Ծիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդ. հուշարձան նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերին՝ կառուցված Երևանում՝ համանուն բլրի վրա։ Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Ս. Քալաշյանի համահեղինակությամբ): Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։ 1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1968-ին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։
44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։ 1995-ին հուշահամալիրի տարածքում բացվեց փոքր ստորգետնյա թանգարան, որտեղ կարելի է գտնել տեղեկություններ 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների (թուրքերի դաշնակիցները Առաջին համաշխարհային պատերազմում), այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Թանգարանին մոտ գտնվում է մի պուրակ, որտեղ օտարերկրյա պաշտոնյաները Ցեղասպանության զոհերի հիշատակին տնկում են ծառեր։
Բովանդակություն |
[խմբագրել] Լուսանկարներ
-
Կաթողիկոս Գարեգին Բ-ը և Արքեպիսկոպոս Ռովան Վիլյամսը Ծիծեռնակաբերդում
[խմբագրել] Անվան պատմություն
Ըստ ավանդության Ծիծառնակաբերդ անունը այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին իրարու լուրեր փոխանցել: