Որոտան
-
Այս հոդվածը գետ Որոտանի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Որոտան (այլ կիրառումներ)։
Որոտանը գետ է, որը անցնում է Հայաստանի ու մասամբ Ադրբեջանի տարածքներով։ Սյունիքի մայր գետն է, Արաքսի ձախ վտակը: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարա (Աղվանո) վտակը և Մինջևան կայարանից միախառնվում Արաքսին: Երկարությունը 178 կմ է, ՀՀ սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կիլոմետր-քառակուսի, ՀՀ սահմաններում 2300 կմ քառ:
Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատ հզորությամբ, տարեկան 1,1 մլրդ կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի): Սպանդարյանի ջրամբարից՝ կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 մլն խմ ջուր է տեղափոխում Սևանա լիճ:
Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից: Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 մլն խմ: Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր: Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։
Որոտանի ավազանի մեջ մտնող գետերն են.
- Աղբաշգետ - երկարությունը` 10 կմ
- Այրիգետ - երկարությունը` 23 կմ
- Արագլիջուր - երկարությունը`
- Բռնակոթ - երկարությունը` 15 կմ
- Գիժգետ - երկարությունը` 10 կմ
- Գիժգետ - երկարությունը` 26 կմ
- Զայ - երկարությունը` 14 կմ
- Զորզոր - երկարությունը`
- Լորագետ - երկարությունը` 23 կմ
- Կըշկոշտի - երկարությունը` 10 կմ
- Ձկնարածի - երկարությունը` 16 կմ
- Ղուռիգետ - երկարությունը` 17 կմ
- Մադան - երկարությունը` 13 կմ
- Միլիցաթոռ - երկարությունը` 12 կմ
- Մուխուրթորյան - երկարությունը` 18 կմ
- Նորավան - երկարությունը` 20 կմ
- Շաղատ - երկարությունը` 10 կմ
- Շամբ - երկարությունը` 12 կմ
- Շաքի - երկարությունը` 17 կմ
- Սալվարդ - երկարությունը` 12 կմ
- Սառնակունք - երկարությունը` 10 կմ
- Սիսիան - երկարությունը` 33 կմ
- Սուլթանլու - երկարությունը` 14 կմ
- Վաղատնի - երկարությունը` 12 կմ
- Ուղտիաչք - երկարությունը` 10կմ