Ավիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավշաշրջանառություն
Ավշային անոթներ
Ավշային հանգույց
Ավիշ

Ավիշը (լատ.՝ lympha-մաքուր ջուր) հեղուկ շարակցական հյուսվածքի տարատեսակ է։

Հիմնական տեղեկատվությունը[խմբագրել]

Միջբջջային հեղուկից ջուրը և որոշ նյութեր անարգել անցնում են հյուսվածքներում սկիզբ առնող ավշային մազանոթների մեջ և վերածվում ավշի։ Ավիշը կաթնասպիտակավուն հեղուկ է։ Նրա բաղադրության մեջ կան ամինաթթուներ, սպիտակուցներ, ածխաջրեր , ճարպեր, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, նյութափոխանակության արգասիքներ։ Սակայն սպիտակուցների պարունակությունը ավշի մեջ 3-4 անգամ փոքր է, քան արյան մեջ։ Ավշի մեջ կան նաև լեյկոցիտներ, որոնք վնասազերծում են նրա մեջ թափանցած օտարածին մասնիկները և թունավոր նյութերը։ Տարբեր օրգաններից հոսող ավշի բաղադրությունը միանման չէ։ Օրական արյան մեջ է ներթափանցում 2-3 լ ավիշ։

Ֆունկցիաները[խմբագրել]

Ավիշն օժտված է մի շարք ֆունկցիաներով, նպաստում է հյուսվածքային հեղուկի և բջիջների միկրովիջավայրի ծավալի ու բաղադրության հաստատունությանը, մասնակցում հյուսվածքների միջև հեղուկների վերաբաշխմանը, հյուսվածքներից հեռացնում է նյութափոխանակության արգասիքները, նպաստում նյութափոխանակության կարգավորմանը, փոխադրում սննդարար և կենսաբանորեն ակտիվ նյութեր։ Ավշի մեջ պարունակվող լեյկոցիտները և հակամարմինները նպաստում են օրգանիզմի իմունիտետի իրականացմանը։

Ավշաշրջանառություն[խմբագրել]

Օրգանիզմում արյունատար համակարգից բացի գոյություն ունի ավշային համակարգ։ Այն սկսվում է օրգաններում փակ մազանոթների ճյուղավորված ցանցից, որոնց պատերը օժտված են բարձր թափանցելությամբ։ Ձեզ արդեն հայտնի է, որ ավիշը առաջանում է հյուսվածքային հեղուկից և շարժվում է ավշային անոթներով և լցվում արյան մեջ։ Ավշի շարժման այս ուղին անվանում են ավշաշրջանառություն։

Ավշային մազանոթներով ներթափանցված են բոլոր հյուսվածքներն ու օրգանները, բացառությամբ գլխուղեղի, ողնուղեղի, վերնամաշկի, ոսկրային հյուսվածքի։ Ավշային մազանոթները միանալով առաջացնում են ավշային անոթներ, որոնց պատերին կան ավշի հետհոսքը արգելակող փականներ։ Ավիշը հոսում է շատ դանդաղ, ավշային խոշոր անոթներում նրա շարժման արագությունը կազմում է 0,25-0,3 մմ/վրկ։

Ավշային անոթների ճանապարհին գտնվում են ավշային հանգույցներ, որոնք շուրջ 460 հատ են։ Հանգույցները կատարում են պատնեշային ֆունկցիա։ Այստեղ վնասազերծվում են բակտերիաներ, օտարածին մարմիններ։ Ավշային հանգույցներում կան մեծ քանակով լիմֆոցիտներ, որոնք մասնակցում են օրգանիզմի իմունային ռեակցիաներին։ Ավշային բոլոր անոթները միանալով առաջացնում են կրծքային երկու ծորաններ, որոնք պարանոցի սահմանում թափվում են խոշոր երակների մեջ։ Դրա շնորհիվ նորից արյուն է վերադառնում հյուսվածքներ մտնող հեղուկը։ Ավշի շարժմանը նպաստում է կրծքավանդակի ծավալի մեծացումը ներշնչելիս, որի շնորհիվ ավշային կրծքային ծորանը լայնանում է, և տեղի է ունենում ավշի ներծծում արյան մեջ։ Ավշի շարժմանը նպաստում են նաև կմախքային մկանների կծկումները քայլելիս, աշխատանքի կատարելիս։

Տես նաև[խմբագրել]