Բազմացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղողի խխունջների խաչասերումը

Կյանքի գոյության հիմնական առանձնահատկություններից մեկը կազմում է բազմացումը, սերնդի վերարտադրությունը, որը կենդանի օրգանիզմների ընդհանուր հատկությունների շարքում գրավում է առանձնահատուկ տեղ։ Նյութափոխանակությունը, գրգռականությունը և այլ առանձնահատկություններ ամեն մի կենդանի էակի մեջ դրսևորվում են անընդհատ, օրգանիզմների կենսագործունեության և զարգացման յուրաքանչյուր փուլում։ Նրանք համարվում են օրգանիզմի գոյության անհրաժեշտ պայմանը։

Տեսակները[խմբագրել]

Հայտնի են բազմացման 2 տեսակ․

  1. Անսեռ
  2. Սեռական

Անսեռ բազմացումը կատարվում է 4 եղանակներով՝

  1. Բողբոջումով-խմորասնկեր, ինֆուզորիա, հիդրա և այլն։
  2. Միտոզով-ամեոբա, կանբաչ էվգլենա, քլամիդոմոնադ և այլն։
  3. Սպորագոյացմամբ-քլորելլա, մալարիայի պլազմոդիում և այլն։
  4. Վեգետատիվ-կարտոֆիլ, հասմիկ, ուռենի, կոկռոշենի, սոխ, հիրիկ, էլոդեա և այլն։

Անսեռ բազմացման ժամանակ բազմացումը կատարվում է 1 առանձնյակի օգնությամբ, իսկ սեռական բազմացման ժամանակ մասնակցում են 2 առանձնյակ՝ արական և իգական սեռի ներկայացուցիչներ։

Նկարագիր[խմբագրել]

Բազմացումը իրականանում է օրգանիզմների զարգացման որոշակի փուլում։ Բազմացման ընդունակ են առանց բացառության բոլոր օրգանիզմները՝ բակտերիաներից մինչև կաթնասունները ։ Առանձին անհատներ կարող են լինել ոչ բեղուն, սերունդ չթողնել, սակայն եթե այդ ընդունակությունը կորցնում են տեսակի բոլոր ներկայացուցիչները, ապա տեսակը դադարում է գոյություն ունենալ։ Հետևաբար, բուսական, կենդանական տեսակների գոյության անընդհատությունը, սերունդների հաջորդականությունը պայմանավորված են բազմացմամբ։ Բազմացումը տեսակների գոյության անհրաժեշտ պայմանն է։

Բազմացման շնորհիվ ապահովվում են ոչ միայն տեսակների գոյությունը և զարգացումը, այլև անընդհատելիությունը մեր մոլորակի վրա։ Բնության մեջ բուսական և կենդանական յուրաքանչյուր տեսակ ունի բազմացման իր յուրահատկությունները. օրգանիզմն իր կյանքի ընթացքում պատրաստվում է դրան։ Բոլոր դեպքերում բազմացման արդյունքը տեսակի անհատների քանակի ավելացումն է։

Մոլեկուլային մակարդակով բազմացումը արտահայտվում է ԴՆԹ-ի՝ իր մոլեկուլը կրկնապատկելու ունակությամբ, բջջի մակարդակով՝ կիսմամբ։ Բազմացման ընդունակ են նաև որոշ օրգանոիդներ՝ միտոքոնդրիումները, քլորոպլաստները։

Ամբողջական օրգանիզմների բազմացման ձևերը բազմազան են, բայց նրանց բոլորի հիմքում ընկած է բջիջների միտոտիկ բաժանումը։

Այսպիսով, կենդանի բնության կատարելագործման և բարդացման համապատասխան, մշակվել են կենդանի համակարգերի բազմացման տարբեր եղանակներ։ Դրանցում ընթացող բոլոր պրոցեսները միտում ունեն կենդանի համակարգերի ժառանգական տեղեկատվության սերնդեսերունդ փոխանցելուն։

Տեսականորեն պետք է ընդունել, որ օրգանիզմի յուրաքանչյուր մաս, որը պարունակում է գեների ամբողջ հավաքը, կարող է սկիզբ դնել նոր օրգանիզմի, քանի որ գեները պարունակում են դրան անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը։

Սակայն բազմաբջիջ օրգանիզմների մոտ բջիջների մեծ մասը այնքան է մասնագիտացել տարբեր ուղղություններով, որ կորցրել է նոր օրգանիզմ վերարտադրելու ունակությունը։

Նրանց մոտ, որպես կանոն, բազմացման պրոցեսը տեղի է ունենում հատուկ օրգաններում և հյուսվածքներում։ Այդ հյուսվածքների բջիջները, որոնք պահպանել են աճի և կիսման ընդունակությունը, բացի բազմացումից, այլ ոչ մի ֆունկցիա չեն կատարում։

Բազմացման բոլոր գոյություն ունեցող ձևերը միավորվում են երկու հիմնական տիպերում՝ անսեռ բազմացում և սեռական բազմացում, որոնց հիմքում ընկած են բջիջների բաժանումը՝ միտոզի և մեյոզի ճանապարհներով։

Միտոզի և մեյոզի ընթացքում ամենագլխավորը գենետիկական նյութի հավասար և կանոնավոր բաշխումն է դուստր բջիջների միջև։

Անսեռ բազմացման ժամանակ սերնդի վերարտադրումը տեղի է ունենում մեկ անհատի հաշվին, որի մարմնի առանձին մասերը սկիզբ են տալիս նոր անհատների. ընդ որում, որոշ դեպքերում բազմացումը իրականանում է միաբջիջ գոյացությունների՝ սպորների հաշվին։ Բույսերի մոտ նրանք առաջանում են հատուկ օրգաններում՝ սպորանգիումներում։ Սա սպորառաջացման եղանակն է։

Սեռական բազմացումը բնորոշվում է երկու ծնողների մասնակցությամբ. դա տեղի է ունենում հատուկ սեռական բջիջների առաջացմամբ։ Երկու ծնողական անհատներից յուրաքանչյուն արտադրում է սեռական բջիջներ՝ գամետներ (հուն. gametus - ամուսին)։ Բեղմնավորման ժամանակ սեռական բջիջները միաձուլվում են և առաջացնում զիգոտ (հուն. zigote - զուգավորում), որից զարգանում է նոր օրգանիզմը։ Սեռական բազմացման հատուկ ձև է պարթենոգենեզը (հուն. partenos – կույս, genes – ծնունդ)՝ կուսածնություն։ Այս դեպքերում սերունդն առաջանում է չբեղմնավորված սեռական բջջի զարգացման հաշվին, ծնողներից մեկի մասնակցությամբ։ Ինչպես նշել է Կ. Ա. Տիմիրյազևը, պարթենոգենեզը մոտ է վեգետատիվ բազմացմանը։

Տես նաև[խմբագրել]