Բրածո բույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրածո բույսեր, երկրաբանական անցյալ ժամանակաշրջանների բույսեր, որոնց մնացորդները պահպանվել են երկրակեղևի նստվածքային ապարներում։ Ամբողջական տեսքով պահպանվել են ստորակարգ բույսերը (ջրիմուռներ, բակտերիաներ և այլն), երբեմն՝ բարձրակարգ բույսերի պարզունակ ձևերը (մամուռներ և այլն) կամ առանձին մասերը (տերև, ցողուն, կեղև, ծաղիկ, շիվ, սպորներ և այլն)։ Երբեմն բրածո բույսերը հանդիպում են բրածո կենդանիների հետ, լճերի, գետերի, ճահիճների ցամաքային և ծովային ափամերձ նստվածքներում։ Մնացորդների պահպանվածության չափը կախված է բրածո բույսերի ներփակող ապարների երկրաբանական պայմաններից։

Բրածո բույսերի ուսումնասիրությամբ զբաղվում են հնաբուսաբանությունը և հնէաբուսաբանությունը։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրածո բույսերը դասակարգվում են այն նույն սկզբունքներով, ինչ որ ժամանակակից բույսերը։ Սակայն բրածո բույսերի անջատ-անջատ մասերը հաճախ անհնար են դարձնում նրանց այս կամ այն դասին վերագրելը, ընդ որում տարբեր ծագման բույսերը կարող են ձևականորեն վերագրվել միևնույն «սեռին» և հակառակը, նույն բույսի տարբեր մասերը կարող են վերագրվել տարբեր «սեռերի»։ Արհեստական դասակարգման են ենթարկվում պալեոզոյան և մեզոզոյան նստվածքների սպորները և փոշեհատիկները։

Պալեոգենի և հատկապես նեոգենի բարձրակարգ բույսերի նկատմամբ արհեստական դասակարգում չի կիրառվում։ Հնագույն պրոտերոզոյան նստվածքներում հայտնաբերված բարձրակարգ բույսերն ունեն մոտ 3 մլրդ տարվա հասակ։ Ցամաքային բույսերի մնացորդները երևան են գալիս քեմբրում-օրդովիկում։ Դևոնի սկզբում գերակշռել են պսիլոֆիտները (մերկաբույսերը)։ Հետագայում գրեթե միաժամանակ ծագել են բարձրակարգ սպորավոր բույսերի խմբերը՝ գետնամուշկազգիները, նախապտերները, դևոնի վերջում՝ հատվածացողունավորները և նախամերկասերմերը։ Վերջինները լայն տարածում են ստացել քարածխային ժամանակաշրջանում, երբ նրանցից շատերը ունեցել են ծառանման ձևեր։ Փշատերևները, գինկզոազգիները, ցիկադայինները և բենետիտայինները հանդես են եկել պերմում, բայց առավել զարգացման հասել մեզոզոյում։ Ծածկասերմ բույսերի մնացորդները հայտնի են արդեն ստորին կավճի նստվածքներից, սակայն տիրապետող են եղել կավճի վերջում։ Պալեոզոյի և մասամբ մեզոզոյի բարձրակարգ սպորավոր և մերկասերմ բույսերի մեծ մասը պատկանում է բույսերի մահացած դասերին և ընտանիքներին։ Մեզոզոյում գոյություն ունեցած որոշ սեռեր ապրում են և այժմ, օրինակ՝ ձիաձետը, պտերները, մերկասերմ գինկգոն։ Երրորդականի սկզբում ձևավորվել են այժմ ապրող բույսերի համարյա բոլոր տեսակները։ Երրորդականի վերջում և չորրորդականում առաջացել են բույսերի ժամանակակից տեսակները, մահացել են հին, երբեմնի լայնորեն տարածված ձևերը և տեղի է ունեցել բուսածածկույթի աշխարհագրական վերաբաշխումը, որը սառցադաշտային դարաշրջանից հետո ստացել է ժամանակակից տեսքը։

Ցածրակարգ սպորավոր բույսերի էվոլյուցիան ընթացել է ավելի դանդաղ, ջրիմուռների համարյա բոլոր տեսակները գոյություն են ունեցել տակավին երկրի պատմության հնագույն ժամանակաշրջանում․

Գիտական և արդյունաբերական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրածո բույսերի ուսումնասիրությամբ զբաղվում են հնաբուսաբանությունը (Paleoethnobotany) և հնէաբուսաբանությունը (Paleobotany)։

Բրածո բույսերի միջոցով որոշում են ապարների հարաբերական հասակը, բացահայտում նստվածքակուտակման, հնաաշխարհագրական և հնակլիմայական պայմանները․ անցյալում երկրի բուսածածկույթի կազմը և տեղաբաշխվածությունը, բույսերի էվոլյուցիայի փուլերը։ Դրանց ուսումնասիրությունն ունի գիտական և արդյունաբերական նշանակություն, քանի որ բրածո բույսերը մասնակցում են որոշ օգտակար հանածոների (ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, կրաքար, դիատոմիտ և այլն) առաջացմանը։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ տարածքում բրածո բույսերի մնացորդներ հայտնաբերվել են ծովային, լճային (մերձափնյա և ծանծաղուտային), ճահճացամաքային տարբեր հասակների նստվածքներում, հանքային աղբյուրների շրջակայքի կուտակումներում։ Ցամաքային բարձրակարգ բրածո բույսերի մասին տվյալները խիստ սակավ են։

Ամենահին նստվածքները (մոտ 230 միլիոն տարեկան), որոնցում հայտնաբերվել են բրածո բույսերի մնացորդներ, վերաբերում են վերին պերմի ժամանակաշրջանին։ Դրանցում կան կարմիր ջրիմուռների զգալի կուտակումներ (Վայոց ձորի մարզ)։ Վերին տրիասի և յուրայի նստվածքներում հայտնաբերվել են պտերազգիների (14 տեսակ), սագոյանմանների մնացորդներ, որոնք առաջացրել են այրվող թերթաքարերի ու ածխի կուտակումներ (Արարատի մարզի Ջերմանիսի ածխի հանքավայր)։ Բրածո բույսերի հարուստ համալիրներ հայտնի են օլիգոցենի, նեոգենի ու անթրոպոգենի նստվածքներում։

Արևադարձային և մերձարևադարձային մշտականաչ ու տերևաթափ բույսերի հարուստ բրածո մնացորդներ հայտնաբերվել են Լոռու մարզի Շամուտ գյուղում (ստորին էոցեն), մերձերևանյան (Շորբուլաղ) շրջանում (ստորին-միջին օլիգոցեն), Դիլիջան քաղաքի շրջակայքում (վերին օլիգոցեն, ստորին միոցեն), Շիրակի մարզի Ջաջուռ, Բանդիվան, Արարատի մարզի Զանգակատուն գյուղերի մոտ մերկացող պլիոցենի նստվածքներում։ Դիատոմիտային ջրիմուռների (ավելի քան 200 տեսակ) մեծ կուտակումներ հայտնաբերվել են Սևանի ավազանի, Կոտայքի (Նուռնուսի կայծքարի հանքավայր), Շիրակի, Վայոց ձորի (վերին կավիճ), Սյունիքի մարզերի պլիոցեն-անթրոպոգենի նստվածքներում, որոնցում երբեմն հանդիպում են տերևների լավ պահպանված դրոշմներ։ Ախուրյանի (միոպլիոցեն) շերտախմբերում հայտնաբերվել են մերկասերմ ր ծածկասերմ բույսերի մնացորդներ։ Սիսիանի շրջանում կան պլիցենյան դիատոմային ջրիմուռների մնացորդներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Криштофович А․ Н․, Палеоботаника, 4 изд․, Л․, 1957
  • Основы палеонтологии, М․, 1963
  • Палопалинология, под ред․И․ М․ Покровской, т․ 1–3, Л․, 1966
  • Палеозойские и мезозойские флоры Евразии и фитогеография этого времени, М․, 1970
  • Gothan W․, Weyland Н․, Lehrbuch der Palaobotanik, 2 Aufc․, В․, 1964․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 551