Իմունիտետ
Իմունիտետ, օրգանիզմի անընկալությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Դրա շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց: Տարբերվում են բնական և արհեստական իմունիտետ: Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ: Այն տեսակային է` բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր անհատներին: Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ: Այդ դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ: Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտցվում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները` պատվաստուկների ձևով: Այդպիսի պատվաստումը, որը կոչվում է վակինցիա, հիվանդություն չի առաջացնում, բայց պահպանում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը: Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ: Իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար: