Փայծաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փայծաղ
Illu spleen.jpg
Horse spleen laparoscopic.jpg
Ձիու փայծաղը
Զարկերակ Փայծաղի զարկերակ
Երակ Փայծաղի երակ
Նախասկզբնակ = ՄԵզենքիմա

Փայծաղ (լատ.՝ lien) անոթներով հարուստ ավիշային օրգան է: Փայծաղում արյունատար համակարգը սերտ հարաբերության մեջ է ավշային հյուսվածքի հետ, որի շնորհիվ արյունը այստեղ հարստանում է նրա մեջ գոյացող լեյկոցիտների թարմ պաշարով: Բացի այդ, փայծաղի միջով անցնող արյունը այդ օրգանի ցանցավոր հյուսվածքի բջիջների բջջակներ(ֆագոցիտային) գործունեության շնորհիվ ազատվում է արյան հնացած կարմիր մարմնիկներից (էրիթրոցիտների գերեզմանատուն) և արյան հունի մեջ ընկած ախտածին միկրոբներից, կախյալ օտար և այլ մարմիններից:

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Փայծաղի մեծությունը արյան անոթների շատության շնորհիվ միևնույն անհատի մոտ կարող է զգալիորեն փոփոխվել` անոթների լցվածության աստիճանից կախված: Նրա երկարությունը 12 սմ է, լայնությունը` 8 սմ, հաստությունը` 3-4 սմ, քաշը` 170գ(100-200): Մարսողության ժամանակ փայծաղը մեծանում է: Փայծաղի գույնը մակերեսին մուգ-կարմիր է`մանուշակագույն նրբերանգով:

Փայծաղը նման է սուրճի հատիկի: Փայծաղի վրա կարելի է տարբերել երկու երես (facies diaphragmatica և facies visceralis), երկու եզր (առաջային ու հետին) և երկու ծայր(վերին ու ստորին):

Փայծաղը տեղավորված է ձախ թուլակողում` IX-XI կողերի մակարդակի վրա, երկայնակի առանցքը ուղղված է վերևից ներքև և դեպի դուրս ու քիչ առաջ, գրեթե զուգահեռ ստորին կողերի հետին հատվածներին: Նրա վերին ծայրը գտնվում է IX կրծքային ողնի բարձրության վրա, 3 սմ ողնաշարից դուրս ստորին ծայրն իջնում է մինչև I և II գոտկային ողների մակարդակը:

Որովայնամիզը փայծաղի պատյանին ձուլվելով, բոլոր կողմերից ծածկում է նրան, բացի դրունքից:

Ներքին կառուցվածք[խմբագրել]

Բացի շճային ծածկույթից, փայծաղն ունի նաև սեփական շարակցականերդակազմ և առաձիգ ներդերով խառը մի պատյան (capsula propria), պատյանը իր խորանիստ շերտերում պարունակում է հարթ մկանաթելերի ցրված խրձեր: Այն ձողիկների ձևով շարունակվում է օրգանի հաստության մեջ, որը առանձնապես արտահայտված է դրունքի շրջանում, որտեղ ձողիկների հետ միասին գեղձի հաստության մեջ են մտնում անոթներ ու նյարդեր: Ձողիկները և շարակցական հյուսվածքը, անոթների հետ միասին թափանցելով օրգանի հաստության մեջ, տալիս են բազմաձև ճյուղավորումներ և միանում են` կազմելով փայծաղի հենքը, որը բաժանում է օրգանը առանձին, ոչ խիստ սահմանազատումներով մասերի: Ձողիկների արանքներում գտնվում է փայծաղի միջուկը կամ կակղանը (պուլպա): Միջուկը թարմ կտրվածքի վրա ունի մուգ կարմրավուն գույն, նրա մեջ երևում են ավելի բաց ներկված հանգուցիկներ` մալպիգյան մարմնիկներ (corpuscular Malpighalis follicull lymphatici lienales):

Վերջիններս կլոր կամ ձվաձև, մոտ 0.36 մմ տրամագծով ավշային գոյացություններ են, նստած զարկերակային ճյուղերի պատերի վրա: Կակղանը բաղկացած է ցանցավոր հյուսվածքից կազմված մի ցանցից (reticulum), որի կանթերը լցված են զանազան բջջային տարրերով` լիմֆոցիտներով ու լեյկոցիտներով. արյան կարմիր մարմնիկներով(որոնց մեծ մասն արդեն քայքայվել է) և գունակի հատիկներով:

Լրացուցիչ փայծախներ[խմբագրել]

Հաճախ փայծաղի առաջային եզրի կամ դրունքի մոտ հանդիպում են 1-2 կլորավուն գոյացություններ (մի դեպքում գտնվել է 23 հատ), որոնք լինում են սիսեռի մեծությունից մինչև հունական ընկույզի մեծության և իրենց կառուցվածքով նման են փայծաղին (lien accessoris): Նրանցից շատերը, սակայն, մալպիգյան մարմնիկներ չունեն և ավելի շուտ կարելի է համարել հեմոլիմֆատիկ հանգույցներ:

Հեմոֆիլատիկ հանգույցներ[խմբագրել]

Հեմոլիմֆատիկ հանգույցներ (nodi hemolyphatici), մարդկանց օրգանիզմում անկայուն գոյացություններ են (գլխավորապես հանդիպում են մանկական տարիքում), ընկած են որովայնի աորտայի վրա, իսկ երբեմն էլ` պարանոցի խորանիստ ավշահանգույցների արանքը: Նրանք, հավանաբար, իրենցից ներկայացնում են ձևափոխված ավշային հանգույցներ, որոնց մեջ շրջանառում է զարկերակներով բերվող և երակներով արտահոսող արյունը: Նրանց ֆունկցիան է էրիթրոցիտների քայքայումը. փայծաղը հեռացնելուց հետո նրանց թիվը կոմպեսատոր կերպով շատանում է: