Ուռենի
Ուռենի (Salix), ուռազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ: Հայտնի է 300 տեսակ, որոնք տարածված են Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում։ Հայաստանում հայտնի է 10 տեսակ՝ այծուռենի, եռառէջ, դեղնաճյուղ, կողովի, սպիտակ և այլն: Տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների շրջակայքում, խոնավ վայրերում:
Բուսաբանական նկարագրությունը [խմբագրել]
Բարձրությունը 10–15 մ է: Տերևներն էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական, կարճակոթուն: Ծաղկաբույլը կատվիկ է, ծաղիկները՝ երկտուն, միասեռ: Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ ծաղիկներով փուփուլներ: Ուռենու որոշ տեսակների կեղևը պարունակում է գլիկոզիդներ (սալիցիլին, սալինիգրին), աղաղանյութեր և այլն: Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող:
Օգտագործումը [խմբագրել]
Մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են որպես անասնակեր, կեղևը՝ կաշի դաբաղելիս: Բազմաթիվ տեսակներ դեկորատիվ են (հատկապես` սպիտակ ուռենու լացող տարատեսակը, որի բարձրությունը մինչև 18 մ է): Ընձյուղները ոսկեդեղին են, աղեղնաձև՝ դեպի ցած թեքված: Պիտանի է հակաէրոզային տնկարկների համար:
Աղբյուր [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ուռենի կատեգորիայում։ |