Ենթաստամոքսային գեղձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու բարակ աղիքն ու ենթաստամոքսային գեղձը (ստամոքսը հեռացված է)

Ենթաստամոքսային գեղձը (pancreas) ընկած է ստամոքսի հետևը՝ որովայնի խոռոչի հետին պատին մոտ իր ձախ մասով մտած է ձախ ենթակողի մեջ։ Հետևից նա հպվում է ստորին սիներակին, իսկ ձախից՝ երիկամային երակին և որովայնային աորտային։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ(caput), մարմին (corpus) և պոչ(cauda)։ Գեղձի գլխիկը ընդգրկված է տասներկումատնյա աղիով և գտնվում է գոտկային I և II ողների վերին մասերի մակարդակին։ Նա տափակած է առաջ-հետին ուղղությամբ, ընդ որում գլխիկի ու մարմնի սահմանում կա մի խոր կտրուճ՝ incisura pancreatic, որի մեջ պառկած են a և v. mesentericae superiors-ը, իսկ երբեմն նաև՝ նեղացած մաս՝ վզիկի ձևով։

Պրիզմայաձև մարմինը ունի երեք երես՝ առաջային, հետին և ստորին։

Գեղձը աջից ձախ մի փոքր բարձրանում է, այնպես որ նրա պոչը ընկած է ավելի բարձր, քան գլխիկը, և մոտենում է փայծաղի ստորին մասին։ Ենթաստամոքսային գեղձը պատյան չունի, որի պատճառով աչքի է ընկնում նրա բլթակավոր կազմությունը։ Գեղձի ընդհանուր երկարությունը 12-15 սմ է։ Որովայնամիզը ծածկում է ենթաստամոքսային գեղձը առաջային և ստորին երեսները, իսկ նրա հետին երեսը բոլորովին զուրկ է նրանից։ Շճամզային ծածկը անցնում է ենթաստամոքսային գեղձի վրա 2 թերթիկների ձևով, ընդ որում շճային թերթիկները կպչում են ենթաստամոքսային գեղձի առաջային եզրին և նորից բաժանվում են 2 թերթիկների՝ մեկը ծածկում է գեղձի առաջային երեսը և անցնում է ստոծանու վրա, իսկ մյուս ստորին երեսը և դառնում է լայնական աղիքի միջընդերքը։

Ենթաստամոքսային գեղձի արտատար ծորանը՝ ductus pancreaticus(Wirsungi) անցնում է գեղձի հաստության միջով ձախից դեպի աջ, իր ճանապարհին նա ընդունում է բազմաթիվ ճյուղեր, որոնք բացվում են նրա մեջ, գրեթե ուղիղ անկյունով։ Բացի գլխավոր ծորանից, գրեթե միշտ լինում է ենթաստամոքսային գեղձի հավելյալ ծորան (ductus pancreaticus accessories (Santorini)), որը գեղձի գլխիկի մոտ առանձնանում է գլխավոր ծորանից և բացվում է տասներկումատնյա աղիի փոքր պտկիկի վրա (apailla duodeni minor), մոտ 2 սմ մեծ պտկիկից բարձր։ Երբեմն նկատվում են հավելյալ ենթաստամոքսային գեղձի գոյության դեպքեր(pancreas accessorium)։

Կազմություն[խմբագրել]

Ենթաստամոքսային գեղձը իր կազմությամբ նման է բշտային կամ բշտա-խողովակավոր թքագեղձի կազմությանը։ Նա բաղկացած է 2 մասից՝ գլխավոր զանգվածը ունի արտազատիչ ֆունկցիա՝ իր արտազատուկը արտատար ծորաններով տանելով սկզբնաղիքի մեջ։ Գեղձի փոքր մասը, այսպես կոչված, Լանգերհանսի կղզյակների (insula Langerhansi) ձևով, պատկանում է ներզատիչ գոյացություններին, որոնք արյան մեջ են լցնում ինսուլին կոչվող հորմոնը, որը կարգավորում է շաքարի պարունակությունը արյան մեջ։