Արխանգելսկի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արխանգելսկի մարզ, Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսում։ Կազմվել է 1937 թվականի սեպտեմբերի 23-ին։ Տերիտորիայի առափնյա մասը ողողվում է Սպիտակ, Բարենցի, Պեչորայի և Կաբայի ծովերով։ Արխանգելսկի մարզի մեջ են մտնում Նենեցական ազգային օկրուգը, Ֆրանց Իոսիֆի երկիր, Նոր երկիր, Սոլովեցկի և այլ կղզիներ։ Տարածությունը 587, 4 հազար Կմ2 է, բնակչությունը՝ 1421 հազար (1974)։ Բաժանվում է 19 վարչական շրջանի։ Մարզում կա 11 քաղաք և 37 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Արխանգելսկ։

Բնությունը[խմբագրել]

Արխանգելսկի մարզը գտնվում է Արևելա-Եվրոպական հարթավայրի հյուսիս-արլևելքում՝ տայգայի և տունդրայի զոնաներում։ Կենտրոնական մասը ալիքավոր հարթություն է, կտրտված գետահովիտներով։ Ձմեռը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը Ամդերմայում -18, 4°С է, Արխանգելսկում՝ -12, 5°С, Կոտլասում՝ -14, 0°С, հուլիսինը հարավում՝ 17°С, հյուսիսում՝ մինչև 8°С, 10°С։ Բնորոշ է անկայուն եղանակը։ Տարեկան տեղումների քանակը 300-550 մմ է։ Տերիտորիայի մոտ կեսը զբաղեցնում է անտառային զոնան։ Հարուստ է կենդանական աշխարհը։

Բնակչությունը[խմբագրել]

Արխանգելսկի մարզը Ռուսաստանի ամենանոսր բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 Կմ2 վրա՝ 2, 4 մարդ (1972)։ Բնակչության շուրջ 3/4-ը ապրում է երկաթուղամերձ գոտում, Հյուսիսային Դվինայի ստորին և միջին հոսանքում, Վագա գետի ավազանում։ Քաղաքային բնակչությունը 68% է (1972)։ Գլխավոր քաղաքներն են Արխանգելսկը, Սևերոդվինսկը, Կոտլասը, Օնեգան։ Սոլվիչեգոդսկը և Սոլոնիխան բալնեոլոգիական առողջարաններ են։

Տնտեսությունը[խմբագրել]

Արխանգելսկի մարզը անտառային արդյունաբերության, անտառարտահանման, ձկնարդյունաբերության, աճող մեքենաշինության, գազանորսության, մորթեղենի վերամշակման զարգացող շրջան է։ Գյուղատնտեսությունը մասնագիտանում է կաթնաանասնապահական ուղղությամբ։ Արխանգելսկի մարզը խոլմոգորյան կաթնատու ցեղի կովերի հայրենիքն է։ Զարգացած է եղջերվաբուծությունը։ Ժողովրդական տնտեսության համախառն արտադրանքի 93-95%-ը սալիս է արդյունաբերությունը։ Մեքենաշինության (նավերի, ճանապարհաշինական մեքենաների, փայտանյութի մթերումների, առաքման և փայտասղոցման համար սարքավորումների արտադրություն են) կենտրոններն են Արխանգելսկը, Սևերոդվինսկը և Կոտլասը։ Զարգացած է ձկնարդյունաբերությունը։ Ունի 1, 5 հազար Կմ երկաթուղագիծ, 11 հազար Կմ ավտոխճուղի (1968)։ Նավարկելի գետերի (Հյուսիսային Դվինա, Վիչեգդա, Պեչորա, Մեզեն) երկարությունը 3, 8 հազար Կմ է, լաստառաքման ուղիներինը՝ 9 հազար Կմ-ից ավելի։ Ծովային նավահանգիստներն են Արխանգելսկը, Օնեգան, Մեզենը։ Արխանգելսկի մարզում գործում են 1462 հանրակրթական դպրոց (1969), անտառատեխնիկական, բժշկական և մանկավարժական ինստուտներ, 26 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, 4 թատրոն, 740 մասսայական գրադարան, 11 թանգարան։ Ռուսական ճարտարապետության XVI-XVII-րդ դարերի հուշարձան է Սոլովեցկի մենաստանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png