Տղամարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տղամարդը արական սեռի մարդ է (մյուս սեռի մարդը կոչվում է կին)։

Տղամարդ նշանակող տարբեր բառեր[խմբագրել]

Մինչև 13-15 տարեկանը արական սեռի մարդկանց կոչում են տղա։ Հասունացումից հետո նրան անվանում են պատանի, երիտասարդ, իսկ մեծ հասակում՝ տղամարդ։ Տղամարդը կարող է ամուսնացած լինել. այդ դեպքում նրան անվանում են ամուսին։ Իր երեխաների համար տղամարդը հայր է, իսկ թոռների համար՝ պապ կամ պապիկ։ «Պապիկ» բառն օգտագործվում է նաև բոլոր մեծահասակ տղամարդկանց համար՝ անկախ նրանից նրանք թոռ ունեն, թե ոչ։ Ծերուկը պատկառելի տարիքի տղամարդ նշանակող ավելի կոպիտ բառ է։

Զարգացումը[խմբագրել]

Արական սեռական հորմոնների ազդեցությամբ տղայի զարգացման գործընթացում աստիճանաբար ձևավորվում են առաջնային և երկրորդական սեռական նշանները։ Առաջնային սեռական նշանները ի հայտ են գալիս դեռևս ներարգանդային զարգացման ժամանակ։ Սեռական հասունացումը համարվում է երկրորդական սեռական նշանների ձևավորման և սեռական համակարգի գործառման շրջան, որը տղաների մոտ սովորաբար սկսվում է 14 տարեկանում (ավելի ուշ, քան աղջիկների մոտ)։ Սեռական հասունացման շրջանում օրգանիզմում տեղի ունեցող դժվար գործընթացները հնարավոր չէ բացատրել միայն սեռական օրգաններում տեղի ունեցող փոփոխություններով։ Ուժեղացված կերպով զարգանում է ամբողջ օրգանիզմը, գերծանրաբեռնված աշխատում են ներքին օրգանները, վերափոխվում է նյարդային համակարգի գործունեությունը, փոխվում է հոգեբանությունը, բնավորությունը։ Սեռական հասունացման շրջանում վերջնականորեն ձևավորվում է սեռական համակարգը, մտորումները դառնում են հասուն, նկատվում է ձգտում ինքնուրույնության։ Սեռական զգացողությունը արտահայտվում է սիրահարվածությամբ, սեռական մերձեցման ձգտմամբ։ Սեռական հասունացումը բնութագրվում է սեռական կյանք վարելու և սերունդ ունենալու ունակությամբ։ Սեռական հասունության շրջանը շարունակվում է միջինը 40 տարի։ Այս շրջանում տղամարդկանց գործունեությունը առավելագույնս ակտիվ է, այնուհետև աստիճանաբար սկսում է թուլանալ։ Տղամարդու սեռական գործունեության զարգացման և թուլացման բնական գործընթացում կարող են լինել որոշակի խանգարումներ։ Սեռական զարգացումն ու հասունացումը կարող է սկսվել ավելի շուտ կամ ուշ, ակտիվ շրջանը կարող է տևել ավելի երկար կամ կարճ, ծերությունը գալիս է ավելի վաղ կամ ուշ։ Այս առանձնահատկությունները կախված են գենետիկայից, առողջությունից, բնավորությունից, սննդից, սոցիալական պայմաններից, կլիմայից։

Հասուն տղամարդկանց մոտ ի հայտ եկող երկրորդական սեռական նշանները[խմբագրել]

Սեռական հասունացման շրջանում տղամարդիկ, որպես կանոն, ֆիզիկապես ավելի ուժեղ են, ավելի բարձրահասակ և ավելի ծանր, քան կանայք։ Տղամարդկանց մոտ լավ զարգացած է մկանային համակարգը, ավելի նեղ են կոնքերը, ավելի լայն է ուսային գոտին, գերակշռում է կրծքաորովայնային շնչառության տիպը։ Ի տարբերություն կանանց, տղամարդկանց մոտ ցայլքի մազերն աճում են շեղանկյան ձևով դեպի վեր՝ հասնելով մինչև պորտը։ Տարբեր խտության մազային ծածկույթներ կան դեմքի, կրծքի և մարմնի այլ հատվածների վրա։ Տղամարդու ձայնը ավելի ցածր է և սուր, քան կնոջ ձայնը։ Տղամարդու քայլքը սովորաբար ավելի անկյունային է և կտրուկ։