Իմուն համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրցագեղձ
Նշիկներ
Փայծաղ (ձիու)
Ավշային հանգույց
Կարմիր ոսկրածուծ

Իմուն համակարգ, օրգանների, հյուսվածքների և բջիջների մասնագիտացված համակարգ է, որը պաշտպանում է օրգանիզմը գենետիկորեն օտար ինֆորմացիա կրող նյութերից և կենդանի մարմիններից(այդ թվում միկրոօրգանիզներ, նրանց կողմից արտադրվող թույներ, օտար բջիջներ և հյուսվածքներ, ինչպես նաև գենետիկորեն փոփոխված սեփական բջիջներ, օրինակ ուռուցքային)՝ ապահովելով դրանց նկատմամբ օրգանիզմի անընկալությունը՝ իմունիտետը: Ելնելով դրանից, իմուն համակարգի ֆիզիոլոգիական ֆունկցիայի յուրահատկությունը կայանում է օնտոգենեզի ընթացքում օրգանիզմի ներքին միջավայրի գենետիկ կայունության ապահովման մեջ: Տվյալ օրգանիզմի համար գենետիկորեն օտար ամեն ինչ հեռացվում է նրա իմուն համակարգի միջոցով:

Իմունի համակարգի հատկությունները[խմբագրել]

Իմուն համակարգը բարձր մասնագիտացված համակարգ է և օժտված է մի շարք յուրահատկություններով, որոնք չեն կրկնվում յալ օրգան-համակարգերում: Հետևյալ ֆենոմենները հանդիսանում են իմուն համակարգի հիմնական հատկությունները՝

  • բարձր սպեցիֆիկություն, որը դրսևորվում է կոնկրետ հակածնի հետ այն հակամարմնի ընտրողական կապումով, որը սինթեզվել է հենց այդ հակածնի հանդեպ
  • բարձր զգայունություն՝ հակածնի ճանաչումը տեղի է ունենում մոլեկուլյար մակարդակում: Հակածնի և հակամարմնի հայտնաբերման վրա հիմնված հետազոտության մեթոդների(իմունոֆերմենտային, ռադիոիմունային) կիրառման դեպքում հնարավոր է հայտնաբերել հետազոտվող նյութի պիկոգրամ կշռող մասնիկները:
  • իմունոլոգիական անհատականություն՝ յուրաքանչյուր օրգանիզմին բնորոշ է գենետիկորեն կարգավորվող իմուն պատասխանի տիպը:

Իմուն համակարգի բաժինները[խմբագրել]

Իմուն համակարգի օրգաններից են ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները, շիկներն ու աղիների պատերում գտնվող ավշանման հյուսվածքի կուտակումները, ավշային կծիկները։ Ուրցագեղձն ու ոսկրածուծը համարվում են իմուն համակարգի կենտրոնական օրգաններ, իսկ մնացածները կազմում են ծայրամասային օրգանները։

Ոսկրածուծ[խմբագրել]

Ոսկրածուծն արյունաստեղծ օրգան է և միաժամանակ պատկանում է իմուն համակարգին։ Չափահաս մարդու ոսկրածուծի զանգվածը մոտավորապես 2,5-3 կգ է։ Տարբերում են կարմիր ու դեղին ոսկրածուծ։ Կարմիր ոսկրածուծը տեղավորված է տափակ ոսկրերի սպունգանման նյութի խորշիկներում ու երկար խողովակավոր ոսկրերի գլխիկներում։ Այստեղ գտնվում են արյան բոլոր ձևավոր տարրերին սկիզբ առնող ցողունային բջիջները։ Ոսկրածուծում են զարգանում նաև լիմֆոցիտները, որոնք արյան հունով ընթանում են դեպի իմուն համակարգի այլ օրգաններ, որտեղ նրանց մի մասը տարբերակվում է։ Ուրցագեղձում մասնագիտացող լիմֆոցիտներն այդ գեղձը լատիներեն անվան առաջին տառով կոչվում են T լիմֆոցիտներ։ Փայծաղում, ավշային հանգույցներում մասնագիտանում են B լիմֆոցիտները։

Փայծաղ[խմբագրել]

Փայծաղն ավշային օրգան է, գտնվում է որովայնի խոռոչի ձախ ենթակողային շրջանում։ Փայծաղում առաջանում են լիմֆոցիտներ։ Այն համարվում է էրիթրոցիտների «գերեզմանատուն», ուր արյունն ազատվում է ծերացած ձևավոր տարրերից։ Լյարդի ու մաշկի հետ միասին այն ծառայում է որպես արյան պահուստային օրգան։

Ուրցագեղձ[խմբագրել]

