Ծաղկափոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր ծաղկափոշիների հատիկների պատկեր ԱԷՄ-ով
Կակտուսի ծաղիկը և նրա առէջները՝ ծաղկափոշով

Ծաղկափոշու ներքին թաղանթը կոչվում է ինտին: Նա կազմված է պեկտինային նյութերից: Ինտինը բարակ պարկի ձևով պատում է ծաղկափոշու պրոտոպլաստը: Էքզինի անցքերի դիմաց ինտինան հաստացումներ է առաջացնում, որոնք մինչև ծաղկափոշու ծլումը փակում են մուտքը դրսից:

Ծաղկափոշու բջիջների մեծությունը, ձևը, մակերեսը այնքան բնորոշ են, որ ծաղկափոշով կարելի է որոշել բույսերի տեսակները: Ծաղկափոշու բջիջները լինում են կլոր, ինչպես լոբունը, դեղին առվույտինը, մատնունունը և այլն, երկարավուն և բիսկվիտաձև, ինչպես գազարինը, կողավոր, ինչպես ճարճատուկինը, եռանիստ, ինչպես լորենունը և այլն: Ըստ էքզինի մակերեսի բնույթի ծաղկափոշու բջիջները լինում են հարթ, ինչպես կարմիր երեքնուկինը, իշառվույտինը, սոխինը, հաղարջենունը, եգիպտացորենինը և այլն, հատվածավորված, ինչպես եղեսպակինը, վիշապագլխինը, ֆացելիայինը և այլն, փշիկավոր, ինչպես արևածաղկինը, գեղավերինը և այլն, թմբիկավոր, ինչպես կռոտուկինը և այլն, փոսիկավոր, ինչպես գազարինը, ծվծվուկինը, եգիպտացորենինը, լորենունը, ձմերուկինը և այլն: Ծաղկափոշու հատիկները մեծությամբ խիստ տարբերվում են: Ծաղկափոշու խոշոր հատիկներ ունեն դդումը (մինչև 150— 200 միկրոն) տուղտազգիները (մինչև 165 միկրոն): Բույսերի մեծ մասի միջին մեծության ծաղկափոշու բջիջն ունի 15-ից մինչև 50 միկրոն:

Փոշանոթում ծաղկափոշու հասունացման ժամանակ փոշեբներում զույգ-զույգ միանում են ընդհանուր խորշով և, վերջապես, պսակները բացվում են` ծաղկափոշու դուրս գալու համար։ Փոշանոթների բացվելը մեծ մասամբ պայմանավորված է էպիդերմիսի` վարնամաշկի բջիջների կծկվելով չորանալու ժամանակ, և ֆիբրոզային շերտի բարակապատ հատուկ շերտերի պատռվելով: Այն տեղի է ունենում տարբեր եղանակներով, փոշանոթները մեծ մասը երկայնական ճեղքով են բացվոում: Հաճախ նաև փոշանոթի գագաթին կլոր անցք կամ նեղ ճեղք է առաջանում։ Ծաղկափոշու դուրս գալու ճեղքը երկսեռ ծաղիկների մեջ կարող է առաջանալ ինչպես դեպի վարսանդի սպին դարձած կողմից (ինքնափոշոտվողներից շատերի ծաղիկներում) այնպես էլ սպիի հակառակ կողմից (խաչաձև փոշոտվողների ծաղիկներում)։ Միկրոսպորների (ծաղկափոշու) առաջացումով վերջանում է ծածկասերմների անսեռ բազմացումը։ Միկրոսպորը ծլում է դեռևս մայրական բույսի վրա։ Ծլելու ժամանակ միկրոսպորի կորիզը բաժանվում է միտոզով, որի հետևանքով երկու կորիզ է առաջանում։ Նրանք ըստ մեծության և ֆիզիոլոգիական առումով, միանման չեն: Ավելի խոշոր և կլորավուն կորիզը խոշոր կորիզակով, կոչվում է վեգետատիվ: Մյուսը` հաճախ իլիկաձև, քրոմատինով հագեցած կորիզը, որի շուրջն առանձնանում է ցիտոպլազմայի իր մասը կոչվում է գեներատիվ: