Խաչատուր Աբովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Աբովյան
Abovianportrait.jpg
ԱԱՀ՝ Խաչատուր Ավետիքի Աբովյան
Ծննդյան օր՝ Հոկտեմբեր 15, 1809
Ծննդավայր՝ Քանաքեռ
Վախճանի օր՝ անհետացել է ապրիլի 2-ին, 1848
Վախճանի վայր՝ անհայտ
Քաղաքացիություն՝ հայ
Մասնագիտություն՝ գրող, մանկավարժ

Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբեր 15, 1809, Քանաքեռ — անհետացել է ապրիլի 2-ին, 1848) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը. Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։

Կենսագրություն[խմբագրել]

Վաղ տարիներին[խմբագրել]

Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։

Աբովյանը մինչև տասը տարեկանը ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն։ 1819–22 թթ. հաճախել է էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ եղել է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ 1826-ի հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմն Աբովյանին խանգարել է իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ Երեք տարի Ներսիսյան դպրոցում հայտնի բանաստեղծ Յարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվին, վերադառնում է հայրենիք։ Նույն թվականին նա անցնում է Էջմիածին։ Կես տարի (1827—28-ի միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։

Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։

Արարատի նվաճումը[խմբագրել]

Դորպատի համալսարանը 19-րդ դարում
Ֆրիդրիխ Պարրոտը, Դորպատի համալսարանի պրոֆեսոր

Խաչատուր Աբովյանը Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։

1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (քաղաք Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր՝ Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով՝ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսն Աբովյանին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս մասնակցել այդ գիտական արշավախմբին։ Արշավախումբն ստացել է Նիկոլայ I կայսեր հավանությունն, ով նաև զինվորական ուղեկցող էր տրամադրել։ Անցնելով Արաքսը՝ նրանք գնացին Ակոռի, որ տեղակայված է Արարատի հյուսիսային լանջին՝ ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա։ Արշավախումբը, հետևելով Հարություն Ալամդարյանի խորհրդին, ճամբար են հիմնում Սուրբ Հակոբ վանքի մոտ (ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա)։ Հյուսիսային լանջով Արարատի գագաթը մագլցելու նրանց առաջին փորձը ձախողվեց տաք հագուստի բացակայության պատճառով։

6 օր անց, հետևելով Ակոռիի գյուղապետ Ստեփան Խոջիյանցի խորհրդին, արշավախումբը վերելքն սկսեց հյուսիսարևմտյան լանջով։ Հասնելով 4885մ բարձրության, նրանք ստիպված էին վերադառնալ, քանզի մինչև մայրամուտը չէին հասցնի գագաթ բարձրանալ։ Արշավախումբը Արարատի գագաթը բարձրացավ երրորդ փորձից 1829 թ. սեպտեմբերի 27(հոկտեմբերի 9)-ին՝ 15։15։ աբովյանը սառույցի վրա փոս արեց ու տեղադրեց փայտե խաչ՝ ուղղված դեպի հյուսիս։ Նա նաև սառույցի կտոր դրեց շշի մեջ ու իջեցրեց որպես սուրբ ջուր։ Հետագայում Արարատի գագաթը բարձրանալը հայտարարվել է «սրբապղծության», և Աբովյանը հալածվել հոգևորականների կողմից։

Նույն տարվա նոյեմբերի 8-ին Աբովյանն ու Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։

Տարիներ անց՝ 1845 թ. Աբովյանը գերմանացի բնագետ Օտտո Վիլհելմ Վիլհելմ Հերման վոն Աբիխի հետ կրկին բարձրացավ Արարատի գագաթը։ Երրորդ և վերջին անգամ Աբովյանը Արարատի գագաթը բարձրացավ 1946 թ. անգլիացի Հենրի Դանբի Սեյմուրի հետ։

Ուսումը Դորպատում[խմբագրել]

Պարրոտի աջակցությամբ Աբովյանը 1830—35-ին պետական թոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով նախապատրաստվել ուսուցչական գործունեության։ Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն (Գյոթե, Շիլլեր, Հերդեր, Կանտ, Ռուսո և ուրիշներ), երաժշտություն, արհեստներ։ Սերտ կապեր է հաստատել եվրոպացի և ռուս մտավորականների հետ։ Ապրել է հոգևոր վերածնունդ։

Աբովյանի գործունեությունը 1836—1848 թթ.[խմբագրել]

1836 թ. վերադարձել է հայրենիք, նպատակադրվել լուսավորական գործունեություն ծավալել, սակայն հոգևորականությունն անվստահությամբ է վերաբերվել «այլադավանների» միջավայրում կրթված Աբովյանին։ Չհամակերպվելով ներազգային խնդիրներում էջմիածնի դիրքորոշմանը՝ Աբովյանը հրաժարվել է հոգևոր կոչումից։ 1837—43 թթ. Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ էր։ Ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով հիմնադրել է նաև մասնավոր դպրոց։

Ցարական պաշտոնեությունը, հայ հետադեմ մտավորականների գործակցությամբ, անվերջ խոչընդոտներ է հարուցել Աբովյանի լուսավորական գործունեության ճանապարհին։ Այդ ծանր պայմաններում Աբովյանը կարողացել է ստեղծել իր ամենանշանակալից երկերը՝ «Նախաշավիղ կրթության» (2 մաս, 1837—40, հրտ. 1862), «Պարապ վախտի խաղալիք» (1838—41, հրտ. 1864), «Հազարփեշեն» (1840), «Վերք Հայաստանի» (1841, հրտ. 1858) և այլն։

Մահվան առեղծվածը[խմբագրել]

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90 000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ («Օրհնվի էն սհաթը...») առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ։[1]

Ա. Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848 թ. Եվրոպական հեղափոխություններին մասնակցելու։

Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։

Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։

Խաչատուր Աբովյանի մահվան 100-ամյա տարելիցին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ

Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորչի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։

1927 թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»։

Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Սբ. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը։ Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնարության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին։

Գրաքննադատական հայացքները[խմբագրել]

Աբովյանի գրական հայացքներում առանձնահատուկ ընդգծում ունի ազգային գոյության տեսանկյունից ճակատագրական մի հարց, թե արդյոք հայերը գեղարվեստասեր են։ Եվրոպացիները զարմանում են, քանի որ ունենալով հարյուրամյակների պատմություն, մշակույթ՝ չունենք «Օրինավոր բանաստեղծություն»։ Իսկ Աբովյանը պատասխանում է, որ հայերի պատմությունը, մշակույթը, ավանդույթները, առօրյան առանձին պատմություններ են, որոնք կարող են բանաստեղծությանը վերին թռիչք տալ։

Աբովյանի ապրած դարաշրջանը հատկանշվում է պարսկական և թուրքական բռնապետական լծի դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարով, Ռուսաստանի հովանավորության տակ անցնելու հույսերի իրականացմամբ և լուսավորական շարժմամբ, որի նպատակն էր փրկել հայրենիքը հոգևոր ստրկությունից և մտավոր խավարից։ Աբովյանը դարձել է այդ շարժման գաղափարական առաջնորդ։ Աբովյանը հայ և ռուս ժողովուրդների եղբայրական բարեկամության, հայերի ռուսական կողմնորոշման ջատագովն էր։

Գնահատելով ժողովրդական բանահյուսության դերը գրականության զարգացման գործում՝ Աբովյանը հավաքել ու մշակել է առակներ, առածներ, ավանդություններ, երգեր և սկզբնավորել հայ բանագիտությունը։ Աբովյանը թարգմանել է Հոմերոսի, Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ն. Կարամզինի որոշ գործեր։ Աբովյանը ճիշտ է ըմբռնել լեզվի, որպես ազգապահպանման կարևոր գործոնի, հասարակական դերն ու նշանակությունը։ Նա ծանոթ էր նույն շրջանում ձևավորվող պատմահամեմաաական լեզվաբանությանը, որի դիրքերից էլ քննել է լեզվի ծագման, զարգացման ու փոփոխության հարցերը, ծավալել աշխարհաբարը ժամանակի պահանջներին համապատասխան մշակելու մեծ աշխատանք։

