Ֆագոցիտոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆագոցիտոզ (հին հունարեն՝ φαγεῖν - խժռել և κύτος - բջիջ), կենդանի բջիջների և անկենդան մասնիկների ակտիվ հափշտակումը և խժռումը միաբջիջ օրգանիզմներով կամ բազմաբջիջ կենդանիների հատուկ բջիջներով՝ ֆագոցիտներով։

Ֆագոցիտոզի երևույթը բացահայտել է Իլյա Մեչնիկովը, որը և պարզել է նշված գործընթացի դերը մարդու ու բարձրակարգ կենդանիների պաշտպանական, հատկապես բորբոքային և իմունիտետի, ռեակցիաներում։ Ֆագոցիտոզը մեծ դեր է կատարում վերքերի ապաքինման պրոցեսում։ Մասնիկներ կլանելու և մարսելու ընդունակությունն ընկած է պարզունակ օրգանիզմների սննդառության հիմքում։ Էվոլյուցիայի ընթացքում այդ հատկությունն աստիճանաբար անցել է սկզբում մարսողական, ապա շարակցական հյուսվածքի առանձին մասնագիտացված բջիջներին։

Մարդու և կաթնասունների ակտիվ ֆագոցիտներն են արյան նեյտրոֆիլները և ռեթիկուլա-էնդոթելային համակարգի բջիջները, որոնք ընդունակ են վերածվելու ակտիվ մակրոֆագերի։ Նեյտրոֆիլները ֆագոցիտում են մանր (բակտերիաներ են), իսկ մակրոֆագերը՝ ավելի մեծ (մեռած բջիջներ, դրանց մահերը և այլն) մասնիկներ։ Մակրոֆագերը կարող են կլանել նաև օրգանիզմ ներթափանցած ներկանյութերի և կոլոիդային նյութերի բացասական լիցքավորված մասնիկները։ Մանր կոլոիդային մասնիկների կլանումը կոչվում է ուլտրաֆագոցիտոզ կամ կոլոիդոպեքսիա։

Ֆագոցիտոզը պահանջում է էներգիայի ծախս, այն կապված է բջջի թաղանթի և մեծ քանակությամբ հիդրոլիզային ֆերմենտներ պարունակիդ ներբջջային օրգանոիդների՝ լիցոսոմների ակտիվության հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png