Վարդակակաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդակակաչ Սոսնովսկու

Կատեգորիա։ Վտանգված տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 քառ. կմ–ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 քառ. կմ–ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Նկարագրություն։ Բազմամյա սոխուկավոր բույս՝ 25–50 սմ բարձրության։ Սոխուկը՝ ձվաձև, բաց դարչնագույն թույլ կաշենման, ներսից՝ ոսկեգույն մազոտ թեփուկներով։ Տերևները՝ երկարավուն նշտարաձև, վերևում և ներքևում նեղացող, միշտ կորացած։ Ծաղիկը՝ շատ մեծ 8–10 սմ տրամագծով միայնակ, գավաթանման, մուգ կարմիր; ծաղկապատի մասերը՝ ձգված–սրացած։ Առէջաթելերը՝ մերկ, սև, լայնացած, մինչև 2 մմ երկարության։ Տուփիկը՝ 3–7 սմ երկարության, 2–3 սմ լայնության։

Տարածում։ Հայաստանում հանդիպում է Զանգեզուրի (Քաջարան, Լեռնաձոր, Փխրուտ, Տաթև, Շիկահող, Կապան) և Մեղրու (լեռնագագաթ՝ Բերդաքար, Արծվաբերդ, Գյումարանց, Վարդանիձոր, Լիճք, Վահրավար և այլն) ֆլորիստիկական շրջաններում։ EOO 1350 քառ. կմ է, AOO՝ 88 քառ. կմ, լոկալիտետները՝ 5։ Հայաստանից բացի, աճում է Նախիջևանում (Օրդուբադ, լեռնագագաթ՝ Սոյուխ)։

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ։ Աճում է ստորինից մինչև ենթալպյան գոտի, ծ. մ. 700–2300 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում, խոշորաքարոտ թափվածքներում և փլուզուտներում, խճաքարոտ տեղերում, կաղնու և գիհու նոսրանտառում, անտառի եզրերին և բացատներում։ Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս–հունիսին։

Սահմանափակող գործոններ։ Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ, աճելավայրերի կորուստ կամ դեգրադացիա՝ հողատարածքների յուրացման հետևանքով, ոչնչացում ծաղկեփնջերի համար։

Պահպանության միջոցառումներ։ Մեկ պոպուլյացիա պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում։ Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ։