Հրաբուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաբուխ Սենտ– Հելեն, 1982

Հրաբուխ, հրաբուխների ժայթքումը բնության ուժեղ երևույթներից է։

Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վեևածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։

Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրաբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու Ավաչինսկայա և Կլյուչևսկայա սոպկաները՝ Կամչատկայում, Վեզուվը՝ Իտալիայում, Հեկլան՝ Իսլանդիայում, Ֆուձիյաման՝ Ճապոնիայում, Կրակատաուն՝ Ինդոնեզիայում, Օրիսաբան՝ Մեքսիկայում, Մաունա Լոան՝ Հավայան կղզիներում և այլն։ Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ, օրինակ՝ Կուրիլյան և Հավայան կղզիները Խաղաղ օվկիանոսում։

Այն հրաբուխները, որոնք չգործելով արդեն տևական ժամանակներ, պահպանում են իրենց ձևն ու կառուցվածքը, համարվում են «քնած» հրաբուխներ։Դրանց թվին են պատկանում Էլբրուսը, Կազբեկը, Մեծ ու Փոքր Մասիսները։

Հրաբուխների ժայթքումը մեծ արհավիրքներ է առաջ բերում. հրաբոսոր գետն ամեն ինչ այրում է իր ճանապարհին։ Ժայթքման վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու էլ դեռ օրեր շարունակ գետին է թափվում քամուց քշված մոխիրը։

Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։ Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։ 79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։ 1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։

Գործող հրաբուխների տարածման շրջաններում հաճախ հանդիպում են պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրներ, որոնք կոչվում են գեյզերներ։

Հայկական լեռնաշխարհում գործող են համարվում Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնց խառնարաններում շարունակվում են գազերի ու գոլորշու արտազատումները։ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի են ավելի քան 500 «քնած» հրաբուխներ, որոնցից ամենամեծը Արագած լեռն է։[1]

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություն

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, ՀՀՀ, Երևան, 2008, էջ 93–94
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով