Որովայնի խոռոչ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստամոքսից սկսած մարսողական ուղու բոլոր բաժինները, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հետ, ինչպես նաև փայծաղն ու միզասեռական համակարգը տեղավորված են որովայնի խոռոչում:
Որովայնի խոռոչ (cavitas abdominis) է կոչվում ստոծանուց ցած գտնվող տարածությունը, որն ամբողջովին լցված է որովայնի օրգաններով: Ստոծանին, ծառայելով որպես որովայնի խոռոչի վերին պատ, բաժանում է այն կրծքայինից: Որովայնի խոռոչը ենթաբաժանվում է բուն որովայնի և կոնքի խոռչների (cavum pelvis):
Որովայնի խոռոչը ծածկված է որովայնամիզ (peritoneum) կոչվող շճաթաղանթով, որը մասամբ անցնում է որովայնի օրգանների վրա: Որովայնի պատերը ծածկող մասը կոչվում է առպատային որովայնամիզ (peritoneum parietale), իսկ օրգանները ծածկող մասը` ընդերային որովայնամիզ(peritoneum viscerale): Առպատային և ընդերային թերթիկների միջև գոյանում է մի ճեղքանման տարածություն, որը կոչվում է որովայնամզի խոռոչ (cavum peritonel): Վերջինս պետք է տարբերել ընդհանուր որովայնի խոռոչից: Որովայնի խոռոչի օրգաները` զարգանալով որովայնամզի և որովայնի խոռոչի պատերի(գլխավորապես հետին պատի) արանքում, իրենց աճի ժամանակ պատից հեռանում, ներաճում են որովայնամզի մեջ և ձգտում նրան իրենց հետ, այնպես, որ օրգանի և պատի միջև գոյանում է շճամզային երկու թերթիկներից բաղկացած մի ծալք:Որովայնամզի նման ծալքերը, որոնք որովայնի խոռոչի պատից անցնում են աղիքային խողովակի մի մասի վրա, կոչվում են միջընդերք (mesenterium), իսկ պատից դեպի որևէ օրգանի վրա անցնող մասը (օրինակ, լյարդը)` կապաններ (ligamentum): Եթե օրգանը ամեն կողմից ծածկված է որովայնամզով, ասում են ունի ներորովայնամզային (ինտրապերիտոնեալ) դիրք (օրինակ, նրբաղին), եթե երեք կողմից է ծածկված որովայնամզով (մի կողմից ծածկ չունի, օրինակ, լյարդը)` միջորովայնամզային (մեզոպերիտոնեալ) դիրք, իսկ եթե ծածկված է միայն առջևից` արտաորովայնամզային (էքստրապերիտոնեալ) դիրք (օրինակ՝ երիկամը):