Խեժափիճի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեժափիճի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Cycadophytanae
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Խեժափիճայիններ (Laricoideae)
Ցեղ Խեժափիճի (Larix)
Mill., 1754

Խեժափիճի (լատին․՝ larix), կվենի, սոճազգիների ընտանիքի փշատերև ծառերի ցեղ։ Խոշոր, տերևաթափ ծառեր են, բարձրությունը՝ 30 - 35 մ։ Սաղարթը կոնաձև է, տերևներն ասեղնաձև, երկարացած ընձյուղների վրա տեղադրված են զսպանակաձև, կարճացած ընձյուղների վրա՝ փնջերով։ Սերմնակոները կլորավուն են կամ երկարավուն։ Սերմերը մանր են, թևավոր, հասունանում են առաջին տարում, սակայն տարածվում են աշնանը կամ հաջորդ գարնանը։ Բացված կոները 2 - 3 տարի կարող են մնալ ծառերի վրա։ Խեժափիճին լուսասեր, խոնավասեր բույս է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Հայտնի է 25 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի ցուրտ շրջաններում։ Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում աճում է խեժափիճու 4 տեսակ, առավել տարածված են Գմելինի կամ դաուրյան խեժափիճին և սիբիրական խեժափիճին։ Հայաստանի բնական անտառներում խեժափիճի չի աճում, սակայն նախալեռնային որոշ շրջանների արհեստական տնկարկներում և պուրակներում կարելի է հանդիպել խեժափիճու որոշ ինտրոդուկցված տեսակների (եվրոպական, սիբիրական, ճապոնական)։ Խեժափիճին ապրում է մինչև 400 տարի։ Բնափայտն ամուր է, առաձգական, դիմացկուն, օգտագործվում է ստորջրյա կառույցներում, նավաշինության, կահույքի, թղթի, ցելյուլոզի արդյունաբերության մեջ։ Խեժափիճու բունը խեժածորության ընթացքում տալիս է արժեքավոր տերպենտին, որից ստացվում է բևեկնայուղ և բևեկնախեժ։ Կեղևն օգտագործում են որպես դաբաղող նյութ։ Դեկորատիվ նպատակով աճեցվում է այգիներում, պուրակներում։

Նաև խեժափիճին տարբերվում է սոճուց և եղևնուց նրանով, որ այն պահանջկոտ չէ մաքուր օդի նկատմամբ։ Այսպիսով այն ավելի լավ կարող է աճել քաղաքում քան սոճին և եղևնին։ Դրա համար էլ մարդիկ աշխատում են այն աճեցնել հիմնականում քաղաքներում, որպեսզի օդը հարստանա թթվածնով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 46