Ֆաունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիայի և Օվկիանիայի ֆաունան պատկերող նկար (1876)

Ֆաունա (լատին․՝ Fauna՝ անտառների և դաշտերի աստվածուհի, կենդանիների հոտերի հովանավոր), որոշակի տարածքում կամ ջրատարածությունում (կամ երկրագնդի վրա) ապրող կենդանիների տեսակների ամբողջությունը։

Այս կամ այն շրջանի ֆաունան ձևավորվում է կենդանիների տարբեր խմբերի՝ ֆաունիստական համալիրների պատմական զարգացման պրոցեսում։ Ֆաունիստական համալիրների ծագման բացահայտումը սովորաբար դժվար է, իսկ երբեմն՝ անհնարին։ Այդ պատճառով կենդանիների տվյալ տեսակների որոշակի համալիրին պատկանելու մասին ավելի հաճախ դատում են այդ կենդանիների բնակության շրջանների՝ արեալների նմանության հիման վրա (կենդանիների այդ խմբերը կոչվում են ֆաունիստական տարրեր)։

Ֆաունան կազմող տեսակներն ունեն բնակության որոշակի վայրեր։ Այսպես՝ անապատային գոտու ֆաունաում կան կավային, ավազային, քարքարոտ անապատների, աղուտների, լճերի, գետերի, գետահովիտների բնակիչներ և այլն։ Ֆաունայի ուսումնասիրման հիմնական եղանակներից է կենդանիների տեսակների հաշվառումը։ Ֆաունայի հետազոտման վերջնական արդյունքը երկրագնդի կամ նրա առանձին շրջանների ֆաունիստական կամ կենդանաաշխարհագրական շրջանացումն է, որը կատարվում է ֆաունայի վերլուծության հիման վրա։ Ֆաունան չպետք է շփոթել կենդանական աշխարհի հետ, որը բնորոշվում է ոչ միայն կենդանիների տեսակային կազմով, այլև անհատների թվով։

«Ֆաունա» տերմինն օգտագործվում է նաև կենդանիների կարգաբանական խմբերի (որևէ տարածքի թռչունների ֆաունա, բզեզների ֆաունա և այլն), որոշակի դարաշրջանի կենդանիների (ժամանակակից ֆաունա, միոցենային ֆաունա և այլն) կամ շերտերի որոշակի խմբերում բրածո կենդանիների մնացորդների (երկրաբանության մեջ) բնորոշման համար։ Ֆաունան ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆաունիստիկա։ Ֆաունա են կոչվում նաև որոշակի տարածքների կենդանական աշխարհի կարգաբանական կազմի վերաբերյալ համահավաք ամփոփիչ աշխատությունները։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանունա բառը ծագել է Ֆաունա հռոմեական աստվածուհու անունից, որը անտառների և դաշտերի, երկրի, բերքատվության, կենդանիների հոտերի հովանավոր աստվածուհի է։ Հռոմեական աստվածը՝ Ֆաունն է, իսկ անտառի ոգիները՝ ֆաունները։ Բոլոր երեք բառերն էլ կապված են հունական Պան աստծո անվան հետ․ panis բառը, հռոմեական ֆաունայի համարժեքն է։ Առաջին անգամ բառն այս իմաստով օգտագործել է Կառլ Լիննեյը 1745 թվականին Fauna Suecica գրքի վերնագրում։

Տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են տունդրայի, տայգայի, անտառային, տափաստանային, կիսաանապատային, անապատային և այլ ֆաունիստական համալիրներ։ Որոշակի ֆաունան կազմող ֆաունիստական համալիրների թիվը կարող է տարբեր լինել։ Այսպես, տափաստանային գոտու ֆաունան կազմում են այստեղ տիրապետող տափաստանային ֆաունիստական համալիրը, ամենաբնակ (կոսմոպոլիտ) տեսակների համալիրը, այլ, օրինակ, անապատային և կիսաանապատային ֆաունիստական համալիրների ներկայացուցիչներ։

Տափաստանային ֆաունիստական համալիրն իր հերթին կազմված է մի քանի խմբից՝

  1. էնդեմիկ (միայն այդ շրջանին բնորոշ) կենդանիներ,
  2. ոչ էնդեմիկ, բայց տվյալ գոտու սահմաններից շատ չհեռացող տեսակներ,
  3. գոտու սահմաններից համեմատաբար հեռու դուրս եկող, բայց ամենամեծ առատությամբ այդտեղ բնակվող տեսակներ։

Բոլոր գոտիներում կան ավտոխթոն (որոնց ծագումը կապված է այդ շրջանի հետ) և ներգաղթած (որոնք այդ շրջան են թափանցել ավելի ուշ) տեսակներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 364
Ընթերցե՛ք «ֆաունա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։