է մի շարք պճեր, որոնք գոյացել են նրան հպվող որովայնի օրգանների ճնշումից: Վերին և ստորին երեսները միմյանցից բաժանվում են սուր առաջային եզրով՝ margo inferior s. anterior: Լյարդի մյուս՝ վերին-հետին եզրը, ընդհակառակը, այնքան բութ է, որ կարելի է դիտել իբրև լյարդի հետին երես(facies posterior hepatis)։

Լյարդը բաժանվում է երկու բլթերի՝ մեծ՝աջ(lobus dexter) և փոքր՝ ձախ(lobus sinister): Բլթերը բաժանող սահմանագիծը լյարդի վերին կոր երեսի վրա՝ համապատասխանում է մանգաղաձև կապանի կպման գծին: Այս կապանի ազատ եզրի մեջ կան մի պինդ ներդակազմ կապան, որը գալիս է պորտից(umbilicus) և իրենից ներկայացնում է խցանված պորտային երակի (vena umbilicialis) մնացորդը: Լյարդի աջ բլիթը ներքևի կողմից երկու ակոսներով կամ փոսություններով ենթաբաժանվում է երկրորդական բլթերի: Ակոսներից մեկը զուգահեռ է ձախ սագիտալ փոսությանը և կոչվում է աջ ակոս կամ փոսություն(fossa sagittalis dextra): Այդ փոսի առաջային մասում տեղավորված է լեղապարկը(vesica biliaris), որի պատճառով փոսությունը կոչվում է լեղապարկի փոսություն (fossa vesicare biliaris): Այն խոր լայնաձիգ ակոսը, որը միացնում է պորտային երակի փոսի (fossa venae umbilicalis) ու լեղապարկի փոսության (fossa vesicae fellea) հետին ծայրերը, կոչվում է լյարդի դրունք(porta hepatis): Լյարդի դրունքի միջով մտնում են լյարդային զարկերակը (a. hepatica) և դռներակը(v.portae)՝ իրենց ուղեկցող նյարդերով ու անոթներով, և դուրս են գալիս ավշային անոթներն ու լյարդի ընդհանուր ծորանը( ductus hepaticus communis), որը լյարդից արտազատում է լեղին: Լյարդի մեծ մասը ծածկված է որովայնամզով, բացառություն է կազմում անմիջապես ստոծանուն ուղղված հատվածը:

Կազմությունը[խմբագրել]

Լյարդի շճաթաղանթի տակ գտնվում է բարակ ներդակազմ պատյանը(capsula fibrosa(Glissori)): Այն լյարդի դրունքի շրջանում հաստանում է և անոթների հետ մտնում լյարդի պարենքիմայի մեջ: Այստեղ նա վերածվում է բարակ շարակցական միջնորմների, որոնք շրջապատում են լյարդի բլթակները(lobuli hepatis) Այդ բլթակները, որոնցից կազմված է լյարդի պարենքիման, ունեն 1-2մմ տրամագիծ: Մարդու լյարդի բլթակները թույլ կերպով են բաժանված միմյանցից, բայց մի քանի կենդանիների, օրինակ, խոզերի լյարդի բլթակների շարակցահյուսվածքային անջրպետները ավելի ուժեղ են արտահայտված։

Լյարդային բջիջները բլթակի մեջ խմբավորվում են սյուների (բալկաների) ձևով, որոնք բլթակի առանցքային մասի նկատմամբ դասավորվում են ճառագայթաձև: Բլթակները շրջապատված են միջբլթակային երակներով(venae interlobulares), որոնք դռներակի ճյուղերն են, և միջբլթակային զարկերակների ճյուղերն են: Լյարդային բլթակները կազմող լյարդային բջիջների արանքներով անցնում են լեղատար ուղիները( ductuli biliferi): Բլթակից դուրս գալով, լեղատար ուղիները բացվում են միջբլթակային ծորանների(ductus interlobulares) մեջ, հավաքվում են լյարդի երկու ցողունի, ապա՝ մեկի մեջ: Աջ և ձախ ցողունների միաձուլումից գոյանում է լյարդի ընդհանուր ծորանը(ductus hepaticus communis-ը), որը լյարդից դուրս է տանում լեղին (fel կամ bilis): Բլթակների միջև գտնվում են ցանց կազմող ցանցանման(ռետիկուլային) ներդերը, որոնք, ըստ երևույթին, հանդիսանում են լյարդի մազանոթների էնդոթելի ածանցյալները: Այդ էնդոթելը բաղկացած է աստղաձև բջիջներից (այսպես կոչված, կուպֆերյան բջիջներ), որոնք օժտված են ֆագոցիտար հատկություններով։

Մակրոսկոպիորեն լյարդի հյուսվածքը դեղնավուն է կամ կարմրադարչնագույն և տարբերվում է իր համեմատական բեկունությամբ, վնասվածքների դեպքում լյարդի ամբողջականությունը խանգարվում է այն դեպքերում, երբ մյուս օրգանները մնում են անվնաս, պատռվածքի մակերեսը բազմաթիվ բլթակների շնորհիվ ունի հատիկավոր տեսք:

Ֆունկցիան[խմբագրել]

Լյարդի ֆունկցիաները բազմազան են: Առաջին հերթին նա արտազատիչ օրգան է, արտադրում է լեղի և միզանյութ (վերջինս անցնում է արյան մեջ): Աղիքների լորձաթաղանթից ներծծված ածխաջրերը լյարդում փոխարկվում են գլիկոգենի (գլիկոգենի դեպո), որը ծախսվում է ըստ պահանջի (հատկապես մկանային աշխատանքի ժամանակ): Բացի այդ, լյարդում սաղմնային զարգացման շրջանում արտադրվում են էրիթրոցիտներ(արյունաստեղծում), իսկ լյարդի մազանոթների էնդոթելը և կուպֆերյան բջիջները օժտված են ֆագոցիտար հատկությամբ(ռետիկուլոէնդոթելային համակարգ), որը շատ կարևոր է աղիքներից ներծծված ազոտասպիտային փոխանակության և թունավոր արգասիքների վնասազերծման համար (լյարդի պատնեշային դերը):

Արտաքին հղումներ[խմբագրել]