Աբովյանն զբաղվել է նաև քերականության հարցերով. «Նախաշավիղ»–ի երկրորդ մասում շարադրել է աշխարհաբարի քերականությունը, բաղդատել գրաբարի և աշխարհաբարի լեզվաքերականական իրողությունները, մատնանշել նրանց տարբերությունները։ Աբովյանը Տապպեի «Ռուս-գերմանական քերականության» օրինակով կազմել է «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց» (1838—39) ձեռնարկը։ Ստեղծել է ոուս-հայերեն առաջին զուգադրական քերականությունը։

Աբովյանի ստեղծագործությունն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք Էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»)։ Աբովյանը քննադատել է ժամանակի եվրոպական պատմագրությունը, այն որակել աշխարհակալ տերությունների պատմություն, որից վտարված են փոքր ժողովուրդներն ու աշխատավոր խավերը։ Նա գտնում էր, որ պատմական անցյալը պետք է դառնա ազատագրական պայքարի, արդիական հարցեր լուծելու ազդակ։ Աբովյանը ձաղկել է իր ժամանակի հոգևորականության ներկայացուցիչներին, թեև չի հանգել կրոնի և նրա սպասավորների ժխտման։ Նրա ըմբռնմամբ աշխարհն արարչագործության ծնունդ է, բնությունը՝ աստվածայինի դրսևորում, զարգացումն ու փոփոխությունները՝ ամենատեսի կամքի արտահայտությունը։ Աբովյանն ուսումնասիրել է հայերի ընտանեկան սովորույթներն ու կենցաղը («Գյուղական տների կառուցվածքը» (1835), «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի ու հատկապես նրանց հարսանեկան սովորությունների մասին» (1840)) և սկզբնավորել հայ ազգագրությունը։ «Քրդեր» և «Եզդիներ» (1846) ակնարկներով հիմք է դրել քրդագիտությանը Հայաստանում։

Գրական ժառանգությունը[խմբագրել]

Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն, թեև իր կենդանության օրոք նա տպագրել է միայն «Նախաշավիղ կրթության» դասագիրքը, իսկ նրա ձեռագրերը երկար ժամանակ անհայտ է մնացել լայն ընթերցարանի համար։ 1858 թ. լույս է տեսնում նրա «Վերք Հայաստանի» պատմավեպը, իսկ խորհրդային տարիներին Գիտությունների Ազգային Ակադեմիան 1948—1961 թթ. կազմեց Աբովյանի երկերի՝ 10 հատորից բաղկացած ժողովածուն, որոնք գրեթե հանրագիտարաններ են, քանի որ իրենց մեջ պարունակում են տարբեր նամակներ, հոդվածներ...

Աբովյանի առաջին բանաստեղծությունները, որոնք գրված են գրաբարով, արտացոլել են նրա ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վսւյելչութեանց հայրենեաց իմոց» (1824), «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց»(1824) և այլն)։ Պարսկական բռնակալության մղձավանջն ապրած բանաստեղծը երազել է հայրենիքի անցած փառքը և կորցրած պետականությունը վերականգնելու մասին։ 20-ական թթ. վերջերին Աբովյանը գրել է սիրո և կարոտի տաղեր, որոնք ուշ միջնադարի հայ տաղերգուների (Բաղդասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Սիմեոն Երևանցի, Ահարոն Վարդապետ) և ժողովրդական գուսանների ստեղծագործական փորձի յուրատեսակ համադրություն էին։ Դորպատյան տարիներին մտորել է գեղարվեստական գրականությունը համապատասխանեցնել նոր ժամանակի պահանջներին, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնել գրականության լեզու։ «Սուգ հարազատ և ծնողասեր որդվո» (1835),«Տաղ հրաժարական» (1836) և այլ բանաստեղծություններ այդ ձգտումն իրականացնելու առաջին փորձերն էին։ Աբովյանը հայ քնարերգությունը լիցքավորել է հասարակական-քաղաքական բարձր գաղափարներով, խոհականությամբ և դրամատիզմով։ Նրան տանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի ու աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալից սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Երեկոյ», «Առ էմ. Կ.», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831—35 թթ.)։ Ետդորպատյան տարիների ստեղծագործությունները սերտորեն առնչվում են Աբովյանի լուսավորական նպատակներին։ Առակների միջոցով նա ջանացել է բարոյապես ազնվացնել մարդկանց («Պարապ վախտի խաղալիք»)։ «Հազարփեշեն» պոեմում ծաղրել է ցարական պաշտոնեությանը, ձգտել ժողովուրդների փոխադարձ ճանաչման։

Հետագա ստեղծագործություններում Աբովյանը երագել է բանական հասարակության մասին, որը նրա համոզմամբ պետք է ազատ լինի կրոնական կաշկանդումներից, մարդիկ պետք է թեթևացնեն միմյանց հոգսն ու ցավը, ճանաչեն միայն սիրո, եղբայրության ու բարեկամության կրոնը («Թուրքի աղջիկը»

«Վերք Հայաստանի» պատմավեպը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Վերք Հայաստանի

Աբովյանիի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ։ Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով։ Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով հեղինակը ցույց է տվել «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխար, երկրում ի՞նչ պետք է անենք...», մատնանշել նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Վերքը» հայ առաջին վեպն է, հայկական ռոմանտիզմի իրական սկիզբը։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Աբովյանն առաջինն է բացահայտել հայ նոր գրականության հերոսին՝ շինական հային։ Ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգականությունը՝ ապաքինվելու միջոցը համարելով լուսավորությունը։ Աբովյանի հիմնական նպատակն էր ժողովրդին հասցնել ինքնաճանաչման, օգնել համազգային ուժերի համախմբմանը և Ռուսաստանի հովանավորության ներքո վերստեղծել հայկական պետականությունը։ Վեպի գլխավոր հերոսը՝ Աղասին, իդեալական կերպար է, ամենաժողովրդականը XIX դ. հայ իրականության մեջ։ «Վերքը» հարուստ է ժողովրդական կենդանի խոսքով, հայոց բնաշխարհի գունեղ պատկերներով։

Պարապ վախտի խաղալիք[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Պարապ վախտի խաղալիք

Պարապ վախտի խաղալիք, առակների ու զրույցների հավաքածու է, որ գրվել է 1838-1841 թթ., տպագրվել է 1864 թ.։ Ժողովածուի առաջաբանում Աբովյանը, բարձր գնահատելով գրաբարը, առաջ է քաշել աշխարհաբարով ստեղծագործելու անհրաժեշտության հարցը։ Ժողովածուն ընդգրկում է տարբեր առակներ, որոնց միջոցով հեղինակը բարոյական խրատներ է տալիս ընթերցողին («Էս գրքի ճամփի խրատը», «Հացակեր փոշը», «Լոռըցիք», «Երկաթակեր մուկը», «Ծառերն ու կացինը» և այլն)։

Աբովյանի մանկավարժական հայացքները[խմբագրել]

