Պուրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armenia - Fountain (5034065711).jpg

Պուրակ, կանաչապատ ոչ մեծ տարածք (0, 1-2, 0 հա) բնակավայրերի հրապարակներում, փողոցներում և առանձին շենքերի մոտ։ Նախատեսվում է կարճատև հանգստի և ճարտարապետական ձևավորման համար։ Այն ըստ քաղաքաշինական իրավիճակի կարող է ունենալ միայն ճարտարապետական համալիրը ձևավորող, լրացնող դեր՝ առանց անմիջական մոտեցման հնարավորության (Սպանդարյանի անվան հրապարակը Երևանում)։ Պուրակի հատակագծային լուծումը կարող է լինել ինչպես կանոնավոր՝ երկրաչափական (Մարսյան դաշտը Լենինգրադում), այնպես էլ ազատ՝ բնապատկերային (Երևանի օպերայի և բալետի թատրոնի պուրակ)։ Պուրակի ճարտարապետական հորինվածքի կարևոր տարրերն են քանդակները, հուշարձանները, ջրավազանները, շատրվանները, ծաղկանոցները և բարեկարգման այլ հնարքներ։ Դրանք ճարտարապետորեն լրացնում և հարստացնում են արդի բնակավայրերի արհեստական միջավայրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png