Աչք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1. Հետին խցիկ
2. Ատամնավոր եզր
3. Թարթչային մկան
4. Թարթչային գոտի
5. Անցուղի
6. Ոսպնյակ
7. Առջևի խցիկ
8. Եղջերաթաղանթ
9. Ծիածանաթաղանթ
10. Ոսպնյակիի կեղևը
11. Ոսպնյակիի միջուկը
13. Շաղկապենի
14. Ստորին շեղ մկան
15. Ստորին ուղիղ մկան
16. Մեդիալ ուղիղ մկան
17. Ցանցաթաղանթի զարկերակներ և երակներ
18. Կույր բիծ
19. Կարծր ուղեղային թաղանթ
20. Ցանցաթաղանթի կենտրոնական զարկերակ
21. Ցանցաթաղանթի կենտրոնական երակ
22. Տեսողական նյարդ
23. Զարկերակ
24. Ակնագնդի բնապատյան
25. Դեղին բիծ
26. Կենտրոնական փոսիկ
27. Սկլերա
28. Անոթաթաղանթ
29. Վերին ուղիղ մկան
30. Ցանցաթաղանթ

Տեսողության նշանակությունը[խմբագրել]

Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 %-ն ընկալվում է տեսողությամբ։ Տեսողության շնորհիվ տարբերում ենք շրջապատի առարկաները, երևույթները, ընկալում սեփական մարմինը։ Տեսողությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության համար։ Հազարավոր տարիների ընթացքում կուտակված փորձը սերունդներին է փոխանցված գրքերի,գրավոր խոսքի միջոցով։ Տեսողության շնորհիվ մենք սովորում ենք գրել և կարդալ։ Բնության բազմազան գեղեցկությունները, քանդակագործությունը, ճարտարապետությունը, գեղանկարչությունը նույնպես ընկալվում են տեսողությամբ։ Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործունեության ընթացքում։ Հայտնի է, թե ինչպիսի համառ և երկարատև աշխատանք է պահանջվում կույր մարդուն հասարակական աշխատանքին մասնակից դարձնելու համար։ Մարդու աչքը կարող է տարբերակել 10 միլիոն գույն։

Աչքի կառուցվածքը[խմբագրել]

Աչքը (լատ.՝ oculus) տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինն է։ Այն կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը,կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց,արցունքագեղձերն արտազատում են արցունք,որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մենք կարողանում ենք փոխել հայացքի ուղղությունը։

Ակնագունդը գտնվում է գանգի ակնակապիճում։ Արտաքինից ակնագունդը պատված է սպիտակուցային թաղանթով, որը նրան տալիս է որոշակի ձև, պաշտպանում քիմիական, մեխանիկական ներգործություններից, օտար մասնիկների և մանրէների ներթափանցումից։ Սպիտակուցային թաղանթն աչքի առջևի մասում շարունակվում է որպես թափանցիկ եղջերաթաղանթ,որն անցկացնում է լույսի ճառագայթները։ Սպիտակուցային թաղանթի տակ գտնվում է արյունատար անոթներով և նյարդերով հարուստ անոթաթաղանթը,որի միջին մասը կազմում է թարթչային մարմինը, իսկ առջևի մասը՝ ծիածանաթաղանթը։ Այն գտնվում է եղջերաթաղանթի դիմաց և կարող է տարբեր գույն ունենալ, ինչը պայմանավորված է նրանում պարունակվող գունակի քանակով ու տեղաբաշխումով։ Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում։

Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։ Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է։ Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Ակնագնդի ներքին թաղանթը կոչվում է ցանցաթաղանթ։ Այն աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։

Առարկաների պատկերների ընկալումը
Ցանցաթաղանթի կառուցվածքը

Պատկերի ձևավորումը ցանցաթաղանթում[խմբագրել]

Առարկաներից լույսի ճառագայթներն անցնում են եղջերաթաղանթի, բբի, ակնաբյուրեղի և ապակենման մարմնի միջով, որոնք կազմում են ակնագնդի օպտիկական ապարատը։ Այդ միջավայրից յուրաքանչյուրում նրանք բեկվում են՝ փոխելով իրենց ուղղությունը։

Բնական տեսողություն ունեցող մարդկանց ակնագնդում բեկված ճառագայթներն ընկնում են ցանցաթաղանթի վրա և այնտեղ առաջացնում առարկայի փոքրացված և շրջված պատկերը։

Լույսի ազդեցությամբ ընկալիչներում առաջանում են ֆոտոքիմիական փոփոխություններ, որոնք նպաստում են նյարդային ազդակների առաջացմանը։ Վերջիններս տեսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի տեսողական գոտի, ուր տեղի է ունենում գրգիռների վերջնական տարբերակումը՝ առարկաների ձևը, գույնը, մեծությունը, շարժման ուղղությունը, տեղադրվածությունը տարածության մեջ և այլն։ Մենք չենք կարող միաժամանակ հստակ տեսնել մոտ և հեռու գտնվող առարկաները։ Ժամանակի յուրաքանչյուր պահին ակնաբյուրեղը փոխելով իր կորությունը հարմարվում է մոտ կամ հեռու գտնվող առարկաները տեսնելուն։ Մոտ առարկաները տեսնելիս ակնաբյուրեղի կորությունը մեծանում է, և ճառագայթները մեծ չափով են բեկվում։ Հեռու առարկաները դիտելիս ակնաբյուրեղը տափակում է, և ճառագայթները նրա միջով համեմատաբար քիչ են բեկվում։

Տեսողության խանգարումները[խմբագրել]

Տեսողության տարածված խանգարումներ են կարճատեսությունը և հեռատեսությունը, որոնք լինում են բնածին և ձեռքբերովի։ Բնածին կարճատես մարդկանց ակնագունդը երկարացած է, և աչքից հեռու գտնվող առարկաների պատկերներն առաջանում են ոչ թե ցանցաթաղանթի վրա,այլ նրա առջևի մասում։ Ձեռքբերովի կարճատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության մեծացման հետևանքով։ Այն կարող է առաջանալ ոչ ճիշտ նյութափոխանակության, աչքի հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում։ Կարճատես մարդկանց հեռու գտնվող առարկաների ուրվագծերն աղոտ են թվում։ Երկգոգավոր ոսպնյակներով ակնոցները փոքրացնում են լույսի ճառագայթների բեկումը, և առարկայի պատկերը տեղափոխվում է ցանցաթաղանթի վրա։

Բնածին հեռատեսության դեպքում ակնագունդը կարճացած է, որի պատճառով մոտ գտնվող առարկաների հստակ պատկերներն առաջանում են ցանցաթաղանթի հետևում։ Ձեռքբերովի հեռատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության փոքրացման հետևանքով։ Երկուռուցիկ ոսպնյակներով ակնոցները մեծացնում են ճառագայթների բեկումը և օգնում են մոտ գտնվող առարկաների պատկերը ցանցաթաղանթի վրա առաջանալուն։

Չի կարելի ինքնուրույն ակնոց ընտրել կամ օգտվել ուրիշի ակնոցից։ Դա կնպաստի տեսողության հետագա վատացմանը։

Առաջին օգնությունը աչքերը վնասվելու դեպքում[խմբագրել]

Անփութությունը, տնային կենցաղային սարքերից օգտվելու անկարողությունը կարող են աչքերի վնասվածքներ առաջացնել։ Աչքերի վնասվածքի պատճառ կարող են դառնալ նաև անզգույշ մեխելը, մետաղալար կտրելը։ Դպրոցական արհեստանոցներում աշխատելիս աշակերտները պետք է պահպանեն անվտանգության տեխնիկայի կանոնները։ Չի կարելի փչել փայտի սղոցունքը, քանի որ այն կարող է ընկնել աչքի մեջ և առաջացնել բորբոքումներ։ Աչքերի համար վնասակար աշխատանք կատարելիս անհրաժեշտ է օգտագործել հասարակ ապակիներ ունեցող ակնոցներ։

Աչքերի մեջ փշուր ընկնելու դեպքում նախապես լվանալ ձեռքերը, ապա փշուրը հեռացնել մաքուր խոնավ բամբակով կամ թաշկինակով։

Աչքի թաղանթների պատռվածքների դեպքում չի կարելի լվանալ աչքերը և փորձել հեռացնել օտար մարմինը։ Այդ դեպքում աչքի վրա դնել մաքուր վիրակապ և տուժածին տեղափոխել հիվանդանոց։ Աչքերի մեջ քիմիական նյութեր (թթու,հիմք) ընկնելիս 15-20 րոպեի ընթացքում աչքերը լվանալ հոսող ջրով,ապա դիմել բժշկի։

Տեսողության հիգիենան[խմբագրել]

Տեսողության խանգարումները կանխելու, շրջապատող միջավայրի վնասակար ներգործություններից աչքը պաշտպանելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի մի շարք կանոններ։

Հատկապես վտանգավոր է տետրերը, գրքերը, ասեղնագործությունը պահել աչքից 30 սմ-ից մոտ տարածության վրա, գրել կամ կարդալ ոչ նպաստավոր պայմաններում՝ բարձր սեղանի շուրջ, թույլ լուսավորվածության ժամանակ։ Այդպիսի դեպքերում աչքի մկանային ապարատը լարվում է, մեծանում է ակնաբյուրեղի կորությունը, առաջանում է արագ հոգնածություն, տեսողական ընկալման վատացում, որը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել կարճատեսություն։ Կարևոր է հետևել, որ լույսն աշխատատեղի վրա ընկնի ձախից։ Չափազանց վառ լուսավորվածությունը նույնպես վտանգավոր է. այն գրգռում է աչքի լուսաընկալիչ բջիջները և վնասում տեսողությունը։ Այդ պատճառով կենցաղում և արտադրության մեջ ուժեղ լույսի աղբյուրները ծածկում են կաթնապակյա լուսամփոփներով։ Տրանսպորտում կարդալը նույնպես վնասակար է։ Անընդհատ ցնցումներից թերթը կամ գիրքը մերթ հեռանում, մերթ մոտենում է աչքերին, որի հետևանքով ակնաբյուրեղի կորությունը փոքրանում կամ մեծանում է,թուլանում է թարթչամկանը, և տեսողությունը խանգարվում է։ Տեսողությանն անուղղելի վնաս է հասցնում պառկած կարդալու սովորությունը։

Տեսողության վրա վնասակար ներգործություն ունեն A վիտամինի պակասը, ոգելից խմիչքները, թմրանյութերը, ծխելը, հատկապես պատանեկան հասակում։ Ծխախոտի նիկոտինը և մյուս թույներն առաջացնում են տեսողական նյարդի վնասվածք։

Կեղտոտ ձեռքերից, ոչ մաքուր սրբիչից, ինչպես նաև քամու ժամանակ փոշու հետ աչքի մեջ կարող են ընկնել ախտահարույց մանրէներ և առաջացնել շաղկապենու բորբոքում՝ կոնյուկտիվիտ։ Աչքի վարակիչ հիվանդություններն առաջացնում են տեսողության վատացում, իսկ երբեմն էլ՝ կուրություն։

Բնականոն տեսողություն
Հեռատեսություն
Կարճատեսություն
Մարդու աչքը
Ցանցաթաղանթի կառուցվածքը
Մարդու աչքը սև-ապիտակ տեսանկյունից