Բարակ աղիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարակ աղիքը կամ նրբաղիքը (intestinum tenue) սկսվում է ստամոքսաելքից և, իր ճանապարհին մի շարք օղակաձև գալաներ առաջացնելով, վերջանում է հաստ աղիքի սկզբին։ Ամբողջ նրբաղիքի երկարությունը տղամարդկանց դիակների վրա մոտավորապես 7 մ է, իսկ կանանց դիակների վրա՝ 6.5մ, ընդ որում գերազանցում է մարմնի երկարությանը 4.3 անգամ։ Դիակների վրա, մկանների թուլացման պատճառով, նրբաղիքի երկարությունը միշտ ավելի մեծ է, քան կենդանի մարդկանցը:

Բարակ աղիք

Աղիքի տրամագիծը վերևից ներքև փոքրանում է։ Տասներկումատնյա աղիքն ունի մոտ 48 մմ տրամագիծ, այնինչ նրբաղիքը հաստ աղիքի մեջ բացվելու տեղում ունի միայն 27 մմ տրամագիծ։ Նրբաղիքի օղակաձև գալարները տեղավորված են լյարդից ու ստամոքսից անմիջապես ցած։

Բարակ աղիքի պատի բջջաբանական կառուցվածքը

Բաժինները[խմբագրել]

Բարակ աղիքը բաժանվում է երեք մասի՝

  1. Տասներկումատնյա աղի
  2. Աղիճ աղիք
  3. Զստաղիք

Տասներկումատնյա աղի[խմբագրել]

Կառուցվածքը[խմբագրել]

Տասներկումատնյա աղին (duodenum), ստամոքսին ամենամոտ մասն է, ունի 25-30 սմ երկարություն, այն պայտի ձևով գրկում է ենթաստամոքսային գեղձի գլխիկը։ Նրա մեջ տարբերում են երեք գլխավոր մասեր.

  1. վերին հորիզոնական հատվածը(pars horisontalis superior) առաջին գոտկային ողնի մակարդակին ուղղվում է ստամոքսաելքից հետ, քիչ աջ, մեկ անգամ ծալվում է (fiexura duodeni superior) և սկիզբ տալիս վայրէջ հատվածին.
  2. վայրէջ հատվածը(pars descendens) ողնաշարի աջ կողմով իջնում է մինչև գոտկային III ողնը, այստեղ նա շրջվում է երկրորդ անգամ (fiexura duodeni inferior), ուղղվում է ձախ և գոյացնում,
  3. ստորին հատվածը(pars inferior), որն իր հերթին բաժանվում է երկու մասի՝ պրոքսիմալ(մոտակա) մաս, որը լայնակի ուղղությամբ անցնում է ստորին սիներակի՝ vena cava inferior ու որովայնային աորտայի առջևով(հորիզոնական մաս), և դիստալ(հեռակա) մաս, որը բարձրանում է (pars ascendens) մինչև գոտկային I և II ողների մակարդակը՝ նրանցից ձախ և առաջ։ Տասներկումատնյա աղիքը որոշակի սահմաններում փոխում է իր ձևը։

Ձևերը և դիրքը[խմբագրել]

Կենդանի մարդու տասներկումատնյա աղիքի ձևը և դիրքը շատ փոփոխական են։ Գոյություն ունի նրա ձևի և դիրքի 3 հիմնական տարբերակ։

  • Պայտաձև տասներկումատնյա աղիք, տեղակալված ՝ այնպես, ինչպես դիակինը, ընդ որում արտահայտված են նրա բոլոր մասերը՝ pars horisontalis superior, pars descendens, pars horisontalis inferior, pars ascendens:
  • Խիստ ծալված, ծնկաձև, ուղղաձիգ դիրքով տասներկումատնյա աղիք։ Խիստ ծալված վիճակի և ուղղաձիգ դիրքի հետևանքով տարբերում են միայն երկու մասեր՝ pars descendens և pars ascendens, հորիզոնական մասերը արտահայտված չեն։
  • Խիստ ծալված, ծնկաձև, ճակատային դիրքով տասներկումատնյա աղիք։ Խիստ ծալման և հորիզոնական դիրքի պատճառով տարբերում են միայն երկու մասեր՝ pars horisontalis superior և inferior: Ուղղաձիգ դիրքով տեղակալված վայրէջ և վերել մասերը արտահայտված չեն։ Այս 3 տարբերակների միջև նկատվում են փոխանցիկ ձևեր։

Աղիճ աղի և զստաղի[խմբագրել]

Աղիճ աղիք՝(jejunum), կազմում է բարակ աղիքների 2/5-ը՝ հանած տասներկումատնյա աղիքի երկարությունը, զստաղիքը(ileum), մնացած 3/5-ն է։ Այս բաժանումը պայմանական է, որովհետև հատվածների միջև որոշակի անատոմիական սահման չկա։

Աղիճ աղիքը և զստաղիքը միասին կոչվում են միջընդերքի բարակ աղիներ, նրանք լրիվ ծածկված է շճամզով և միջընդերքի միջոցով կպչում է որովայնի խոռոչի հետին պատին։ Թեև ցայտուն կերպով արտահայտված սահման չկա աղիճ աղիքի (intenstinum jejunum) (այս անունը ծագում է այն հանգամանքից, որ այս հատվածը դիակի վրա սովորաբար դատարկ է լինում) և զստաղիքի( intestinum ileum) միջև, այնուամենայնիվ, այս երկու բաժինների տիպիկ մասերը(jejunum-ի և ileum-ի ստորին մասերը ) ունեն ակնհայտ տարբերություններ. jejunum-ի տրամագիծը մեծ է, պատերը հաստ են, ավելի հարուստ է անոթներով: Տարբերությունները աստիճանաբար մեղմանում են մի հատվածից մյուսը անցնելիս։

Կազմությունը[խմբագրել]

Բարակ աղիքի լորձաթաղանթը բազմաթիվ աղիքային թավիկներով(villi intestinales) ծածկված լինելու հետևանքով ունի թավշի տեսք։ Թավիկները մոտ 1 մմ բարձրությամբ լորձաթաղանթային ելուններ են՝ ծածկված, ինչպես և ինքը՝ լորձաթաղանթը, գլանաձև էպիթելով և կենտրոնում ունեն ավշային ծոց(sinus) ու արյան անոթներ։ Թավիկների ֆունկցիան սննդանյութերի ներծծումն է, ընդ որում սպիտակուցները և ածխաջրերը ներծծվում են երակային անոթներով և դռներակի համակարգով անցնում են լյարդի ֆիլտրը, իսկ ճարպերը, անցնելով ավշային անոթներով, թափվում են երակային արյան մեջ։ Բարակ աղիքի լորձաթաղանթի ներծծող մակերեսը բավականին մեծանում է նրա վրա գտնվող լայնական ծալքերի շնորհիվ, որոնք կոչվում են շրջանաձև ծալքեր(plicare circulares Kerkringi)։ Այդ ծալքերը բաղկացած են միայն լորձային և ենթալորձային թաղանթներից (tunica muscularis-ը նրանց կազմությանը չի մասնակցում), մնայուն են և չեն անհետանում նույնիսկ աղիքային խողովակի լայնացման ժամանակ։

Բարակ աղիքի բոլոր բաժիններում չէ, որ շրջանաձև ծալքերը միևնույն բնույթ ունեն տասներկումատնյա աղիքի սկզբնական մասում, ստամոքսաելքի մոտ ծալքեր չկան, իսկ մնացած բաժիններում և աղիճ աղիքի վերին կեսում նրանք բարձր են և խիտ դասավորություն ունե, ավելի ներքև նրանք ցածրանում են ու նոսրանում, իսկ աղիճ աղիքի վերջում անհետանում են։ Բացի շրջանաձև ծալքերից, տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի վրա կա նաև մի երկայնաձիգ ծալք (pilca longitudjnalis duodeni), որը տեղավորված է վայրէջ հատվածի միջային պատի վրա ու բաժանվում է վերին ու ստորին հատվածների, վերինը թմբի տեսք ունի (torus) և վերջանում է պտկիկով (papilia duodeni major), ստորինը կոչվում է սանձիկ (frenulum)։ Պտկիկի վրա մի ընդհանուր բացվածքով բացվում են լեղածորանր և ենթաստամոքսային գեղձի արտազատիչ ծորանը։ Այս ընդհանուր ծորանը, նախքան տասներկումատնյա աղիքի մեջ բացվելը, լայնանում է։ Մեծ պտկիկին մոտ գտնվում է մի ավելի փոքր պտկիկ՝(papilia minor), որի վրա բացվում է ենթաստամոքսային գեղձի լրացուցիչ ծորանը։

