Հոդվածոտանիներ
| Հոդվածոտանիներ | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||
| Arthropoda | ||||||||
|
|
Հոդվածոտանիները կենդանական աշխարհի ամենաբազմազան տիպն է, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ: Ապրում են ցամաքում, օդում և ջրում: Մարմինը երկկողմ համաչափ է, հատվածավորված՝ կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից: Ունեն հատվածավորված, շարժուն հոդերով միացած վերջավորություններ, որտեղից և ստացել են իրենց անունը:
Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր է. գետի խեցգետինն ունի 5 զույգ քայլող ոտքեր, խաչասարդը՝ 4, մայիսյան բզեզը` 3 զույգ: Հոդվածոտանիներից միջատների մեծ մասի մեջքի կողմում՝ կրծքի վրա, տեղավորված են թևերը: Մարմինը ծածկված է խիտինային ծածկույթով, որը ծառայում է որպես արտաքին կմախք, պաշտպանում է մեխանիկական և քիմիական ազդեցություններից, իսկ ցամաքային ձևերին` ջրի ավելորդ կորստից: Խիտինային ծածկույթն առաձգական չէ, կեդանու հետ միասին չի աճում և մարմնի աճը սահմանափակելու համար պարբերաբար տեղի է ունենում մաշկափոխություն: Աճի շրջանում հին խիտինային ծածկույթի տակ զարգանում է նոր՝ նուրբ խիտինային ծածկույթը, իսկ հինն ընկնում է: Խիտինային ծածկույթին ներսից ամրանում են մկանները: Հոդվածոտանիներն ունեն միջաձիգ զոլավոր մկաններ` առաձիգ խրձերի ձևով, որոնք, ի տարբերություն հարթ մկանների, անհամեմատ արագ են կծկվում, որով և պայմանավորված են նրանց ակտիվ շարժումները:
Հոդվածոտանիների արյունատար համակարգը բաց է, շնչառության օրգանները ջրային կենսակերպ վարողների մոտ խռիկներն են, իսկ ցամաքայիններինը՝ թոքերը կամ տրախեաները: Նյարդային համակարգը հանգուցավոր է: Ունեն լավ զարգացած տեսողության, հոտառության և շոշափելիքի օրգաններ: Գետի խեցգետինն ունի բարդ, մեղուն` բարդ և պարզ, իսկ խաչասարդը` պարզ աչքեր: Կան նաև աչք չունեցողներ:
Հոդվածոտանիները բաժանասեռ կենդանիներ են: Զարգացումը կատարվում է լրիվ և ոչ լրիվ կերպարանափոխությամբ:
Տիպի հիմնական դասերն են՝ խեցգետնակերպերը, սարդակերպերը և միջատները: