Ձվաբջիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձվաբջիջները իգական սեռական բջիջներն են: Ձվաբջիջները սովորաբար խոշոր, անշարժ բջիջներ են, բացառությամբ մի քանի ստորակարգ կենդանիների (հիդրա), որոնք ընդունակ են պսևդոպոդների օգնությամբ ամեոբաձև շարժումների:

Մարդու ձվաբջիջը‎

Ձվաբջիջները սովորաբար կլոր են կամ ձվաձև: Նրանք երբեմն հասնում են այնպիսի չափերի, որ տեսանելի են դառնում չզինված աչքով: Հատկապես խոշոր են այն կենդանիների ձվերը, որոնց սերունդը զարգանում է մայրական օրգանիզմից դուրս: Որպես օրինակ կարող են ծառայել թռչունների ձվերը, ձկների, երկկենցաղների ձկնկիթը:

Ձվաբջիջները, ինչպես և յուրաքանչյուր բջիջ պարունակում են բջջապլազմա, կորիզ, թաղանթ, տարբեր օրգանոիդներ և ներառուկներ: Վերջիններից հատկապես կարևոր են սննդանյութերը, որոնք ապահովում են սաղմի աճն ու զարգացումը: Նրանք ձվում սովորաբար գտնվում են դեղնուցի հատիկների ձևով:

Սննդանյութերի քանակի և տեղաբաշխման համաձայն տարբերում են՝

  • Իզոլեցիտալ ձվեր, որոնք սովորաբար պարունակում են փոքր քանակությամբ դեղնուց՝ հավասարաչափ բաշխված ձվի ամբողջ բջջապլազմայում:

Իզոլեցիտալ ձվերը հատուկ են կարճատև սաղմնային զարգացումով ստորակարգ կենդանիներին, իսկ բարձրակարգ կենդանիներից այն տեսակներին, որոնց սաղմը ներարգանդային զարգացում է անցնում (կաթնասուններ):

  • Թելոլեցիտալ ձվերը բնութագրվում են դեղնուցային հատիկների մեծ քանակով, որը տեղավորված է ձվի մի բևեռում և կրում է վեգետատիվ բևեռ անունը: Այս ձվերում բջջապլազման և կորիզը հետ են մղված հակառակ՝ դեղնուցի հատիկներից զուրկ անիմալ բևեռ: Այսպիսի ձվերի մեծ չափերը հետևանք են նրանցում սննդարար պահեստանյութերի մեծ քանակի:

Դեղնուցով հարուստ թելոլեցիտալ ձվերը բնորոշ են այն ողնաշարավոր կենդանիներին, որոնք զարգանում են օրգանիզմից դուրս (ձկներ, երկկենցադներ, սողուններ, թռչուններ):

  • Ցենտրոլեցիտալ ձվերի կենտրոնական տեղը գրավում է կորիզը, որի շուրջ գտնվում Է սննդանյութը:

Ձվի մակերեսը ծածկված է բջջապլազմայի բարակ շերտով: Ցենտրոլեցիտալ ձվերը բնորոշ են հոդվածոտանիներին:

Թելոլեցիտալ ձվաբջիջ
Ցենտրոլեցիտալ ձվաբջիջ

Չնչին քանակով դեղնուց գոյություն ունի կաթնասունների և մարդու ձվաբջիջներում. այդ պատճառով էլ նրանք ունեն փոքր չափեր: Նրանք շրջապատված են ֆոլիկուլային բջիջների հաստ շերտով: Այդ բջիջների գանգվածի խորքում կուտակվում է հեղուկ, ստացվում Է յուրահատուկ բշտի պատկեր, որը կոչվում է գրաաֆյան բուշտ: Սրա մի պատի մեջ տեղավորված է ձվաբջիջը, որը հասունանալուց հետո դուրս է գալիս այդ բշտից: Մարդու ձվաբջիջը պատկանում է իզոլեցիտալ տիպին, գնդաձև է, ունի 150-200 միկրոն տրամագիծ:

Ձվաբջիջն ունի պաշտպանողական թաղանթներ, իր սեփական թաղանթով նա շրջապատված է անմիջականորեն: Մյուս թաղանթները գոյանում են սեռական օժանդակ գեղձերից: Այսպես, օրինակ` թռչունների մոտ, ձուն ձվատար խողովակով անցնելիս ծածկվում է սպիտակուցով, ենթակճեպային թաղանթով և կճեպով:

Միջատների և որդերի ձվերը ծածկվում են ամուր, պիգմենտ պարունակող խիտինային ծածկով: