Թութք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Hemorrhoid.png

Թութքը (հեմորոյը) իրենից ներկայացնում է ուղիղ աղիքի երակներից ձևավորված հանգույցներ, որոնք առաջանում են ուղիղ աղիքում և առհասարակ փոքր կոնքի խոռոչում՝ անոթային շրջանառության կանգային երևույթների հետևանքով։

Այսօր այս տհաճ հիվանդությունը միլիոնավոր մարդկանց կենցաղի անբաժանելի մասն է։ Ընդ որում, թութքով տառապողների մեծ մասը վիրահատական բուժում ստանալու կարիք չունի, հարկավոր է միայն պահպանել առողջ ապրելակերպի կանոններն ու հատուկ սննդակարգով առաջնորդվել։

Կանխարգելում[խմբագրել]

Թութքի բուժումը տարաբնույթ քսուքներով, հաբերով, թուրմերով և նույնիսկ՝ վիրահատական միջամտությամբ, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունի, հակառակ դեպքում այն ամբողջ կյանքի ընթացքում ձեզ հանգիստ չի թողնի, սակայն, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։

Ստորև շարադրված խորհուրդներին հետևելու դեպքում դուք կկարողանաք ապահովագրել ձեզ այս տհաճ խնդրի առաջ կանգնելու դժգույն հեռանկարից։

  • Եթե ձեր աշխատանքի բնույթն այնպիսին է, որ ստիպված եք երկարատև նստել, ապա յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ փորձեք ընդմիջել աշխատանքն ու քայլել։ Ի դեպ, փափուկ բազմոցն ավելի լավ է մեկընդմիշտ փոխարինել կոշտ աթոռով։ Պրոֆեսիոնալ վարորդներին խորհուրդ չի տրվում է 3 և ավելի ժամ անընդմեջ նստել ղեկին։ Մեքենան վարելու ընթացքում անպայման հարկավոր է ժամանակ առ ժամանակ ընդմիջում տալ ու քայլել։
  • Յուրաքանչյուր դեֆեկացիոն ակտից՝ աղիների դատարկումից հետո դրական ազդեցություն է ունենում սառը ջրով լվացումը։
  • Հիշեք, որ լուծողական դեղահաբերի չարաշահումը վնասակար է։
  • Հարկավոր է պարբերաբար նպաստող վարժություններ կատարել, օրինակ՝ մի քանի անգամ ձգել և թողնել որովայնի մկանները։ Դա նպաստում է փոքր կոնքի խոռոչում արյան շրջանառության լավացմանը։

Ահա վարժությունների մի ամբողջ շարք, որի պարբերաբար իրականացումը կօգնի խուսափել թութքից.

- Ուղիղ կանգնած վիճակում ձգեք հետույքի և ուղիղ աղիքի մկանները։

- Ուղիղ նստեք կոշտ աթոռի վրա, իրանը պահեք ուղիղ, մարմինը՝ մի փոքր առաջ թեքված, և ռիթմիկ կերպով ձգեք ու թուլացրեք հետանցքի մկանները։

- Պառկեք մեջքի վրա, ոտքերն ուղղեք, մի քանի անգամ բարձրացրեք ու իջեցրեք դրանք։

- Պառկեք մեջքի վրա, ոտքերը ուղղեք, փոքր ինչ բարձրացրեք դեպի վեր, դանդաղ տարածեք, ապա նորից միացրեք իրար։

- Պառկեք մեջքի վրա, ոտքերով հեծանիվի շարժումներ կատարեք։

- Պառկեք մեջքի վրա, ոտքերը ծալեք և ծնկներով ամուր սեղմեք որովայնը։

Այս վարժությունները մարզում են հետույքի մկանները, հետանցքի սֆինկտորը, որովայնի մկանները, լավացնում են արյան շրջանառությունը փոքր կոնքի խոռոչի օրգաններում, հետևաբար՝ կանխարգելում են թութքի առաջացումն ու զարգացումը։

Վարժությունները հարկավոր է իրականացնել օրական 2-3 անգամ՝ յուրաքանչյուրը կրկնելով 10-15 անգամ։

Միաժամանակ, կարևոր է հիշել, որ նշված մկանների չափից ավելի գերլարումը, ինչպես և անշարժությունը, նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Վտանգավոր են, օրինակ, երկարատև ձիարշավը, հեծանիվ քշելը և այլն։

Թութքի կանխարգելման համար հարկավոր է իրականացնել.

  • փորկապության կամ փորլուծության ժամանակին բուժում, աղեստամոքսային համակարգի գործունեության վերականգնում, կանոնավոր և ճիշտ սնուցում,
  • սպիրտային խմիչքների խիստ սահմանափակում կամ իսպառ մերժում, ինչպես նաև՝ սուր, կծու, թթու, աղի ուտելիքների կիրառման սահմանափակում,
  • թութքի առաջնային նշանների հայտնվելուն պես ծանր ֆիզիկական աշխատանքի փոխարինում ավելի թեթևով,
  • հղի վիճակում գտնվողների համար՝ սեղմող գոտիների կիրառման բացառում, ոտքով երկարատև զբոսանքներ, ամենօրյա վարժությունների իրականացում,
  • նստակյաց կենսակերպ ունեցող անձանց համար՝ հաճախակի ոտքով զբոսանքներ, գիմնաստիկայի կամ լողի պարբերական պարապմունքներ։

Թութքի բուժումը[խմբագրել]

Երբեք պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ։ Տնային պայմաններում բուժում իրականացնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «թութք» ախտորոշումը դրվել է բժշկի կողմից, և նա վերահսկում է բուժման ընթացքը։

Թութքի դեղորայքային բուժումը[խմբագրել]

Կարևոր է նկատի ունենալ, որ թութքի դեղորայքային բուժման միջոցով հնարավոր չէ իսպառ ազատվել այդ հիվանդությունից։ Դեղամիջոցներն օգնում են պարզապես պայքարել հիվանդության սրացումների, ծանր ընթացքի, ցավային նշանների, թրոմբային հանգույցների, արյունահոսությունների դեմ։

Վիրահատական բուժման ցուցումները[խմբագրել]

Հիվանդության՝ աշխատունակության խիստ նվազեցմամբ, ցավոտ դեֆեկացիոն ակտերով, անոթային հանգույցների արտամղմամբ ուղեկցվող խորացման պարագայում բուժումն անպայման իրականացվում է վիրահատական ճանապարհով։

Սնուցումը թութքի ժամանակ[խմբագրել]

Ճիշտ սնուցման շնորհիվ հնարավոր է ոչ միայն կանխարգելել, այլև բուժել թութքը, քանի որ այս հիվանդությունն ուղղակիորեն պայմանավորված է աղիների աշխատանքով։

Իսկ աղիների նորմալ գործունեությունը կախված է միմիայն ճիշտ ու կանոնավոր սնուցումից։

Յուրաքանչյուր հիվանդի համար սննդակարգ սահմանելիս հարկավոր է նախապես լավ ուսումնասիրել նրա օրգանիզմի յուրահատկություններն ու փորկապության հիմնական պատճառները։

Սակայն ցանկացած դեպքում սննդակարգի մեջ կարևոր է ներառել այնպիսի սննդամթերքներ, որոնք չեն առաջացնի աղիների գործառնության խանգարումներ և փորկապություն։ Դա նշանակում է, որ հարկավոր է հնարավորին չափ խուսափել ալյուրից պատրաստված ուտելիքներից և սննդակարգը հարստացնել մեծ քանակությամբ բանջարեղենով։ Մածունի, կեֆիրների ամենօրյա կիրառումը թութքով տառապողների համար պարտադիր է։ Բարերար ազդեցություն են ունենում նաև հանքային հեղուկները, որոնք ակտիվացնում են աղիների շարժունակությունը։ Գերադասելի է օրական 3 բաժակ սենյակային ջերմաստիճանի հանքային ջուր խմել։

Կարևոր է նաև հիշել, որ կենդանական սպիտակուցներ պարունակող ուտելիքները՝ միսը, ձուկը, ձուն և այլն, միայն նպաստում են փորկապության առաջացմանը։

Եվ այսպես, թութքով տառապողներին խորհուրդ է տրվում.

  • սնվել կանոնավոր, ամեն օր միևնույն ժամին,
  • փորկապությունների դեպքում սննդակարգում ներառել մեծ քանակությամբ բուսական բջջանք պարունակող սննդամթերք,
  • ավելացնել հեղուկների գործածումը՝ հասցնելով օրական 1,5-2 լիտրի,
  • սահմանափակել խմորային ուտելիքների գործածումը,
  • պարբերական բնույթ կրող փորլուծությունների դեպքերում անմիջապես խորհրդակցել բժշկի հետ՝ երևույթի պատճառը պարզաբանելու համար, քանի որ նման երևույթը հաճախ խոսում է ստամոքսաղիքային համակարգի լուրջ հիվանդությունների մասին,
  • սննդակարգից բացառել սուր, կծու, թթու, աղի ուտելիքները, ինչպես նաև՝ ալկոհոլային խմիչքների օգտագործումը։