Սակավարյունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սակավարյունություն
Դասակարգում և լրացուցիչ տվյալներ

Երկաթդեֆիցիտային անեմիա, որն ամենահաճախ հանդիպողն է, հիպոքրոմ է և միկրոցիտար
ՀՄԴ-10 D50 - D89
ՀՄԴ-9 xxx
Հիվանդությունների բազա 663
MedlinePlus 000560
eMedicine med/132
MeSH D000740

Սակավարյունություն (անեմիա) (հուն.՝ αναιμία` սակավարյունություն), ախտաբանական վիճակ է, կլինիկահեմատոլոգիական ախտանիշների խումբ, որոնց ընդհանրությունը արյան մեջ էրիթրոցիտների (էրիթրոպենիա) և/կամ հեմոգլոբինի քանակի նվազումն է: «Անեմիա» տերմինը առանց մանրամասնության պատկերացում չի տալիս կոնկրետ հիվանդության մասին, այն կարելի է համարել տարբեր հիվանդությունների բազում դրսևորումներից մեկը: Երբեմն էրիթրոցիտների բացարձակ քանակը մնում է հաստատուն, սակայն հեմատոկրիտը իջնում է՝ պայմանավորված արյան ջրիկացմամբ (հիպերհիդրատացիա, օրինակ, հյուսվածքային հեղուկի ներծծմամբ արյունատար հուն): Վերջինս անվանվում է հիդրէմիա (կեղծ անեմիա) և հարկ է այն տարբերել անեմիայից:

Դասակարգման առանձնահատկություններ[խմբագրել]

Անեմիաները ինքնուրույն հիվանդություններ չեն, սակայն որպես ախտանիշ հանդիպում են մի շարք հիվանդություններում, որոնք կարող են կախված լինել արյունատար համակարգի առաջնային ախտահարման հետ, կամ լինել վերջինից անկախ: Հետևաբար անեմիաների նոզոլոգիական խիստ դասակարգումն անհնար է: Առավել հարմար է նրանց դասակարգել ըստ գունային ցուցանիշի:

Հեմոգլոբինի կոնցենտրացիայի անկման հետ մեկտեղ հաճախ առկա է էրիթրոպենիա և էրիթրոցիտների որակական փոփոխություն: Բոլոր անեմիաները բերում են թթվածնով մատակարարման խանգարման և հյուսվածքների թթվածնաքաղցի զարգացման, ինչը ամենից հաճախ արտահայտվում է գունատությամբ, գերհոգնածությամբ, թուլությամբ, գլխացավերով, գլխապտույտով, հաճախացած սրտխփոցով, հևոցով և այլն:

Ծայրամասային արյան քսուքի հետազոտությունը կարող է կատարվել ուղղակի վիզուալ և ավտոմատ եղանակներով: Արյան ավտոմատ անալիզի առավելությունը ցուցանիշի ստանդարտիզացումն է՝ էրիթրոցիտար միջին ծավալ (ԷՄԾ), որը չափվում է մկմ3-ով: Այն չափում են ավտոմատ հաշվիչով, ուղղակի եղանակով: Էրիթրոցիտար միջին ծավալի նորման 80-100 մկմ3 է (նորմոցիտոզ): Նորմայի վերին և ստորին սահմաններից շեղումը համապատասխանաբար կկոչվի մակրոցիտոզ և միկրոցիտոզ: Թերությունը բարդ սարքավորումների համեմատաբար թանկ գինն է և տեխնիկական սպասարկման կարիքը:

Գունային ցուցանիշի փոխարինումը ԷՄԾ-ով չի խախտում անեմիաների, գունային ցուցանիշի վրա հիմնված, դասակարգումը:

Անեմիայի բնորոշում[խմբագրել]

Տարիքից և սեռից կախված հեմոգլոբինի քանակը արյան միավոր ծավալում կարող է տատանվել:

Տարիք և սեռ Շեմ Hb(գ/լ) Շեմ Hb(գ/%)
Երեխաներ (3ամս. - 5 տար.) 110 11,0
Երեխաներ (5-12 տար.) 115 11,5
Երեխաներ(12-15 տար.) 120 12,0
Տղամարդիկ(>15 տար.) 130-160 13,0-16,0
Կանայք(>15 տար.) 120-140 12,0-14,0
Հղի կանայք 110 11,0

Դասակարգում[խմբագրել]

Անեմիաները լինում են տարբեր տեսակի: Դասակարգումը հիմնված է հարմարության և կլինիկական պրակտիկայում արդյունավետ կիրառման հնարավորության վրա:

Ըստ գունային ցուցանիշի[խմբագրել]

Գունային ցուցանիշը (ԳՑ) ցույց է տալիս էրիթրոցիտի հեմոգլոբինով հագեցվածությունը: Նորմայում այն հավասար է 0.85-1.05: Սրանից կախված տարբերում են հետևյալ տեսակները.

Հիպոքրոմ (թերգունային) անեմիա[խմբագրել]

Այս տեսակի անեմիայի դեպքում նկատելիորեն նվազում է հեմոգլոբինի քանակը, իսկ էրիթրոցիտների քանակը համարյա չի փոխվում, կամ քիչ է փոխվում:

Նորմոքրոմ անեմիա[խմբագրել]

Նորմոքրոմ անեմիայի դեպքում գունային ցուցանիշը նորմայի սահմաններում է, քանի որ այդ դեպքում էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը հավասարաչափ է նվազում:

Հիպերքրոմ (գերգունային) անեմիա[խմբագրել]

Այս անեմիան բնութագրվում է էրիթրոցիտների քանակի նվազմամբ, իսկ հեմոգլոբինի քանակը կարող է նույնիսկ բարձր լինել:

Ըստ ծանրության աստիճանի[խմբագրել]

Կախված հեմոգլոբինի նվազման արտահայտվածությունից, տարբերում են երեք աստիճաններ.

  • Թեթև - հեմոգլոբինի մակարդակը նորմայից ցածր է, բայց ոչ պակաս, քան 90գ/լ
  • Միջին - հեմոգլոբինը 90-70գ/լ է
  • Ծանր - հեմոգլոբինի քանաը քիչ է 70գ/լ-ից:կ

Ըստ ոսկրածուծի ռեգեներատոր հնարավորության[խմբագրել]

Այսպիսի ռեգեներացիայի հիմնական ցուցանիշն է ռետիկուլոցիտների (երիտասարդ էրիթրոցիտներ) շատացումը ծայրամասային արյան մեջ: Նորման 0,5-2% է:

  • Առեգեներատոր (օրինակ ապլաստիկ անեմիա) - բնորոշվում է ռետիկուլոցիտների բացակայությամբ
  • Հիպոռեգեներատոր (վիտամին B12-դեֆիցիտային անեմիա, երկաթդեֆիցիտային անեմիա) – ռետիկուլոցիտների պարունակությունը ցածր է 0,5%-ից:
  • Նորմոռեգեներատոր կամ ռեգեներատոր (հետարյունահոսային) - ռետիկուլոցիտների քանակը նորմայի սահմաններում է
  • Հիպերռեգեներատոր (հեմոլիտիկ անեմիաներ) - ռետիկուլոցիտների քանակը շատ է 2%-ից:

Պաթոգենետիկ դասակարգում[խմբագրել]

Հիմնված է անեմիաների, որպես ախտաբանական վիճակ, զարգացման մեխանիզմների վրա

Ըստ ծագման[խմբագրել]

Ծագումնաբանություն[խմբագրել]

Էթիոլոգիկ գործոնները տարբեր են տարաբնույթ անեմիաների դեպքում:

Երեխաների մոտ երկաթդեֆիցիտային անեմիայի զարգացման հիմնական պատճառներն են.

  • միատեսակ սնունդը (կաթնամթերքի գերակշռում)
  • վիտամինների պակասը
  • անկանոն սնվելը
  • անցյալում տարած սուր շնչական հիվանդությունները, մանկական վարակները
  • հելմինթներով ինվազիաներ:

Պաթոգենեզ[խմբագրել]

Կան անեմիայի զարգացման երեք հիմնական պատճառներ.

  • Էրիթրոցիտների առաջացման և հեմոգլոբինի սինթեզի խանգարում: Այս մեխանիզմը նկատվում է երկաթի, B12 վիտամինի, ֆոլաթթվի պակասի, կարմիր ոսկրածուծի հիվանդությունների դեպքում: Երբեմն անեմիան առաջանում է վիտամին C-ի մեծ քանակներ ընդունելիս (վիտամին C-ն մեծ չափաքանակներով չեզոքացնում է վիտամին B12-ին, որն անհրաժեշտ է արյունաստեղծման համար):
  • Էրիթրոցիտների կորուստ: Սա էլ իր հերթին հիմնականում սուր արյունահոսության հետևանք է (տրավմա, վիրահատություն): Հարկ է նշել, որ քրոնիկ փոքր ծավալի արյունահոսությունների դեպքում անեմիայի պատճառը ոչ այնքան էրիթրոցիտների կորուստն է, որքան երկաթի պակասը, որը զարգանում է արյան քրոնիկ կորստի ֆոնի վրա:
  • Արյան էրիթրոցիտների արագացված քայքայում: Նորմայում նրանց կյանքի տևողությունը մոտ 120 օր է: Որոշ դեպքերում (հեմոլիտիկ անեմիա, հեմոգլոբինոպաթիաներ և այլն) էրիթրոցիտները ժամանակից շուտ են քայքայվում, ինչն էլ անեմիայի պատճառն է դառնում: Երբեմն էրիթրոցիտների քայքայքում է առաջացնում մեծ քանակությամբ քացախի օգտագործումը:

Կլինիկական դրսևորումներ[խմբագրել]

Հաճախ անեմիան ընթանում է առանց ակնհայտ դրսևորումների և մնում աննկատ (շատ դեպքերում պատահական բացահայտվելով լաբորատոր պայմաններում) սպեցիֆիկ գանգատներ չունեցող մարդկանց մոտ:

Որպես կանոն անեմիայով տառապողները նշում են անեմիկ հիպօքսիայով պայմանավորված դրսևորումները: Թեթև դեպքերում կարող է դիտվել թուլություն, դյուրհոգնելիություն, ուշադրության կենտրոնացման դժվարություն: Առավել խիստ արտահայտված անեմիայով մարդիկ կարող են գանգատվել շնչառության դժվարությունից թեթև կամ միջին ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, արտահայտված սրտխփոցից, գլխացավից, ականջներում աղմուկից, երբեմն առկա է քնի, ախորժակի, լիբիդոյի խանգարում: Ծանր անեմիայի կամ ուղեկցող հիվանդությունների դեպքում կարող է զարգանալ սրտային անբավարարություն:

Հաճախ հանդիպող և կարևոր ախտորոշիչ նշանակություն ունեցող ախտանիշ է մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատությունը, ինչպես նաև խեյլոզի ու կոյլոնիխիայի զարգացումը, սրտային հրոցի ուժգնացումը և ֆունկցիոնալ սիստոլային աղմուկի առաջացումը:

Սուր և ծանր անեմիաները միշտ ավելի արտահայտված են, քան միջին ծանրության ու քրոնիկական ձևերը:

Բացի ընդհանուր բնույթի ախտանիշներից, որոնք անմիջապես կապված են հիպօքսիայի հետ, լինում են նաև այլ դրսևորումներ՝ ծագումնաբանությունից և պաթոգենեզից կախված: Օրինակ.՝ զգայունության խախտումը B12-դեֆիցիտային անեմիայի դեպքում կամ դեղնուկը հեմոլիտիկ անեմիայի դեպքում:

Չարորակ անեմիայի դեպքում անխուսափելի է աքլորհիդրիան:

Անեմիա հղիության ժամանակ[խմբագրել]

Հղիության ժամանակ հաճախ զարգանում է երկաթդեֆիցիտային անեմիա, քանի որ երկաթի պահանջը դառնում է գրեթե կրկնակի՝ համեմատած սովորական պայմանների հետ: Երկաթը սկսում է օգտագործվել ապագա երեխայի արյան տարրերի սինթեզում: Եթե հիվանդությունը պահպանվում է հղիության ընթացքում, ապա բերում է լուրջ հետևանքների:

  • Պտուղը կարող է չստանալ բավարար թթվածին, որն անհրաժեշտ է (հատկապես գլխուղեղի) զարգացման համար
  • Ծանր ձևի անեմիայով կանայք ավելի վատ են իրենց զգում հղիության ընթացքում
  • Աճում է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը
  • Ծննդաբերությունից հետո ավելի բարձր է վարակների զարգացման ռիսկը[1]:

Բուժում[խմբագրել]

Բուժման մեջ հիմնականում օգտագործում են վիտամին B12 և երկաթի պրեպարատներ: Հեմոգլոբինի ցածր մակարդակի դեպքում կարող է կատարվել էրիթրոցիտային զանգվածի փոխներարկում: Բուժման տակտիկան լիովին կախված է անեմիայի տեսակից և հիվանդի վիճակի ծանրությունից:

  • Անեմիաների բուժումն իրականացվում է ստացիոնար պայմաններում:
  • Սննդակարգը պետք է լինի լիարժեք, պարունակի անհրաժեշտ քանակի սպիտակուց, երկաթ և վիտամիններ:
  • Հեմոդինամիկայի կտրուկ խախտման, հեմոգլոբինի 40-50գ/լ արժեքից ցածր անկման դեպքում կատարում են արյան փոխներարկումներ (հեմոտրանսֆուզիաներ):
  • Անեմիաների առանձին ձևերի թերապիան կատարվում է ծագումնաբանությունն ու պաթոգենեզը հաշվի առնելով:
  • Սուր հետրյունահոսային անեմիայի դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել արյունահոսությունը: Արյան զանգվածային կորստից հետո նշանակվում են երկաթի պրեպարատներ:
  • Երկաթդեֆիցիտային անեմիայի պաթոգենետիկ բուժումն իրականանում է երկաթի պրեպարատների, մարսողական (հեմոստիմուլին, ֆերրոպլեքս, տարդիֆերոն) և հարմարսողական (ֆերում-լեկ, ֆերբիտոլ, էկտոֆեր) եղանակներով կիրառմամբ:
  • Վիտամին B12-դեֆիցիտային անեմիայի բուժումն իրականացվում է վիտամինի հարմարսողական եղանակով կիրառմամբ, երբեմն կոֆերմենտ ադենոզինկոբալամինի ավելացումով: Իրականացվող թերապիայի էֆեկտիվության չափանիշ է ռետիկուլոցիտար կրիզը (ռետիկուլոցիտների ավելացում մինչև 20-30%) բուժման 5-8 օրերին:
  • Ապլաստիկ անեմիայի բուժման մեջ մտնում են հեմոտրանսֆուզիաների անցկացումը, ոսկրածուծի փոխպատվաստումը, գլուկոկորտիկոիդներով և անաբոլիկ հորմոններով թերապիան:

Կանխարգելում[խմբագրել]

Կանխարգելման հիմնական միջոցը բալանսավորված և վիտամիններով հարուստ սնունդն է: Սննդակարգը պետք է պարունակի անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոտարրերը: Առողջ մարդու առօրյա սննդակարգում պետք է լինի 20 մգ երկաթ: Կանայք ավելի ուշադիր պետք է հետևեն իրենց հեմոգլոբինի մակարդակին, քանի որ նրանք դաշտանային ցիկլի պատճառով արյուն և հետևաբար նաև երկաթ են կորցնում:

Կանխատեսում[խմբագրել]

  • Երկաթդեֆիցիտային անեմիաների կանխատեսումը դեպքերի մեծամասնությունում բարենպաստ է: Կյանքի առաջին տարում երկաթի պրեպարատների կանխարգելիչ կիրառումը ոչ միայն խոչընդոտում է անեմիայի զարգացմանը այլև զգալի իջեցնում է երեխաների հիվանդացությունը աղիքային և սուր շնչական վիրուսային վարակներով, նպաստում է երեխաների առողջ զարգացմանը:
  • Հեմոլիտիկ անեմիաների ժառանգական ձևերի դեպքում կանխատեսումն արվում է կախված հեմոլիտիկ կրիզերի հաճախությունից և սակավարյունության ծանրության աստիճանից:
  • Ապլաստիկ անեմիաների կանխատեսումն անբարենպաստ է

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Pregnancy Complicated by Disease. Anemia During Pregnancy, Sean C. Blackwell, MD // The Merck Manual Home Health Handbook, December 2008

Գրականություն[խմբագրել]

  • Шулутко Б. И. Внутренняя медицина. Руководство для врачей в 2 томах. Спб.: «Левша. Санкт-Петербург», 1999
  • Шулутко Б. И., Макаренко С. В. Стандарты диагностики и лечения внутренних болезней. 3-е изд. СПб.: «Элби-СПБ», 2005

Արտաքին հղումներ[խմբագրել]