Ուրցագեղձը ներզատական գեղձ է, լինելով արյունաստեղծ օրգան, պատկանում է իմուն համակարգին։ Այն գտնվում է կրծոսկրի հետևում, երկու թոքերի արանքում։ Մինչև 20 տարեկանը ուրցագեղձի զանգվածը կազմում է 25-30 գ, այնուհետև սկսում է աստիճանաբար փոքրանալ՝ հասնելով 10-15 գ։ Ինչպես արդեն նշվեց, ուրցագեղձում տարբերակվում են T լիմֆոցիտները, ուստի ուրցագեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում զարգանում է թերվարակամերժություն։

Ավշահանգույցներ[խմբագրել]

Ավշահանգույցները արյուն կլորավուն, ձվաձև, սիսեռանման, 1-20 մմ մեծությամբ վարդամոխրագույն գոյացություններ են, պատված շարակցահյուսվածքային պատյանով, իսկ ներսում գտնվում է կեղևային ու միջուկային նյութը։ Կեղևային նյութի բշտիկներում պարունակվում են մեծ քանակով լիմֆոցիտներ։ Ավշահանգույցները մասնակցում են արյունաստեղծմանը, օրգանիզմի պաշտպանական ռեակցիաներին, ինչպես նաև ապահովում են ավշի հոսքը։

Նշիկներ[խմբագրել]

Նշիկները կազմված են ավշային հյուսվածքից, որոնց մեջ առանձնացնում են բջիջների կուտակումներ ավշային հանգույցներ։ Տարբերում են լեզվային, ըմպանային, քմային ու փողային նշիկներ, որոնք միմյանց հետ կապված են ավշանոթներով ու կազմում են ըմպանային օղակ։ Նշիկները կարևոր ուղեկալներից են, որոնք դիմակայում են քթախոռոչով և բերանով ներթափանցած մանրէներին։

Ավշային կծիկներ[խմբագրել]

Ավշային կծիկները գտնվում են մարսողական ու շնչառական համակարգերի օրգանների լորձաթաղանթում։ Նրանք կարևոր դեր ունեն սննդի և օդի հետ ներթափանցած մանրէների, օտարածին մարմինների ու թույների չեզոքացման գործում։ Կույր աղիքի որդանման ելունում գտնվում են խմբային ավշային կծիկներ։

Իմուն համակարգի անբավարարություններ[խմբագրել]

Իմուն համակարգի անբավարարությունները լինում են բնածին, ձեռքբերովի ու հրահրված։ Բնածին անբավարարությունները դրսևորվում են ծնվելու պահից սկսած։ Օրինակ, կարող է նկատվել ուրցագեղձի ձևափոխում, լիմֆոցիտների սինթեզի խախտում։ Ձեռքբերովի անբավարարություն է լեյկոցիտների քանակի նվազումը, որը կարող է առաջանալ ռենտգենյան ճառագայթների և ուրիշ գործոնների ազդեցությամբ։ Ձեռքբերովի է նաև ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ)։ Այդ հիվանդության հարուցիչը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) առաջին անգամ անջատվել է 1983 թ.։ Այն հանդիպում է վիրուսով վարակված մարդու արյան, կենսական այլ հեղուկների մեջ և փոխանցվում արյան միջոցով ու սեռական ճանապարհով։ Հիմնականում վիրուսով վարակվում են T լիմֆոցիտներն ու քայքայվում, որի հետևանքով մարդը ձեռք է բերում իմուն անբավարարություն։ Վարակված մարդը վիրուսի առկայությամբ դառնում է շիճուկադրական։ Նրա իմուն համակարգը վիրուսի նկատմամբ մշակում է մենահատուկ հակամարմիններ, որոնք որոշվում են հատուկ մեթոդներով։ Ախտորոշվում է մարդու վարակվածությունը նույնիսկ այդ դեպքում, երբ հիվանդության ախտանշանները չեն դրսևորված, ուստի այդ անձը վարակիչ է։ Իմուն համակարգի անբավարարության հետևանքով հիվանդները չեն կարողանում պայքարել այլ հարուցիչների դեմ։ Հիմնականում ախտահարվում են թոքերը, մարսողական, նյարդային համակարգերը, մաշկը։

Իմուն համակարգի հրահրված անբավարարությունը կարող է դրսևորվել օրգանների փոխպատավաստման ժամանակ, երբ հարկ է լինում ռեցիպիենտի (ընդունող օրգանիզմի) իմուն ռեակցիաները ճնշելու նպատակով օգտագործել համապատասպան դեղորայք։ Իմուն համակարգի անբավարարություն ունեցող հիվանդներին բուժելու նպատակով նրանց տեղավորում են ախտահանված սենյակում ու կատարում նախազգուշական շիճուկաբուժություն։

Տես նաև[խմբագրել]