Տայգա
Տայգա բառը յակուտերեն է և նշանակում է անտառ: Սակայն ոչ բոլոր անտառներն են տայգա: Գիտնականները տայգա են անվանում բարեխառն գոտու փշատերև անտառները: Գիտնականները տարբերում են մութ փշատերև տայգա, լուսավոր փշատերև տայգա և սոճու անտառներ:
Բովանդակություն |
Տարածման շրջաններ [խմբագրել]
Փշատերև անտառների բնական գոտին տարածվում է բարեխառն կլիմայական գոտու հյուսիսում: Փշատերև անտառներն աճում են Եվրասիայում (Սկանդինավյան թերակղզում, Ռուսական և Արևմտասիբիրական հարթությունների հյուսիում, Միջին Սիբիրում, հեռավոր արևելքում), Հյուսիսային Ամերիկայում (Կանադական սարահարթում, Ալյասկայի հարավում), Հարավային կիսագնդում (Հարավային Ամերիկայի ծայր հարավում, Թասմանիա և Նոր Զելանդիա կղզիների հարավում):
Կլիմա [խմբագրել]
Կլիման արևմուտքից արևելք դառնում է ցամաքային: Ձմռանը ցուրտ է, ձնածածկույթը` կայուն: Հունվարի միջին ջերմաստիճանը արևմուտքում -5°C է, իսկ ցամաքի կենտրոնում` մինչև -40°C: Ամռանը տաք է, տեղումների քանակը 700 - 400 մմ. (արևմուտքից արևելք):
Ամբողջ անտառային գոտում տեղումների քանակը գերազանցում է գոլորշունակությանը:
Հողեր [խմբագրել]
Հողը հումուսով հարուստ չէ, քանի որ համեմատաբար առատ տեղումները և հողի բարձր խոնավությունը ողողում են սննդարար նյութերը: Առաջանում են պոդզոլային հողեր (մոխրավուն):
Գոտում շատ են ճահիճները:
Բուսական աշխարհ [խմբագրել]
Տայգայում աճում են փշատերև, ջերմության նկատմամբ ոչ պահանջկոտ ծառեր (եղևնի, եղևենի, սոճի, խեժափիճի, մայրի և այլն): Հանդիպում են նաև մանրատերև ծառեր (կեչի, լաստենի, կաղամախի):
Տայգան մարդուն տալիս է սիբիրյան սոճու «կաղիններ», արժեքավոր դեղաբույսեր` մարալարմատ, փշարմավ (չիչխան), կյանքի արմատ` ժենշեն: Տայգայի ճահիճներից հավաքում են լոռամիրգ: Տայգայում շատ են նաև հատապտուղներն ու սնկերը: Այստեղ աճում են հապալասենի, թթուհատի, մոշենի, մռամոշի, ազնվամորի, լոռամրգի:
Կենդանական աշխարհ [խմբագրել]
Տայգայում ապրում են թանկարժեք մորթի ունեցող կենդանիներ (սկյուռներ, սպիտակ նապաստակ, աղվեսներ, սպիտակ կզաքիս, սիբիրական տայգայում` սամույր):
Խուլ թավուտներում ապրում են գորշ արջեր, լուսաններ, շատակերիկներ, անտառների եզրին` գայլեր: Հյուսիսային տայգայում ապրում են հյուսիսային եղջերուներ:
Կան բազմապիսի թռչուններ (խլահավեր, կաքավներ, ցախաքլորներ, մայրահավեր, փայտփորիկներ և այլն):
Օգտակար հանածոներ [խմբագրել]
Տայգայի գոտու ընդերքը հարուստ է ալմաստով ու ոսկով, նավթով ու գազով, արժեքավոր միներալներով ու հանքաքարերով: Սակայն տայգան, հատկապես նրա արևելյան շրջանները, դեռևս լրիվ ուսումնասիրված չէ, քանի որ նրա ճահճուտներով ու անանցանելի անտառներով անցնելն այնքան էլ հեշտ գործ չէ:
Յուրացում [խմբագրել]
Տայգայում, բացի որսորդությունից և ձկնորսությունից, բնակիչները զբաղվում են նաև անտառահատմամբ և գետերով անտառանյութի տեղափոխմամբ: Անտառներում, առանձնապես եվրոպական տայգայում, կան մշակման հողատարածություններ: Ողողվող մարգագետիններում, գետերի երկարությամբ, բնակիչները զբաղվում են անասնապահությամբ: