Ուղիղ աղիք
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուղիղ աղիքը կամ վերջաղիքը (intestinum rectum) հաստ աղիքի ծայրային մասն է, որը վերջանում է հետանցքով (anus): Ուղիղ աղիքի վերին սրբանային մասին համապատասխանող բաժինը տեղավորված է կոնքի խոռոչում և կոչվում է կոնքային հատված (pars pelvina). դեպի ցած այն լայնանում է և գոյացնում ուղիղ աղու ամպուլան` ampulla recti, որի տրամագիծը գերձգվելիս կարող է հասնել 7.5 սմ-ի: Ուղիղ աղիքը լինում է տարբեր ձևերի`
- ամպուլային, երբ ամպուլան լավ արտահայտված է,
- գլանաձև, երբ ամպուլան արտահայտված չէ և
- փոխանցիկ ձև նրանց միջև:
Ուղիղ աղիքի մկանային պատյանը կազմված է երկու շերտից, արտաքին` երկայնաձիգ, և ներքին` օղակաձև: Ուղիղ աղիքի օղաձև մկանաթելերը համատարած շերտ են կազմում այդ աղիքի ամբողջ երկարությամբ և հետանցքային խողովակի շրջանում սաստիկ հաստանում են ու գոյացնում հետանցքի ներքին սեղմիչը (m. sphincter ani internus) (հարթ մկանաթելերից), սա վերջանում է հետանցքային խողովակի և մաշկի միացման տեղում (անմիջապես մաշկի տակ ընկած է միջաձիգ-գծավոր մկանաթելերից կազմված օղը` արտաքին սեղմիչը (m. sphincter ani externus), որը մտնում է շեքի մկանների կազմության մեջ: Լորձաթաղանթը ունի կարմրավուն գույն, համեմատաբար հարուստ է արյունատար անոթներով: Ինչպես հաստ աղիում, այնպես էլ ուղիղ աղու լորձաթաղանթում կան լիբերկունյան գեղձեր և մենավոր ավշային հանգույցներ:
Հետանցքային մասում երևում են մի շարք սյունաձև շարքեր` columna anales , որոնք հետանցքի ուղղությամբ դառնում են ավելի ցայտուն` բարձր և լայն:Նրանց ստորին ծայրերը միանում են իրար կիսալուսանձև ծալքերով, որի շնորհիվ հետանցքային սյուների միջև ստացվում են դեպի վեր բացված գրպաններ` սինուսներ կամ ծոցեր (sinusis anales s. rectales(BNA)):
Ծոցերի և հետանցքի միջև մնացած օղակաձև տարածությունը կոչվում է թութքային օղ (zona hemorrhoidalis), որի հաստության մեջ գտնվում է երակային հյուսակը (plexus hemorrhoidalis), այդ հյուսակի հիվանդագին լայնացումը կոչվում է թութք:
