Ստամոքս
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստամոքսը (venttriculus, gaster) մարսողական ուղու պարկաձև լայնացումն է: Կերակրափողով անցած ուտելիքը հավաքվում է ստամոքսի մեջ, որտեղ տեղի են ունենում մարսողության պրոցեսի առաջին փուլերը, երբ կերակրանյութի կոշտ մասերը վերածնվում են հեղուկ կամ շիլայանման խառնուրդի: Ստամոքսն ունի առաջային(paries anterior) և հետին(paries posterior) պատեր: Ստամոքսի գոգավոր, վեր ու աջ դարձած եզրը կոչվում է փոքր կորություն(curvatura minor), իսկ ցած ու ձախ դարձած կոր եզրը` մեծ կորություն(curvatura major):Փոքր կորության վրա, ավելի մոտ ստամոքսի ելքին, քան մուտքին, նկատվում է մի կտրուճ` incisura angularis,որտեղ փոքր կորության երկու հատվածները միանում են` կազմելով սուր անկյուն(angulus ventriculi):
Ստամոքսը բաժանում են հետևյալ մասերի` որկորի բացվելու տեղը կոչվում է ստամոքսամուտք (ostium candiaca), նրան հարակից շրջանը` pars cardiaca, տասներկումատնյա աղիքի սկսման տեղը` ստամոքսաելք(pilorus), իսկ հարակից շրջանը` pars pilorica : Ստամոքսամուտքից ձախ ընկած գմբեթաձև մասը կոչվում է հատակ (fundus) կամ թաղ (fornix): Կենդանի մարդկանց ստամոքսի հատակից մինչև ֆիզիոլոգիական սեղմիչն ընկած տարածությունը կոչվում է ստամոքսի մարմին (corpus ventriculi):
Ստամոքսը տեղավորված է ստոծանու տակ. նրա մեծ մասը (5/6) գտնվում է միջին գծից ձախ: Իր երկար առանցքով ստամոքսն ուղղված է վերից վար, ձախից աջ և հետևից առաջ: Ընդ որում ստամոքսամուտքը գտնվում է ողնաշարից ձախ` կրծքային IX կամ X ողնի մակարդակին, իսկ ստամոքսաելքը` կրծքային XII կամ գոտկային I մակարդակին: Լցված վիճակում ստամոքսը վերևից հպվում է լյարդի ձախ բլթի ստորին երեսին և ստոծանու ձախ գմբեթին, հետևից` ձախ երիկամի վերին բևեռին, մակերիկամին, փայծաղին, ենթաստամոքսային գեղձի առաջային երեսին, ներքևից` բարակ և հաստ աղիներին , առջևից` աջ կողմից լյարդի ու ձախ կողմից` կողերի միջև ընկած որովայնի այտին: Երբ ստամոքսը դատարկ է պատերի կծկման հետևանքով գնում է խոր և ազատված տարածությունը գրավում է հորիզոնական հաստ աղիքը, այնպես որ նա կարող է պառկել ստամոքսի առջևում անմիջապես ստոծանու տակ: Ստամոքսի մեծությունը խիստ ձևափոխվում է ինչպես անհատականորեն, այնպես էլ նրա լցվածությամ աստիճանից կախված: Միջին աստիճանի ձգվածության դեպքում նրա երկարությունը մոտ 20-25սմ է: Նրա տարողությունը զգալիորեն կախված է անհատի սննդակարգից և կարող է տատանվել մեկից մինչև մի քանի լիտրի սահմաններում: Նորածնի ստամոքսի չափերը շատ մեծ չեն(երկարությունը 5 սմ):
[խմբագրել] Ստամոքսի կառուցվածքը
Ստամոքսի պատը կազմված է 4 շերտից`
- լորձաթաղանթային (tunica mucosa)
- ենթալորձային հյուսվածք (tela submicosa)
- մկանային թաղանթ (tinica muscularis)
- շարակցական հյուսվածք (tunica serosa):
Լորձաթաղանթը կազմված է ստամոքսի հիմնական ֆունկցիային համապատասխան (սննդանյութի քիմիական մշակումը թթվային միջավայրում): Դրա հետ կապված լորձաթաղանթում կան հատուկ գեղձեր, որոնք արտադրում են աղաթթու պարունակող ստամոքսային հյութ(succus gastricus): Լինում են երկու տեսակի գեղձեր`
- ստամոքսի հատակի գեղձեր(glandulae gastricae propriae), որոնք բազմաթիվ են (մեկ քառակուսի միլիմետր մակերեսի վրա մոտ 100 գեղձ), գտնվում են ստամոքսի հատակի և մարմնի շրջանում և պարունակում են երեք տեսակի բջիջներ` գլխավոր (արտադրում են պեպսինոգեն), լրացուցիչ(արտադրում են լորձ), և շրջադիր (արտադրում են աղաթթու):
- Ստամոքսաելքի գեղձերը (glandulae pyloricae) կազմված են միայն գլխավոր բջիջներից: Տեղ-տեղ լորձաթաղանթի մեջ ցրված են միայնակ ավշային հանգույցներ(folliculi lymphatici gastrici):
Փոքր կորության երկայքով դասավորված ծալքերն ունեն երկայնաձիգ ուղղություն և կազմում են Վալդեերի ստամոքսային ճանապարհը, որը ստամոքսի մկանների կծկման ժամանակ կարող է դառնալ խողովակ, որի միջով հեղուկ կերակրամասերը (ջուր, աղային լուծույթներ) կարող են որկորից անմիջապես անցնել ստամոքսաելքի մեջ` շրջանցելով ստամոքսի կարդիալ մասը: Բացի ծալքերից, լորձաթաղանթը ծածկված է կլորավուն բարձիկներով(1-6մմ տրամագծով), որոնք կոչվում են ստամոքսային դաշտեր(areae gastricase). վերջիններիս մակերեսին երևում են ստամոքսային փոսիկների(foveolae gastricae) բազմաթիվ անցքերը(0.2մմ տրամագծով): Այդ փոսիկներում էլ բացվում են ստամոքսի գեղձերը: Ստամոքսի լորձաթաղանթը կարմրա-մոխրավուն է, ընդ որում որկորի մուտքի շրջանում նույնիսկ չզինված աչքով նկատվում է որկորի տափակ էպիթելի (մաշկային տիպի էպիթել) և ստամոքսի գլանաձև էպիթելի(աղիքային տիպի էպիթել) որոշակի սահմանագիծը:
Մկանային պատյանը(tunica muscularis) կազմված է հարթ մկանաթելերից, որոնք նպաստում են կերակրանյութի շաղախմանը և առաջ մղմանը: Ստամոքսի ձևին համապատասխան պարկի տեսքով նրանք դասավորված են ոչ թե երկու շերտով, ինչպես որկորում, այլ 3 շերտով. արտաքին` երկայնաձիգ(stratum longitudinale), միջին` շրջանաձև(stratum circulare) և ներքին` թեք(fibrae obliquae): Երկայնաձիգ մկանաթելերը որկորի նույնանման մկանաթելերի շարունակությունն են: Մոտենալով ստամոքսաելքին, օղաձև թելերը հաստանում են և ստամոքսաելքի ու տասներկումատնյա աղիքի սահմանում գոյացնում մի մկանային օղ` ստամոքսաելքի սեղմիչի մկանը (m. sphincher pylori), որին համապատասխան գոյանում է լորձաթաղանթի շրջանակաձև ծալքը` ստամոքսամուտքի փականը (valva pylorica), որը ստամոքսաելքի սեղմիչի կծկման ժամանակ ստամոքսի խոռոչը լրիվ բաժանում է տասներկումատնյա աղիքի խոռոչից: Ստամոքսաելքի սեղմիչը և փականը (sphincter pylori et valvnia pyorica) կազմում են հատուկ հարմարանք, որը կարգավորւմ է կերակրանյութի անցումը աղիքի մեջ և կանխում է նրա հետհոսքը դեպի ստամոքս, այլապես կառաջանար ստամոքսի նորմալ թթվային միջավայրի չեզոքացում:
Թեք մկանաթելերը(fibrae obliquae) կազմում են խրձեր, որոնք օղակաձև կիսագրկում են ստամոքսամուտքը ձախից` կազմելով հենման օղակ, որը թեք խրձերի համար ծառայում է որպես ամրացման կետ(punctum fixum):
Ստամոքսի պատի արտաքին շերտը շճաթաղանթն է(tunica serosa), որն իրենից ներկայացնում է որովայնամզի համապատասխան մասը: Շճաթաղանթը սերտորեն ձուլվում է ստամոքսին ամբողջությամբ, բացառությամբ երկու կորությունների, որոնց վրա շճազմի երկու թերթիկների միջով անցնում են խոշոր արյունատար անոթներ:
Մարդկանց մոտ նորմայում կարելի է հանդիպել ստամոքսի ձևի և դիրքի հիմնական 3 տարբերակներ`
- Եղջյուրաձև ստամոքս, ստամոքսային ծոցը ընկած է համարյա լայնությամբ` աստիճանաբար նեղանալով դեպի ելքային մասը:
- Կարթաձև ստամոքստամոքսի վայրէջ մասը թեքորեն կամ համարյան կախված իջնում է ցած, իսկ վերևի մասը տեղակալված թեքորեն` վարից վեր և աջ:
- Գուլպայաձև կամ երկարացած ստամոքս, ստորին մասը ավելի լայնացած է: Նման է նախորդին(կարթաձև), բայց ունի որոշ տարբերություններ: