Ջրոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրի ցիկլը ջրոլորտում

Ջրոլորտը (հին հունարեն՝ Yδωρ – ջուր և σφαῖρα – ոլորտ), Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է։

Օվկիանոսի միջին խորությունը 3,8 կմ է, առավելագույնը՝ 11022 մ (Խաղաղ օվկիանոսի Մարիանյան անդունդը)։ Ջրոլորտի զանգվածի մոտ 97 %-ը կազմում են օվկիանոսի աղի ջրերը, 2,2 %-ը՝ սառցե ջրերը, մնացած մասը՝ ստորերկրյա, լճերի և գետերի քաղցրահամ ջրերն են։ Կենսոլորտի մակերեսը ջրոլորտում ներկայացված է իր ամբողջ շերտով, սակայն կենդանի նյութի առավելագույն խտությունը բաժին է ընկնում արևի ճառագայթներով տաքացվող և լուսավորվող մակերեսային շերտին, ինչպես նաև ափամերձ գոտիներին։

Ջրոլորտի առաջացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաքիմիական ուսումնասիրությանները պարզել են, որ Երկրի մակերևույթի վրա ջուրն առաջացել է նրա զարգացման որոշակի էտապում՝ մոտ 3,0-3,5 միլիարդ տարի առաջ։ Մոլորակի ձևավորման և զարգացման ընթացքում քիմիական թեթև տարրերը դանդաղ բարձրացել են Երկրի մակերևույթ, ծանրերը՝ իջել դեպի միջուկ։ Երբ ձգողական ուժի ներգործությամբ և ռադիոակտիվ նյութերի տրոհմամբ միջուկը սկսել է տաքանալ ու շիկանալ, ջրածինն ու թթվածինը բարձրացել են վեր՝ կուտակվելով միջնապատյանում և երկրակեղևում։ Այստեղ ջերմային նպաստավոր պայմանները հնարավորություն են տվել դրանց միանալու և կազմելու ջրի մոլեկուլ։ Դա է պատճառը, որ միջուկում և միջնապատյանի ստորին շերտերում բարձր ջերմաստիճանների պատճառով ջուր չկա։ Միջին և վերին միջնապատյանում ջուրը լուծված է մագմայի մեջ, իսկ Երկրի մակերևույթին գտնվում է հեղուկ, պինդ և գազային վիճակներում։

Ջրոլորտի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրոլորտի զարգացումը, փաստորեն, սկսվել է այն պահից, երբ Երկրի կարծր կեղևի վրա առաջացել է ջրի հեղուկ վիճակ։ Դա, մասնագետների կարծիքով, տեղի է ունեցել մոտ 3 միլիարդ տարի առաջ՝ արխեյան դարաշրջանի կեսերին։ Ջրոլորտի զարգացման առավելագույն տեմպերը նկատվել են պրոտերոզոյան դարաշրջանի կեսերին՝ մոտ 1,5 միլիարդ տարի առաջ։ Ջրոլորտի առաջացումն ընթանում էր մթնոլորտի, քարոլորտի, իսկ հետո նաև կենսոլորտի հետ փոխադարձ կապի պայմաններում։ Երկրի ընդերքից ջրի դուրս մղումը կատարվում է հրաբխի գործունեության ընթացքում։ Բազալտային լավայի բաղադրության ուսումնասիրությունները պարզել են, որ նրա կազմում 5-10 %-ը ջուրն է։ Հետևաբար, Երկրի երկրաբանական զարգացման ողջ ընթացքում մագմայի ջրերը, դուրս գալով Երկրի մակերևույթ, կուտակվել են՝ առաջացնելով Համաշխարհային օվկիանոսը և ցամաքային ջրերը։ Շատ գիտնականների կարծիքով՝ վերին և միջին միջնապատյանում գտնվող ջուրն ու ջրային գոլորշիներն իրենց ծավալով մի քանի անգամ գերազանցում են ջրոլորտի ջրին։ Երկրի ընդերքից ջրի դուրս մղումը կատարվում է նաև մեր օրերում։

Ընդհանրապես ընդունված է ջրոլորտն ըստ ջրերի առանձնացնել՝ Համաշխարհային օվկիանոսի, մայրցամաքային ջրերի և ստորգետնյա ջրերի։ Ջրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը՝ գետերում և ստորգետնյա ջրերում։ Ջրի մեծ զանգված էլ մթնոլորտում է` ամպերի և գոլորշու տեսքով։ Ջրոլորտի ծավալի 96 %-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 2 %-ը` ստորգետնյա ջրերը, մոտ 2 %-ը՝ սառույցները և ձյունը, մոտ 0,02 %-ն էլ ցամաքի մակերեսային ջրերը։ Ջրի մի մասը գտնվում է պինդ վիճակում՝ սառցե, ձնային ծածկի և հավերժական սառեցվածության տեսքով, որն իրենից ներկայացնում է կրիոսֆերան։ Մակերեսային ջրերը, որոնք համեմատաբար փոքր չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում, որոշիչ են երկրային կյանքի համար և ջրամատակարարման ու ոռոգման հիմնական աղբյուրն են։ Ջրոլորտի այս հատվածը մշտական փոխազդեցության մեջ է գտնվում մթնոլորտի և երկրակեղևի հետ։ Ջրերի փոխազդեցությունը և փոխադարձ անցումները մի վիճակից մյուսը իրենցից ներկայացնում են ջրի բարդ ցիկլ երկիր մոլորակի վրա։ Առաջին անգամ կյանքը Երկրի վրա ծագել է ջրոլորտում։ Միայն պալեոզոյան դարաշրջանի սկզբներին սկսվեց կենդանիների և բույսերի վերաբնակեցումը ցամաքի վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michael J. Kennish Practical handbook of marine science. - 3rd. - CRC Press, 2001. - (Marine science series). - ISBN 0849323916
  • Kelbert A, Schultz A, Egbert G Global electromagnetic induction constraints on transition-zone water content variations (англ.) // Nature. - 2009. - В. 460. - С. 1003-1006.
  • В. С. Білецький Мала гірнича енциклопедія. - Донецьк։ «Донбасե, 2004. - Т. В 3-х томах. - ISBN 966-7804-14-3