Քիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քթի կառուցվածքը:

Քիթ (լատ.՝ Nasus), մարդու և ողնաշարավոր կենդանիների շնչառական ուղիների սկզբնական հատվածն է։

Կառուցվածք[խմբագրել]

Տարբերում են արտաքին քիթ և քթի խոռոչ, որոնք կազմում են մի ամբողջություն և ծառայում որպես շնչառական օրգան։ Արտաքին քիթը հատուկ է միայն մարդուն։ Այն կազմված է մկաններով ու մաշկով ծածկված ոսկրաաճառային կմախքից։ Աճառային մասն ապահովում է քթի շարժունությունը։ Արտաքին քիթը բաղկացած է 3 մասից՝ քթի արմատ, մեջք և ծայր։ Քթի ստորին կողմնային մասերը կոչվում են քթի թևեր։ Քթի խոռոչում են գտնվում հոտառական նյարդերի վերջույթները, ուստի քիթը հոտառության օրգան է։ Քթի խոռոչը միջնապատով բաժանվում է 2 կեսի և արտաքին միջավայրի հետ հաղորդակցվում է քթանցքերով, իսկ քիթըմպանի հետ՝ հետին բացվածքների (խոաններ) միջոցով. օդն անցնում է ըմպան, ապա՝ կոկորդ։ Քթի խոռոչի ստորին պատը (կամ հատակը) կազմում են կարծր քիմքի ոսկրերը, իսկ վերինը (կամ տանիքը) մաղանման նուրբ ոսկրաթիթեղ է (մաղոսկր), որի անցքերով անցնում են հոտառական նյարդի ճյուղերը։ Քթի միջնապատը կազմում է խոռոչի աջ ու ձախ մասերի ներքին պատերը։ Կողմնային պատերին կան գրեթե հորիզոնական ուղղությամբ տեղադրված քթային խեցիներ (ստորին, միջին և վերին), որոնք քթի խոռոչի աջ ու ձախ կեսերը բաժանում են քթային անցուղիների (վերին, միջին, ստորին)։ Վերին և միջին անցուղիների փոքր բացվածքներով քթի խոռոչը հաղորդակցվում է քթի հավելյալ 4 զույգ ծոցերի (հայմորյան, ճակատային, սեպոսկրային և ծակոտկեն մաղոսկրային) հետ։

Ֆունկցիաներ[խմբագրել]

Շնչառական սկզբնական օրգան։ Արտաքին անցուղում է քթարցունքային խողովակի բացվածքը, որով արցունքները հոսում են քթի խոռոչ։ Քթի խոռոչի բոլոր պատերը, խեցիներն ու հարքթային ծոցերը պատված են լորձաթաղանթով, որի էպիթելի թարթիչները շարժվում են խոանների ուղղությամբ՝ կլանելով փոշու հատիկները։ Օդում պարունակվող քիմիական նյութերը լուծվում են քթի ներքին մակերևույթի նյարդային վերջույթները ծածկող հեղուկում։ Քիմիական ներգործությունն ընկալելով՝ ընկալիչները (ռեցեպտորներ) ազդանշաններ են ուղարկում գլխուղեղ և այդպիսով ապահովում հոտառական զգացողությունը։ Մարդաբանության մեջ, անձի նույնականացման բնագավառում, կարևոր նշանակություն ունի արտաքին քթի ձևի ուսումնասիրությունը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png