Նվենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նվենի, էվկալիպտ (լատ.՝ Eucalyptus), տենդածառ, մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Բուսական աշխարհի հսկաներն են, երկրագնդի ամենաբարձր (մինչև 100 մ և ավելի) և արագ աճող ծառերը։ Տերևների ձևը և դասավորությունը (կախված տարիքից) տարբեր է, սակայն միշտ ամբողջական են, հոտավետ, ունեն եթերայուղեր արտադրող գեղձիկներ։ Ծաղիկները կանոնավոր են, երկսեռ՝ հովանոցանման ծաղկաբույլում կամ հուրանում հավաքված, հազվադեպ՝ մեկական։ Պտուղը 3-5 փեղկանի տուփիկ է։ Հայտնի է 525 տեսակ՝ տարածված Ավստրալիայում և մոտակա կղզիներում։ Կովկասի սևծովյան ափերին, մշակվում է 30 տեսակ․ Հայաստանում՝ Երևանում 2 տեսակ՝ Eucalyptus viminalis և Eucalyptus cinerea։ Նվենիներն ունեն բարձր դեկորատիվ նշանակություն, չորացնում են խոնավ հողերը։ Կեղևից ստանում են դաբաղանյութեր, տերևներից ու երիտասարդ ընձյուղներից՝ եթերայուղեր։ Նվենու թուրմը և յուղը օգտագործվում է օծանելիքի արտադրությունում, բժշկության մեջ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց, բնափայտը՝ վագոնաշինության և նավաշինության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png