Հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուշարձան, (լայն առումով) երկրի, ժողովրդի մշակութային ժառանգության մաս կազմող ստեղծագործություն։ Ըստ տիպաբանական առանձնահատկությունների, հուշարձանները բաժանվում են չորս հիմնական խմբի. հնագիտական, պատմության, ճարտարապետության և մոնումենտալ արվեստային։ Հուշարձաններ են համարվում նաև պատմաճանաչողական և պատմագեղագիտական նշանակություն ունեցող գրչության նմուշները։ Նեղ առումով հուշարձանը մարդկանց հիշատակը և իրադարձությունները հավերժացնող արվեստի ստեղծագործություն է (անկախ տիպից, հուշարձանի անհրաժեշտ հատկանիշը շրջապատող տարածությունը գեղարվեստորեն կազմակերպելն է)։

Նախատիպեր[խմբագրել]

Վիշապ

Հուշարձանների նախատիպեր են եղել մեգալիթյան կառույցներն ու դամբարանադաշտերը, ինչպես և կոթողները, բուրգերը ևն։ Հետագա դարաշրջաններում հուշարձանների դեր են կատարել դամբարանները, տապանաքարերն ու մահարձանները։

Հայաստանում[խմբագրել]

Հնագույն շրջան[խմբագրել]

Հայաստանում հուշարձանի նախատիպեր էին մենհիրները, վիշապները, ուրարտական շրջանի կոթողները, արամեատառ արձանագրություններով սահմանաքարերը։ 301-ին, քրիստոնեություն ընդունելուց հետո էլ Հայաստանում հուշարձանի հետագա ձևավորմանը նպաստել են հին հայկական քարակոթողները։ IV-VII դդ. կանգնեցվել են պատկերաքանդակներով ստելաներ (Թալին, Ավան), սյունակոթողներ (Օշական), ինչպես նաև կամարակապ կառույցներ (Օձուն

Միջնադար[խմբագրել]

X դարից հուշարձանի ամենատարածված տարատեսակը խաչքարն է, որն աչքի է ընկել զարդերի ու ոճերի բազմազանությամբ։

Նոր շրջան[խմբագրել]

«Ստեփան Շահումյան». Սերգեյ Մերկուրով

XIX դարի վերջին - XX դարի սկզբին ի հայտ են եկել հայ ականավոր գրողներին և հասարակական գործիչներին նվիրված հուշարձաններ (Ռափայել Պատկանյանի, 1901, և Միքայել Նալբանդյանի, 1902, հուշարձանները Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքի բակում, Խաչատուր Աբովյանի հուշարձանը Երևանում, 1913, բացվել է 1933-ին, երեքն էլ՝ բրոնզ, հեղինակ` Ա. Տեր-Մարուքյան)։ 1920-30-ական թվականներից ստեղծվել են ինչպես առանձին անհատներին, այնպես էլ պատմական իրադարձություններին նվիրված հուշարձաններ (Ստեփան Շահումյանի հուշարձանը Երևանում, 1931, գրանիտ, քանդակագործ` Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ` Իվան Ժոլտովսկի, Սասունցի Դավթի հուշարձանը Երևանում, 1959, կոփածո պղինձ, քանդակագործ` Երվանդ Քոչար ևն), որոնք ճարտարապետական միջավայրի հետ կազմում են գեղագիտական ամբողջություն։ 1960-70-ական թթ. մեծ տարածում է գտել ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան-կոթողների կառուցումը։ Ստեղծվել են նաև հուշարձան-համալիրներ (Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրը, 1968, ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործներ՝ Ա. Հարությունյան, Ս. Մանասյան, Ա. Շահինյան, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը Երևանում, 1965-67, ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Ս. Քալաշյան)։

ՀՀ և ԼՂՀ[խմբագրել]

«Առնո Բաբաջանյան». Դավիթ Բեջանյան

1980-90-ական թթ. Հայաստանի և ԼՂՀ քաղաքներում ու գյուղերում հիմնականում կանգնեցվել են զոհված ազատամարտիկների, 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ (Սպիտակում՝ երկրաշարժի զոհերի հուշահամալիրը, 1993, գրանիտ, տուֆ, քանդակագործ` Բ. Դիլոյան, ճարտարապետ` Վ. Գաբրիելյան, Տավուշի մարզի Կիրանց գյուղում՝ զոհված 14 ազատամարտիկների «Հավատի ծաղիկ» հուշարձան, 1994, քանդակագործ` Ա. Դավթյան, ԼՂՀ Մարտունի շրջկենտրոնում՝ «Ավո»՝ Մոնթե Մելքոնյանի հուշարձան, 1994, վարդագույն մարմար, քանդակագործներ՝ Լ. Թոքմաջյան, Վ. Թոքմաջյան ևն)։

ՀՀ հուշարձանների ցանկեր[խմբագրել]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png