Եղվարդի սարավանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղվարդի սարավանդ, գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Արայի լեռ հրաբխային զանգվածից հարավ։ Արևմուտքում զառիթափ իջնում է դեպի Քասաղի կիրճը, արևելքում երկու, տեղ-տեղ երեք դարավանդներով՝ Հրազդանի հովիտը։ Եղվարդի սարավանդ եզրավորվում է Արարատյան դաշտով։ Ունի թույլ ալիքավոր, բլրապատ մակերևույթ և հյուսիսից հարավ ընդհանուր թեքություն։ Բարձրությունը 1000—1600 մ է։ Կան հրաբխային կոներ (Արապար, Եղվարդի եռաբլուրներ, Մուրադսար են)։ Տարածված են քարացրոնները։ Եղվարդի սարավանդը կազմված է վերին պլիոցենի և չորրորդական դոլերիտային մոխրագույն լավաներից, անդեզիտաբազալտներից և տուֆերից։ Կլիման չոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 °C է, հուլիսինը՝ 24 °C։ Տարեկան տեղումները 400—500 մմ են։ Շոգ ամառվա ու լեռնահովտային քամիների պատճառով գոլորշունակությունը 1400 մմ-ից ավելի է (ամենաբարձրը Հայաստանում)։ Եղվարդի սարավանդում գերակշռում են կարբոնատային գորշ հողերը, հյուսիս և արևելք մասերում՝ լեռնային շագանակագույն հողերը։ Եղվարդի դարավանդում տարածված է կիսաանապատային, հյուսիսում չոր տափաստանային բուսածածկույթը։ Եղվարդի սարավանդը ոռոգվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի, Քասաղի ձախափնյա ոռոգման համակարգի ու մի քանի ջրհան կայանների ջրերով և դարձել է այգեգործական ու պտղաբուծական շրջան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 510