Բարակ աղիքի, նաև հաստ աղիքի ամբողջ երկարությամբ, լորձաթաղանթում դասավորված են բազմաթիվ մանր պարզ խողովակավոր գեղձեր, որոնք կոչվում են աղիքային գեղձեր՝ glandulae intestinales (Liberkuhni)։ Սրանք չեն խրվում ենթալորձային շերտի մեջ, յուրաքանչյուրի երկարությունը 0.3-0.4 մմ է, արտազատում են աղիքային հյութ՝ succus entericus: 12-մատնյա աղիքում, մասնավորապես նրա վերին կեսում կան այլ տեսակի գեղձեր՝ gl. duodenales (Brunnert), որոնք ի տարբերություն աղիքային գեղձերի տեղակալվում են ենթալորձային շերտում։ Իրենց կառուցվածքով նման են ստամոքսաելքային հատվածի գեղձերի։

Վնասակար նյութերը և միկրոօրգանիզմները վնասազերծելու համար լորձաթաղանթում կան հատուկ ավշային կառույցներ, որոնք հանդես է գալիս կամ մենավոր ավշային հանգույցների ձևով կամ կույտերով(պեերյան բծեր)։ Կորեկի մեծության մենավոր ավշապատճուկները (noduli lymphatici solitarii) ցրված են բարակ աղիքների ամբողջ երկարությամբ՝ սպիտակավուն բարձրիկների ձևով։ ileum-ի մեջ, բացի մենավոր հանգույցներից, գտնվում են նաև հանգույցների կուտակումներ, որոնք գոյացնում են 2-10 սմ երկարության և 0.12-1.2 սմ լայնության հասնող երկարավուն թիթեղներ, որոնք կոչվում են բազմակույտ ավշապատճուկներ կամ պևերյան բծեր (noduli lymphatici aggregati (Peyeri))։ Նրանց երկայնաձիգ տրամագիծը համընկնում է աղիքի երկայնաձիգ առանցքին։ Գտնելու համար պետք է ճեղքել աղիքը միջընդերքի եզրի երկարությամբ, որովհետև կուտակումները գտնվում են այդ եզրի հակառակ կողմում; Պևերյան կուտակումների մակերեսին չենք գտնում ոչ թավիկներ, ոչ գեղձեր։ Նրանց ընդհանուր թիվը 20-30 է։

Մկանային պատյանը (tunica muscularis) խողովակին ձևին համապատասխան բաղկացած է արտաքին երկայնաձիգ ու ներքին շրջանաձև հարթ մկանաթելերի շերտերից. շրջանաձև շերտը ավելի է զարգացած քան երկայնաձիգը, մկանային պատյանը աղիքների ստորին հատվածում գնալով բարակում է։ Մկանային թելերի կծկումներն ունեն գալարակծկանքային բնույթ։ Կծկումները աղիքների նման հաջորդաբար տարածվում են դեպի ստորին ծայրը։ Այս պրոցեսում օղաձև մկանաթելերը կծկվելիս նեղացնում են աղիքի լուսանցքը, իսկ երկայնաձիգ թելերը նպաստում են նրա լայնանալուն։

Շճային պատյանը (tunica serosa) ամեն կողմից ընդգրկում է նրբաղիքը, հետին կողմից ազատ թողնելով միայն միջընդերքի երկու շճային թերթիկների արանքում մի նեղ տարածություն։ Այդ տարածությունը լցված է ճարպանյութով, որի միջով աղիքին են մոտենում նյարդեր, արյան ու ավշային անոթներ։