Ապար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապար

Ապար, երկրակեղևը կազմող մեկ կամ մի քանի միներալներից կազմված բնական զանգվածներ։ Ապարները ըստ ծագման դասակարգվում են երեք տեսակի՝ մագմայական (հրաբխային), նստվածքային, փոխակերպային (մետամորֆային)։ Հրաբխային և մետամորֆային ապարները կազմում են երկրակեղևի 90%–ը, իսկ մնացած 10%–ը բաժին է ընկնում նստվածքային ապարներին։ Եզրույթն առաջին անգամ օգտագործել է ռուս գիտնական Սևերգինը 1798 թ-ին։

Մագմայական ապարներ[խմբագրել]

Մագմայական ապարներն առաջանում են Երկրի խոր հորիզոններում՝ սիլիկատային հալոցքների (մագմա կամ լավա) սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Դրանք բաժանվում են ներժայթուք (ինտրուզիվ)՝ գաբրո, գրանիտ, դիորիտ և այլն, և արտաժայթուք (էֆուզիվ)՝ բազալտ, անդեզիտ, տուֆ և այլն ապարների։

Հայաստանում[խմբագրել]

ՀՀ տարածքի մեծ մասը ծածկված է արտավիժած հրաբխային ապարներով, մեծ մասամբ՝ բազալտների, անդեզիտների, ռիոլիտների հոսքերով ու ծածկոցներով, բազմատեսակ տուֆերով (Գեղամա, Արագածի և Սյունիքի զանգվածներ, Շամիրամի, Եղվարդի սարավանդներ և այլն)։ Ներժայթուք ապարների տարածքն ավելի քան 2 հզ․ կմ² է (Մեղրու պլուտոն, Գեղիի, Արամազդի, Սվարանցի, Հաղպատի, Թեժլեռան, Աղվերանի և այլ զանգվածներ)։

Նստվածքային ապարներ[խմբագրել]

Նստվածքային ապարներն առաջանում են Երկրի մակերևույթին կամ ոչ մեծ խորություններում՝ ծովային ու ցամաքային նստվածքների վերափոխման հետևանքով (դիագենեզ, քարացում)։ Ըստ ծագման՝ նստվածքային ապարները լինում են բեկորային (ավազ-ավազաքար, խճաքար-փշրաքար, գլաքար-խառնաքար), կավային (կավեր, քարացած կավեր կամ արգիլիտներ, լյոսանման կավեր և այլն), ոչ բեկորային՝ քիմիածին, կենսաքիմիածին, օրգանական (կրաքար, քարաղ, դիատոմիտ, քարածուխ, այրվող թերթաքարեր, բազմաբնույթ կրաքարեր և այլն)։ Նստվածքային ապարներին բնորոշ է շերտայնությունը։

Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում տարածված են Արարատի, Լոռու, Վայոց ձորի մարզերում, Որոտանի միջին հոսանքի ավազանում, Փամբակի հովտում և այլուր։

Փոխակերպային ապարներ[խմբագրել]

Փոխակերպային ապարներն առաջանում են հրաբխային և նստվածքային ապարների փոփոխման հետևանքով։ Երկրակեղևում ջերմադինամիկական պայմանների փոփոխությունը հանգեցնում է միներալային կազմի և կառուցվածքի վերափոխումների, որոնք ընթանում են պինդ վիճակում, առանց ապարների հալման։ Փոխակերպման գլխավոր գործոններն են բարձր ջերմաստիճանն ու բարձր ճնշումը։

Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում տարածված են Արզականի, Հանքավանի բյուրեղային լեռնազանգվածներում։ Փոխակերպային են սկառնը, գնեյսը, մարմարը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png