Սարդակերպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարդակերպեր
Սարդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Arachnoidea

Սարդակերպեր (Arachnoidea), հոդվածոտանիների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Ընդգրկում է մի շարք կարգեր՝ կարիճներ, կեղծ կարիճներ, սոլպուգներ, խոտհարներ, սարդեր, տզեր և այլն։

Նկարագիր[խմբագրել]

Կառուցվածք[խմբագրել]

Չափերը 0,1-170 մմ են։ Մեծամասնության մարմինը բաժանված է գլխակրծքի և փորիկի, երբեմն (տզեր) միաձուլված Է։ Գլխակուրծքը կրում է վեց զույգ վերջավորություններ․ առաջինը վերին ծնոտներն են (խելիցերներ), երկրորդը՝ ստորին ծնոտները (պեդիպալպներ), հաջորդ չորս զույգը քայլող վերջավորություններ են։ Սարդակերպերի մեծամասնության (կարիճներ, սոլպուգներ, կեղծ կարիճներ և այլն) փորիկը հատվածավորված է, սարդերի մեծամասնությանը և տզերինը՝ ամբողջական։ Փորիկը երբեմն օժտված է հատուկ հավելումներով (սարդերի ոստայնային գորտնուկներ, կարիճների «սանրիկներ» և այլն)։

Շնչառական համակարգ[խմբագրել]

Շնչում են տրախեաներով կամ թոքապարկերով, հազվադեպ՝ մաշկի մակերևույթով։ Արտաթորության օրգաններն են կոքսալ գեղձերը և մալպիգյան անոթները։ Մեծամասնության նյարդային համակարգը կազմված է վերկլանային հանգույցներից, ստորկլանային զանգվածից և որովայնային շղթայից (տզերինը միաձուլված է)։

Զգայարաններ[խմբագրել]

Զգայարաններն են աչքերը և շոշափելիքի մազիկները, որոշ սարդակերպեր զգում են ձայները և հոտերը։ Նրանցից շատերն օժտված են թունավոր գեղձերով (կարիճներ, սարդեր, որոշ կեղծ կարիճներ)։

Բազմացում[խմբագրել]

Բաժանասեռ են․ մեծամասնությունը ձու է դնում, կան կենդանածին ձևեր։ Հայտնի է մոտ 36 հազար տեսակ, տարածված բոլոր մայրցամաքներում։ Ցամաքային կենդանիներ են, բացառությամբ ջրային սարդի և ջրային տզերի։ Դրանք հիմնականում գիշատիչներ են, սնվում են այլ սարդակերպերով, միջատներով, որդերով, փափկամորթներով, մանր սողուններով, կան բուսակերներ և մակաբույծներ։

Որոշ սարդակերպեր ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (տզեր)։ Դրանք հնագույն ցամաքային կենդանիներ են․ ծագել են տրիչոբիտներից։ Սարդակերպեր ուսումնասիրող կենդանաբանության բաժինը կոչվում է արախնոլոգիա։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png