Միս
Միսը կենդանու սպանդից ստացված ելունքն է, որն օգտագործվում է որպես սնունդ:[1]
Այն կենդանական ծագման լիարժեք սպիտակուցների աղբյուր է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի հյուսվածքների կառուցման, նյութերի սինթեզի և փոխանակման համար: Հանդիսանում է նաև ֆոսֆորի աղբյուր: Մասնակցում է նյարդային հյուսվածքների, ճարպերի, B - խմբի վիտամինների, միկրոտարրերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներում:
Հայաստանում 2002թ.-ի տվյալներով յուրաքանչյուր շնչի հաշվով սահմանված մսի սպառման տարեկան ֆիզիոլոգիական նորման 75կգ է, այդ թվում` տավարամսինը` 20.3, խոզի և թռչնի մսինը` 15-ական, ոչխարինը` 7.5, երշիկեղենինը և ապխտած ապրանքներինը` 13.5 և ենթամթերքներինը` 3.7 կգ:
Միսն օժտված է բարձր մարսելիությամբ, հեշտ է ենթարկվում խոհարարական մշակման: Մսից կարելի է պատրաստել սննդի բազմազանություն ապահովող շատ ճաշատեսակներ: Սակայն, մսեղենի չափից ավելի օգտագործումը կարող է նախապայման հանդիսանալ հիպերտոնիկ հիվանդությունների զարգացման համար: Մսի բիոգենային ամինները ուժեղացնում են արյունատար անոթների տոնուսը` բարձրացնելով երակային ճնշումնը: Մսի մեջ պարունակվող նուկլիեինաթթուները կարող են նպաստել հոդատապ հիվանդության զարգացմանը մեծահասակ մարդկանց օրգանիզմում, ուստի նպատակահարմար է այն փոխարինել կաթնեղենով և ձկնեղենով:
| Տեսակը | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ածխաջրեր | Ճարպեր |
|---|---|---|---|---|
| Ձկնեղեն | 110–140 | 20–25 գ | 0 գ | 1–5 գ |
| Հավի կրծքամիս | 160 | 28 գ | 0 գ | 7 գ |
| Ոչխարի միս | 250 | 30 գ | 0 գ | 14 գ |
| Տավարի փափկամիս | 210 | 36 գ | 0 գ | 7 գ |
| Տավարի ոսկրամիս | 450 | 25 գ | 0 գ | 35 գ |
Սպանդի ենթարկված կենդանու տեսակից կախված, ստացվող միսը կարող է լինել տավարի, ոչխարի, խոզի, այծի, ձիու, ուղտի, եղնիկի, գոմեշի, ճագարի և այլն:
| Մսի համաշխարհային սպառումը (2003)[2] | |||
| Տեղը | Երկիրը | 1 շնչի հաշվով մսի սպառումը (կգ) | |
|---|---|---|---|
| 1 | ԱՄՆ | 123 | |
| 2 | Իսպանիա | 121 | |
| 3 | Ավստրալիա | 118 | |
| 4 | Ավստրիա | 112 | |
| 5 | Դանիա | 111 | |
| 6 | Նոր Զելանդիա | 109 | |
| 7 | Կիպրոս | 108 | |
| 8 | Իռլանդիա | 102 | |
| 9 | Կանադա | 98 | |
| 10 | Ֆրանսիա | 98 | |