Խաչատուր Աբովյանի ծննդյան 150-ամյակին նվիրված նամականիշ

Աբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դարերի մեծ մտածողների ու լուսավորիչների (Ռուսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների հետնությամբ։ Ըստ Աբովյանի՝ ուսուցումը պետք է համապատասխանի մանկան հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ՝ կենդանի խոսքով, զննական միջոցներով։ Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար։ Աբովյանն սկզբում նպատակադրվել էր Հայաստանում ստեղծել գիտակաև միաբանություն՝ դպրոցով ու տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և ապա ուսուցիչ-քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները։ 1834 թ. Աբովյանը ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանայացուների, աղքատ ու որբ երեխաների և ունևոր դասի ու վաճառականների գավակների համար։ Երկրորդ կարգի դպրոցի սաները, հանրակրթական առարկաներին զուգընթաց ուսանելով արհեստներ, գյուղատնտեսություն և վերադառնալով ծննդավայր, նպաստելու էին տեղի տնտեսական կյանքի զարգացմանը։ Բոլոր դպրոցների ընդունակ շրջանավարտներն ուղարկվելու էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 1836 թ. Աբովյանն առաջ է քաշել Հայաստանում մանկավարժական ինստիտուտ և ժողովրդական դպրոցներ բացելու հարցը։ Ավելի ուշ նա համոզվեց, որ անհրաժեշտ է հոգևորականությանը մեկուսացնել երեխաների դաստիարակությունից։ Աբովյանի ծրագրած դպրոցներում հավասարապես պիտի ընդունվեին հարևան ժողովուրդների երեխաները, որպեսզի լուսավորություն տարածեին իրենց ազգերի մեջ ևս։ Իր մանկավարժական գործունեությամբ, դասագրքերով («Նախաշավիղ կրթության», «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց», «Ամերիկա լիս քցիլը»), հոդվածներով ու գրություններով Աբովյանն առաջ է քաշել համընդհանուր գրագիտության խնդիրը, որ իրագործվելու էր ժողովրդական դպրոցների միջոցով։ Նա առաջարկել է ուսուցումը կապել երեխաների առօրյա աշխատանքային գործունեության հետ, դպրոցներին կից ստեղծել արհեստանոցներ ու փորձադաշտեր, պարբերաբար կազմակերպել բնարշավներ։ Երեխաների գեղագիտական դաստիարակությունը, գեղեցիկ արվեստները, հատկապես երաժշտությունն ու նկարչությունը համարել է անհատի հոգևոր վերափոխման կարևորագույն միջոց՝ պարտադիր բոլորի համար։

Աբովյանի մանկավարժական գլխավոր երկը «Նախաշավիղ կրթության»–ն է՝ մեր իրականության մեջ հնչական եղանակով կազմված առաջին դասագիրքը, որում մարմնավորվել են մեծ մտածողի մանկավարժական հայացքներն ու սկզբունքները։ Աբովյանիի հիմնական հոգսը հայրենիքի համար կրթված ու պիտանի քաղաքացիներ դաստիարակելն Էր։ Չհաշված առանձին հոդվածներ, «Նախաշավիղ կրթության»–ը գրողի կենդանության օրոք տպագրված միակ երկն է։ Սակայն ցարական պաշտոնեությունը և հայ հետադիմականները խափանել են գրքի գործածությունը։

Աբովյանագիտություն[խմբագրել]

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը Քանաքեռում

Հայ գրականության և հասարակական մտքի պատմության վրա Աբովյանի ստեղծագործությունը խոր հետք Է թողել։ Նրա մատնանշած ուղիով են ընթացել Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը՝ զարգացնելով նրա գրականության ավանդները և նոր գրականության լեզուն։

Աբովյանի կյանքն ու ստեղծագործությունը ուսումնասիրել են Միքայել Նալբանդյանը, Հովհաննես Թումանյանը, Ե. Շահազիզը, Արսեն Տերտերյանը և ուրիշներ։ Հետագայում աոանձին ուսումնասիրությունները վերաճել են հայ գրականագիտության ինքնուրույն ճյուղի՝ աբովյանագիտության։ Աբովյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն։

Աբովյանի անվամբ են կոչվում շրջան, քաղաք, գյուղ, երկաթուղային կայարան Հայաստանում, Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը և այլ հաստատություններ, պուրակներ, փողոցներ և այլն։ Աբովյանի հուշարձանները կանգնեցված են Երևանում, Քանաքեռում, որտեղ և գտնվում է Աբովյանի տուն–թանգարանը։

Խաչատուր Աբովյանի երկերի մատենագրությունը[խմբագրել]

  • Երկերի լիակատար ժողովածու, հ. 1—10, Երևան, 1947—1961։
  • Երկեր, Մոսկվա, 1897։
  • Պարապ վախտի խաղալիք, Թիֆլիս, 1864։
  • Դիվան Խաչատուր Աբովյանի, հ. 1—2, Երևան, 1940—48։
  • Նախաշավիղ, Երևան, 1940։
  • Վերք Հայաստանի, Երևան, 1959։
  • Տիգրանի պատմությունը..., 1941։
  • Թուրքի ախչիկը, Երևան, 1941։

Գեղարվեստական ստեղծագործություններ Աբովյանի մասին[խմբագրել]

  • Եղիշե Չարենց, Դեպի լյառը Մասիս...
  • Ակսել Բակունց, Խաչատուր Աբովյան (անավարտ վեպ)

Գրականություն Խ.Աբովյանի և նրա ստեղծագործության մասին[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
  • Ն. Տեր-Կարապետյան, Խաչատուր Աբովյան, Թիֆլիս, 1897։
  • Թ. Ավդալբեգյան, Խաչատուր Աբովյան, Վաղարշապատ, 1910։
  • Ակսել Բակունց, Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Երևան, 1932։
  • Ա. Հովհաննիսյան, Աբովյան, Երևան, 1933։
  • Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1939, 96 էջ։
  • Ռ. Զարյան, Աբովյանի կյանքը, Երևան, 1939։
  • Հրայր Մուրադյան, Աբովյանը և Ռուսաստանը, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1940։
  • Արսեն Տերտերյան, Աբովյանի ստեղծագործությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1941, 389 էջ։
  • Հրայր Մուրադյան, Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին, Երևան, Հապետհրատ, 1941, 128 էջ։
  • Ա. Ղանալանյան, Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը, Երևան, 1941։
  • Ե. Շահազիզ, Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Երևան, 1945։
  • Հրայր Մուրադյան, Հավերժության ուղևորը (Խաչատուր Աբովյան, դրամա), Երևան, 1947, 178 էջ։
  • Տ. Ղանալանյան, Խաչատուր Աբովյան, Երևան, 1948։
  • Վ. Պարտիզունի, Խաչատուր Աբովյան, Երևան, 1952։
  • Մուշեղ Սանթրոսյան, Հայ մեծ լուսավորիչ-մանկավարժ Խ. Աբովյանը, Երևան, 1953։
  • Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, «Գիտելիք», 1955, 44 էջ։
  • Պ. Հակոբյան, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը, Երևան, 1955։
  • Ա. Մարգարյան, Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը, Երևան, 1958։
  • Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1963, 183 էջ։
  • Ա. Սարինյան, Հայկական ռոմանտիզմ, Երևան, 1966։
  • Պ. Հակոբյան, Խաչատուր Աբովյան, կյանքը, գործը, ժամանակը (1809-1836), Երևան, 1967։
  • Նշան Մուրադյան, Աբովյանի պոետիկան, Երևան, «Սովետական գրող», 1979, 396 էջ։
  • «Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին», Երևան, 1941։
  • Г.Абов, Хачатур Абовян, 1948։
  • F. Parrot, Reise rain Ararat, B., 1834։
  • M. Wagner, Reise nach dem Ararat Hochland Armenine, Stutgart and Tebingem, 1848։
  • F. Bodenstend, Tausend and ein Tag im Orient, B. 1-2 , B., 1850։
  • A. Harthashen, Transaukasia, B. 1, Lpr., 1856։
  • H. Abich, Aus kaukusichen landern, B. 1—2, Wjen, 1896։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Օ. Մելքոնյան, «Ուշագրավ վկայություն Խաչատուր Աբովյանի առեղծվածային անհայտացման մասին», «Կրթություն» թերթ, 7(116), 2003։ (Օ. Մելքոնյանը Խ. Աբովյանի տուն-թանգարանի գիտաշխատող է)։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png