Սպորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բույսի սպորներ

Սպորներ , անսեռ բազմացման միաբջիջ կամ բազմաբջիջ գոյացություններ։ Ծառայում են բազմացման և (բակտերիաների սպորներով միայն) արտաքին անբարենպաստ պայմաններում պահպանվելու համար։ Որպես կանոն պատված են ամուր, արտաքին ազդեցությունների նկատմամբ կայուն թաղանթով։ Զարգանում են ստորակարգ (սնկեր, ջրիմուռներ, քարաքոսեր) և բարձրակարգ բույսերի (մամռանմաններ, պտերներ են) բազմացման օրգաններում, ինչպես նաե բակտերիաներից (բացիլներ) և նախակենդանիներից (սպորակենդանիներ)։ Բույսերի սպորներ սովորաբար գնդաձև կամ էլիպսոիդաձև են, ավելի հազվադեպ՝ գլանաձև։ Հաճախ ունենում են բարդ կազմություն, ամուր թաղանթ և երկար ժամանակ պահպանում ծլունակությունը։ Ըստ ծագման և բույսի զարգացման ցիկլում զբաղեցրած տեղի սպորներ բաժանվում են 3 խմբի՝

  1. գամետների ձուլման հետևանքով առաջացած զիգոտներ (մի շարք կանաչ ջրիմուռներ և այլն) կամ բազմակորիզ գամետանգիումների ձուլման հետևանքով առաջացած բազմաթիվ դիպլոիդ կորիզներ պարունակող սինզիգոտներ (զիգոմիցետներ, որոշ օոմիցետներ),
  1. միտոսպորներ, որոնց առաջացմանը մեյոզը անմիջականորեն չի նախորդում, կորիզը սովորաբար հապլոիդ է, երբեմն դիպլոիդ կամ դիկարիոններ է պարունակում,
  2. հապլոիդ մեյոսպորներ, որոնք առաջանում են մեյոզի կամ դրանից անմիջապես հետո առաջացած բջիջների կամ կորիզների բաժանման հետևանքով (որոշ կանաչ ջրիմուռներ, պարկավոր և բազիդիավոր սնկեր և այլն)

Ջրային բույսեր սպորները շարժվում են մտրակների օգնությամբ և չունեն կայուն թաղանթ։ Բարձրակարգ բույսերն առաջացնում են միայն արքեսպորային բջիջներից սպորանգիումներում քառյակներով գոյացող մեյոսպորներ։ Սպորներից առաջանում է գամետոֆիտը (սեռական սերունդ)։ Համասպոր պտերանմանները գոյացնում են միատեսակ սպորներ, որոնք առաջացնում են երկսեռ նախածիլեր։ Տարասպոր բույսերը (որոշ պտերներ, բոլոր սերմնավոր բույսերը) գոյացնում են մանր միկրոսպորներ և խոշոր մեգասպորներ, որոնցից առաջանում են համապատասխանաբար արական և իգական նախածիլերը։ Տարասպոր բույսերին բնորոշ է նախածիլերի (հատկապես արական) ապաճումը։ Սերմնավոր բույսերի սպո- րանգիումներում միկրոսպորներից առաջանում են փոշեհատիկները, իսկ մեգասպորներից՝ առաջնային էնդոսպերմը (մերկասերմեր) և սաղմնապարկը (ծածկասերմեր)։ Կենդանիների սպորներ, տարբեր դասի նախակենդանիների սպորների կառուցվածքը և զարգացումը տարբեր է։ Տեսակների մեծամասնության սպորներ բազմաբջիջ են, ծածկված երկփեղկ ամուր թաղանթով, որի ներսում գտնվում են երկկորիզ ամեոբաձև սաղմը և երկար, դուրս նետվող թելերով խայթող պատիճները, որոնք ծառայում են մակաբույծի տիրոջ աղիքներում ամրանալուն։ Բակտերիաների սպորները օվալաձև, կլոր գոյացություններ են։ Պարունակում են նուկլեինաթթուների և սպիտակուցի կուտակումներ։ Սովորաբար պատված են 4—5 թաղանթներով։ Առաջանում են արտաքին անբարենպաստ պայմանների հետեվանքով և բարենպաստ պայմաններում ծլում են առաջացնելով նոր բակտերիային բջիջներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png