Կերակրափող
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կերակրափողը կամ որկորը (esophagus) համեմատաբար նեղ և երկար մի խողովակ է, որը տեղավորված է ըմպանի և ստամոքսի միջև:Սկսվում է վզային VI և VII ողնի մակարդակից (որը համապատասխանում է մատանիաձև աճառի ստորին եզրին) և վերջանում կրծքային XI ողնի մակարդակի վրա: Քանի որ որկորը, վզի շրջանում սկսվելով, իջնում է կրծքի խոռոչ և այստեղից, ստոծանին ծածկելով, մտնում է որովայնի խոռոչ, ուստի նրան բաժանում են չորս հատվածի` պարանոցային, կրծքային, ստոծանիական և որովայնային (partes cervicalis, thoracalis, diaphragmatica et abdominalis): Որկորի երկարությունը 23-25 սմ է: Առջևի ատամներից մինչև ատամոքսն ընկած հատվածի ընդհանուր երկարությունը (նաև բերանի խոռոչը, ըմպանը և որկորը) 40-42 սմ է: Ռետինե խողովակը պետք է 3.5 սմ այդ երկարությունից ավելի վերցնել` կերակրափողի միջով ստամոքսահյութ վերցնելու համար:
Որկորը տեղ-տեղ ունի սեղմվածքներ, որոնցից առաջինը գտնվում է իր սկզբնական մասում (ըմպանային), երկրորդը` շնչափողի երկատման տեղում (շնչափողային) և երրորդը` ստոծանիական շրջանում (ստոծանիական):
Կազմությունը [խմբագրել]
Որկորի լուսանցքը լայնական կտրվածքի վրա վզային հատվածում ներկայացնում է որպես մի լայնական ճեղք (շնչափողի կողմից ճնշվելու հետևանքով), իսկ կրծքային մասում կլորացած է կամ աստղաձև: Որկորի պատերը կազմված են հետևյալ շերտերից. ներքին ` լորձաթաղանթային (tunica mucosa), միջին` մկանային (tunica muscularis) և արտաքին` շարակցահյուսվածքային բնույթի (tunica adventitia):
Լորձաթաղանթը (tunica mucosa) ծածկված է բազմաշերտ տափակ էպիթելով և պարունակում է լորձային գեղձեր, որոնք իրենց արտազատուկով հեշտացնում են կերակրագնդի սահումը կլլման ժամանակ: Չձգված դիրքում որկորի լորձաթաղանթը առաջացնում է երկայնաձիգ ծալքեր, որոնք հարթվում են, երբ նրա միջով անցնում է կերակրագունդը:
Երկայնաձիգ ծալքավորումը որկորի ֆունկցիոնալ հարմարողակունությունն է, որը նպաստում է հեղուկների անցմանը ծալքերի արանքների ակոսներով և որկորի լայնացմանը պինդ կերակրագնդերի անցման դեպքում:
Մկանային պատյանը (tunica muscularis) կազմված է արտաքին երկայնաձիգ և ներքին շրջանաձև շերտերից: Որկորի վերին երրորդականի երկու շերտերն էլ կազմված են միջաձիգ զոլավոր մկանաթելերից, բայց ներքևում նրանք աստիճանաբար փոխարինվում են հարթ մկանաթելերով: Շարակցական պատյանը(tunica adventitia) արտաքին պատյանն է, կազմված է փուխր շարակցական հյուսվածքից, որի միջոցով որկորը միանում է շրջապատող օրգաններին:
Որկորի գեղձերը (glandulae esphageae) բավական շատ են և տարածված են ենթալորձային շերտում, արտադրում են լորձ: Որկորի առանձին մասերն ունեն անատոմիական նեղացումներ, որոնք պահպանվում են դիակների որկորում, և ֆիզիոլոգիական նեղացումներ, որոնք լինում են միայն կենդանի մարդու մոտ: Բացի անատոմիական 3 նեղացումներից` ըմպային(կերակրափողի սկզբում), շնչափողային(շնչափողի երկատման տեղում) և ստոծանիական (ստոծանու միջով անցնելու դեպքում), ռենտգենով հետազոտելիս երևում են նաև 2 ֆիզիոլոգիական նեղացումներ` աորտային(կերակրափողի և աորտայի հատման տեղում) և կարդիալ (որկորի և ստամոքսամուտքի միացման տեղում):