Արեալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը կենսաբանական տերմինի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Արեալ (այլ կիրառումներ)։

Արեալ (լատ.՝ area — տարածություն, հրապարակ), երկրի մակերևույթի (կամ ջրատարածության) հատված, որին բնորոշ է կենդանիների, բույսերի որևէ տեսակ (ցեղ, ընտանիք և այլն)։ Արեալի չափերը տարբեր են։ Որոշ կենդանիներ և բույսեր բազմանում են խիստ սահմանափակ տարածություններում (օրինակ, առանձին լեռնային բարձունքում, կղզում, մեկուսացված լճում), մյուսները տարածված են մի քանի մայր ցամաքներում և զբաղեցնում են հսկայական հատվածներ։ Օրգանիզմների խմբերը (ընտանիք և կարգաբանական այլ միավորներ, օրինակ, հացազգի բույսեր, ճնճղուկազգի թռչուններ), որոնք տարածված են ամբողջ աշխարհում, կոչվում են կոսմոպոլիտ։ Արեալը կարող է ընդարձակվել տեսակի տարաբնակեցման հետևանքով և փոքրանալ՝ արեալի առանձին հատվածներում նրա անհետացումից։ Արեալը քարտեզի վրա պատկերվում է գծերով, կետերով կամ գույներով։ Արեալի քարտեզներն օգտագործվում են բուսական և կենդանական պաշարների տեղաբաշխումը, գյուղատնտեսական կուլտուրաների և անտառային վնասատուների տարածումը պարզելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png