Ծաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ՝ սերմերով բազմացման օրգան, որից առաջանում են պտուղները և սերմերը:

Բովանդակություն

Նկարագրություն [խմբագրել]

Տարբեր բուսատեսակների ծաղիկներ

Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից: Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ: Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ):

Կառուցվածք [խմբագրել]

Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը: Վարսանդը կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը, իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը: Վարսանդի սպին կարողանում է իր վրա պահել փոշեհատիկը:

Վարսանդ [խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Վարսանդ

Վարսանդը շրջապատված է առէջներով: Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից: Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ: Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը,որոնք կազմում են ծաղկի պսակը: Դրանք ունեն վառ գունավորում, իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ՝ նեկտար,որով գրավում են փոշոտող միջատներին:

Այլ մասեր [խմբագրել]

Արտաքինից ծաղիկը պատված է բաժակաթերթերով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը: Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են,կարող են լինել առանձին-առանձին (բաժանաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ): Բաժակն ու պսակը կազմում են ծաղկապատյանը, որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն: Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի, տանձենի, ծիրանենի):

Որոշ ծաղիկներ չունեն բաժակ (թրաշուշան, վարդակակաչ, հիրիկ) որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ): Այդպիսի ծաղիկները կոչվում են պարզ: Ուռենու, հացենու ծաղիկները ծաղկապատյան չունեն: Այդպիսի ծաղիկները կոչվում են մերկ:

Ծաղկակալը և ծաղկակոթը ծաղկի ցողունային մասերն են, իսկ մի բաժակը, պսակը, առէջները և վարսանդը ձևափոխված տերևներ են:

Ծաղկի տեսակներ [խմբագրել]

Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ: Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ (բարդի, եգիպտացորեն, վարունգ, ուռենի): Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական: Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ (խնձորենի, ոլոռ, վարդակակաչ, շուշան): Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ: Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակ արևածաղկի զամբյուղի եզրային ծաղիկները):

Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ: Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ (կաղնի, դդում, վարունգ, եգիպտացորեն):

Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի, կանեփ, բարդի):