Հող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հող

Հող, բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ ջրի, օդի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողը երկրակեղևի մակերեսային փխրուն շերտն է, որը փոփոխվում է մթնոլորտի և օրգանիզմների ազդեցությամբ, լրացվում է օրգանական մնացուկներով։ Ավազախառն կավահողերում անձրևորդերի կենսազանգվածը հասնում է 2,5 միլիոն առանձնյակի, կամ 1,2 տ՝ մեկ հեկտարին։ Բակտերիաների քանակը 1 գրամ հողում հաշվում են հարյուրավոր միլիոններով։ Անձրևների, հալչող ձյան ջուրը այն հարստացնում է թթվածնով և լուծում է հանքային աղերը։ Լուծույթների մի մասը պահվում է հողում, մյուս մասը գետերի միջոցով տարվում է օվկիանոս։ Հողը գոլորշիացնում է մազական անցքերով բարձրացող ստորերկրյա ջուրը։ Կատարվում է լուծույթների շարժում և առաջանում է աղերի նստվածք հողի տարբեր հորիզոններում։ Հողում կատարվում է նաև գազափոխանակություն։ Գիշերը գազերի սառչելու և սեղմվելու ժամանակ հողի մեջ որոշ քանակությամբ օդ է թափանցում։ Օդի թթվածինը կլանում են կենդանիները և բույսերը, և այն մտնում է քիմիական միացությունների բաղադրության մեջ։ Օդի հետ հողի մեջ թափանցած ազոտը որսում են որոշ բակտերիաներ։ Ցերեկը հողի տաքանալու ժամանակ դուրս են գալիս գազեր՝ ածխաթթու գազ, ծծմբաջրածին, ամոնիակ[1]։ Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների աղբյուր։ Հողը գյուղատնտեսական արտադրության հիմնական միջոցն է. ագրոտեխնիկական, ագրոքիիական ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։

Հայաստանի տարածքի հողային ծածկույթը համեմատաբար երիտասարդ է։ Այստեղ հողագոյացումը հիմնականում սկսվել է պլիոցենում և շարունակվել չորրորդական ժամանակաշրջանում։ Ռելիեֆի դրական տարրերում, որտեղ քայքայման և հողատարման պրոցեսներն ավելի ուժեղ են ընթանում, զարգացել են սակավազոր, քարքարոտ, հողմահարման ու հողագոյացման նյութերից աղքատ հողառաջացնող ապարներ, որոնց վրա ձևավորվել են թույլ զարգացած,  կմախքային սակավազոր հողեր։ Գոտիական հողատիպերից առավել զարգացում են ստացել հրաբխային բարձրավանդակի տարածքում կիսաանապատային գորշ, շագանակագույն, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր Կովկասի անտառային մարզում՝ անտառային դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Գոտիական հողատիպերից բացի, ռելիեֆի բացասական ձևերում, գերխոնավացման պայմանների և մարդու գործունեության հետևանքով զարգացել են գոտիական մարգագետնային գորշ ոռոգելի (կուլտուր-ոռոգելի), մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային, աղուտ-ալկալի, պալեոհիդրոմորֆ, ալկալի լճամերձ թույլ զարգացած հողեր։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է հողագոյացման ինտենսիվությունը, զարգանում են միջին և ցածր կարգի նոր հողառաջացումներ։

Լեռնամարգագետնային հողերը զբաղեցնում են Հայաստանի տարածքի 13,3 %-ը (346 հազար հեկտար), մարգագետնատափաստայինը՝ 10,8 %-ը (283 հազար հեկտար), անտառային գորշը՝ 5 %-ը (133 հազար հեկտար), ճմակարբոնատայինը՝ 0,6 %-ը (15 հազար հեկտար), անտառային դարչնագույնը՝ 21,6 %-ը (564 հազար հեկտար), լեռնային սևահողերը՝ 27,5 %-ը (718 հազար հեկտար), մարգագետնասևահողայինը՝ 0,5%-ը (13 հազար հեկտար), լեռնային շագանակագույնը՝ 9,2%-ը (242 հազար հեկտար), կիսաանապատային գորշը՝ 5,8%-ը (152 հազար հեկտար), ոռոգելի մարգագետնային գորշը՝ 2,0%-ը (53 հազար հեկտար), պալեոհիդրոմորֆ կապկցված ալկալիացածը՝ 0,1%-ը (2,3 հազար հեկտար), գետահովտադարավանդայինը՝ 1,8%-ը (48 հազար հեկտար), հիդրոմորֆ աղուտ ալկալի՝ 1,1% (29 հազար հեկտար), հողագրունտներ՝ 0,7% (18 հազար հեկտար)։ Հայաստանի հողերն ունեն կավային, կավավազային, ավազակավային մեխանիկական կազմ։ Հողի ջրային ռեժիմը պայմանավորված է ջրի կուտակման, շարժման, օգտագործման ամբողջականությամբ։ Օդային ռեժիմը կանոնավորում է գազային շրջանառությունը հողի մեջ և ջերմային ռեժիմի հետ պայմանավորում նրա ջերմային հատկությունները։ Հայաստանում, վարելահողերի գնահատման սանդղակների համաձայն, ամենաբարձր (100) բալ ունեն Արարատյան դաշտի մնացորդային-մարգագետնային գորշ ոռոգելի հողերը, ամենացածր՝ մարգագետնատափաստանայինը և բաց գորշ անջրդին (34 և 41 բալ)։ Բարձր բերք ստանալու նպատակով կիրառվում են հողի մշակության առաջադիմական համակարգեր, օրգանական և հանքային պարարտացում, բարելավում, պայքար էրոզիայի դեմ, ցանքաշրջանառություն ևն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յու. Պոլյանսկի, Բուսական աշխարհի զարգացման փուլերը Երկրի վրա, Երևան, 1992 թ
Ընթերցե՛ք «հող» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 525