Միջատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջատները կենդանի էակներ են, որոնց մեծ մասը, կարող է թռչել: Կենդանիների այս խումբը տեսակների թվով ամենաբազմաքանակն է: Ներկայումս նկարագրված է ավելի քան 1 մլն միջատ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ: Միջատների մարմինը հատվածավոր է՝ բաղկացած 3 մասից՝ գլուխ, կուրծք և փորիկ: Բերանը, աչքերը և բեղիկները, որոնց օգնությամբ միջատներն զգում են հոտը և շոշափում շրջապատող առարկաները, գլխի վրա են: Կրծքին տեղադրված են շարժողության օրգանները: Միջատների մեծամասնությունն ունի 3 զույգ ոտքեր և 2 զույգ թևեր, որոնք ամրանում են կրծքային հատվածին: Մարսողական համակարգը և բազմացման օրգանները գտնվում են փորիկում: Ինչպես մյուս հոդվածոտանիների (օրինակ՝ ծովախեցգետինների և սարդերի), այնպես էլ միջատների մարմինը պահում-պահպանում է արտաքին կոշտ ծածկույթը (այսպես կոչված՝ արտաքին կմախքը): Այն անջրաթափանց է և ներքին հյուսվածքները պահպանում է չորացումից: Մարմնի այդպիսի կառուցվածքը միջատներին հնարավորություն է տվել հարմարվելու Երկրագնդի բոլոր շրջաններում, այդ թվում՝ անապատներում ու լեռներում: Արտաքին կմախքի գլխավոր թերությունը ոչ առաձգական լինելն է, այդ պատճառով աճող միջատն ստիպված է լինում որոշակի ժամանակահատվածում դեն նետել հին ծածկույթները: Դրա համար էլ միջատների աճը կրում է թռիչքաձև բնույթ: Նոր պատյանը ձևավորվում է հնի տակ: Սկզբնական շրջանում նոր պատյանն առաձգական է լինում՝ հնարավորություն տալով միջատին չափերով աճել: Սակայն շատ արագ այն կոշտանում է, որպեսզի կարողանա օրգանիզմն արդյունավետ պահպանել անբարենպաստ ազդեցություններից: Այդ ժամանակ միջատի աճը նորից սկսում է սահմանափակվել: