Կաթնասուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mammal Diversity 2011.png

Կաթնասունները (լատ.՝ Mammalia) ողնաշարավոր կենդանիների ամենաբարձր կազմավորում ունեցող կենդանիներ են։ Զարգացման բարձր մակարդակի է հասել նյարդային համակարգը, հատկապես մեծ կիսագնդերի կեղևը։ Բեղմնավորումը ներքին է, ծնում են կենդանի ձագեր (բացառությամբ նախագազանների) և նրանց կերակրում կաթով, որտեղից և դասի անունը։ Տաքարյուն են, սիրտը քառախորշ է, մարմինը ծածկված է մազերով, ունեն տարբերակված ատամներ, ականջախեցի, մաշկը հարուստ է գեղձերով։ Ոտքերը գտնվում են փորի տակ, իրանը գետնից բարձր է։ Հայտնի է կաթնասունների մոտ 4 հազար տեսակ։

Ժամանակակից կաթնասունները բաժանվում են երկու ենթադասերի՝ նախագազանների և իսկական գազանների (պարկավորների և ընկերքավորների)։

Արտաքին կառուցվածքը[խմբագրել]

Կաթնասունների մաշկի կառուցվածքը
Շոշափելիքի օրգանները՝ վիբրիսները

Կաթնասունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։Մաշկը կազմված է վերնամաշկից և բուն մաշկից։ Վերնամաշկից սկիզբ է տալիս մի շարք հավելուկների՝ ասեղների, մազերի, եղունգների, սմբակների, եղջյուրների, թեփուկների և տարբեր գեղձերի։ Մաշկի տակ է գտնվում ենթամաշկային ճարպային բջջանքը, որը հատկապես լավ է զարգացած ջրային գազանների (կետ, փոկ) և ձմռանը քուն մտնող կենդանիների (գետնասկյուռ, արջամուկ, փորսուղ) մոտ։ Քուն մտնող կենդանիների համար ճարպը համարվում է էներգիայի և ջրի աղբյուր։

Կաթնասունների մազերը, ինչպես սողունների թեփուկները և թռչունների փետուրները, կազմված են եղջերային նյութից։

Երկար և կոշտ մազերը կոչվում են քիստեր, իսկ դրանց տակ գտնվում է նուրբ և խիտ ենթաբուրդը։ Կաթնասունների մի մասին հատուկ են երկար կոշտ մազերը՝ վիբրիսները, որոնք տեղավորված են քթի և աչքերի շրջանում և կատարում են շոշափելիքի ֆունկցիա։

Կաթնասունների մազածածկույթը պարբերաբար փոխվում է։ Մազափոխության ընթացքում որոշ տեսակների մոտ փոխվում է նաև մազածածկույթի գույնը։ Կախված պայմաններից՝ որոշ տեսակների մաշկն ամբողջությամբ կամ մասամբ կորցրել է մազածածկույթը։

Բուն մաշկում գեղձերը բազմազան են՝ քրտնագեղձեր, ճարպագեղձեր, կաթնագեղձեր, հոտ արձակող գեղձեր։ Ճարպագեղձերն օծում են մազերը, դրանք դարձնում ճկուն և չթրջվող, իսկ հոտ արձակող գեղձերն ունեն պաշտպանական, բնակության տարածքը նշելու և հակառակ սեռին գրավելու նշանակություն։ Քրտնագեղձերը կատարում են ջերմակարգավորման և արտաթորության ֆունկցիա, դրանցով հեռանում են աղերը և միզանյութի ավելցուկը, իսկ կաթնագեղձերում, որոնք քրտնագեղձերի ձևափոխություններ են, արտադրում են կաթ, որով մայրերը կերակրում են ձագերին։

Շան կմախքը

Կմախքը և մկանունքը[խմբագրել]

Կաթնասունների կմախքը կազմված է գլխի, իրանի, վերջույթների և վերջույթների գոտիների բաժիններից։ Ողնաշարը կազմված է պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային և պոչային բաժիններից։ Պարանոցային ողերի թիվը 7-ն է, կրծքայիններինը՝ 12-15։ Կրծքի ողերին միացած են կողերը, որոնք առջևի մասում միանում են կրծոսկրին և ձևավորում են կրծքավանդակը։ Կրծքավանդակը պաշտպանում է այնտեղ տեղավորված սիրտը և թոքերը։ Գոտկային հատվածում ողերի թիվը տատանվում է 2-9-ի սահմաններում։ Սրբանային բաժինը կազմված է 3-4 միաձույլ ողերից, որոնք սերտաճել են կոնքոսկրերի հետ, իսկ պոչի ողերի թիվը տարբեր է։

Բացառությամբ սրբանային և պոչի ողերի մի մասի, մյուս ողերը միմյանց հետ միացած են շարժուն ձևով։

Ուսագոտին կազմված է երկու թիակներից և անրակներից։ Շների, այծյամների, ձիերի, էշերի անրակները թերզարգացած են կամ բացակայում են։ Դրանք այն կենդանիներն են, որոնց առջևի վերջույթները շարժվում են միայն մեկ հարթությամբ՝ մարմնի առանցքին զուգահեռ։ Կոնքագոտին կազմված է երկու կոնքոսկրերից, որոնք սերտաճել են սրբոկրի հետ։ Կաթնասունների կոնքոսկրերը կազմված են 3 ոսկրերից՝ զստոսկր, նստոկր և ցայլոսկր։

Վերջույթների կմախքը կազմված է նույն ոսկրերից, ինչպես սողունների և թռչունների վերջույթների կմախքը, սակայն ձևով և մեծությամբ տարբեր կաթնասունների մոտ տարբեր են։ Դաստակի կառուցվածքի առանձնահատկությունները կախված են կենդանու շարժման առանձնահատկություններից, օրինակ՝ ձիերի, եղնիկների և այլ կենդանիների դաստակն ավարտվում է սմբակով, լողացողներինը (կետեր, փոկ) ձևափոխվել են թիերի, չղջիկներինը՝ թևերի, մագլցողների (կապիկներ) մեծ մատը մնացած չորս մատների նկատմամբ դասավորված է հակառակ ուղղությամբ։

Կաթնասունների մկանները բազմազան են և մասնագիտացված։ Լավ են զարգացած մեջքի, վերջույթների, դրանց գոտիների և ենթամաշկային մկանները։ Դեմքի վրա ունեն դիմախաղի մկաններ, որոնք մասնակցում են մաշկի և մազերի շարժմանը։

Մարսողական համակարգը[խմբագրել]

Մարսողական համակարգը
Շան գլխի կմախքը և մկանները

Կաթնասունների մարմնի խոռոչը ստոծանիով բաժանված է կրծքավանդակի և որովայնի խոռոչների։ Կրծքավանդակում են գտնվում սիրտը և թոքերը, իսկ որովայնի խոռոչում՝ ստամոքսը, աղիները, լյարդը, երիկամները և այլն։

Կաթնասունների մարսողական համակարգը սկսվում է նախաբերանային խոռոչով կամ բերանի նախադռնով։ Բերանը շրջապատված է վերին և ստորին շարժուն շրթունքներով։ Շրթունքները ծառայում են սնունդը բռնելուն, իսկ բերանի նախադուռը՝ որպես ժամանակավոր պահեստարան։

Կետանմանները և նախագազանները շրթունքներ չունեն։

Բերանում սնունդը ենթարկվում է մեխանիկական և քիմիական մշակման։ Կաթնասունների ատամները տարբերակված են կտրիչների, ժանիքների, մեծ և փոքր սեղանատամների։ Ատամների թիվը, ձևը և ֆունկցիան տարբեր գազանների մոտ տարբեր են։ Լավ են զարգացած գիշատիչների ժանիքները, իսկ խոտակերների՝ սեղանատամները։ Ճագարը, սկյուռը, կուղբն ունեն լավ զարգացած կտրիչներ, ժանիքներ չունեն։ Շների, կզաքիսների, առյուծների կտրիչները թույլ են զարգացած, սակայն ժանիքները հզոր են։

Ատամները տեղադրված են ծնոտների խորացումներում։ Կազմված են դենտինից և արտաքինից պատված են էմալով։ Գազանների մեծ մասի ատամները կյանքի ընթացքում փոխվում են մեկ անգամ։

Կաթնասունների մկանուտ լեզուն մասամբ ծառայում է կեր հայթաթելու, ծամելու ընթացքում բերանի խոռոչում այն շրջելու և ջուր խմելու համար։ Բերանում ատամների օգնությամբ կերը մանրացվում է, իսկ թքի ֆերմենտների ազդեցությամբ օսլան ճեղքվում է պարզ շաքարների։ Չոր սնունդ օգտագործող կենդանիների (կով, ոչխար, եղնիկ) թքագեղձերը լավ են զարգացած։ Բերանին հաջորդում են կլանը, կերակրափողը, ստամոքսը և ապա բարակ, հաստ և ուղիղ աղիները։ Ստամոքսում կան բազմաթիվ գեղձեր, որոնց ազդեցությամբ սնունդը ենթարկվում է մարսման։ Ստամոքսի մեծությունը և կառուցվածքը կախված է սննդի բնույթից։ Օրինակ՝ գիշատիչների ստամոքսը կազմված է մեկ բաժնից (պարզ է), իսկ որոճողներինը՝ մի քանի խցիկներից։ Բուսակերների բարակ և հաստ աղիների սահմանում գտնվում է լավ զարգացած կույր աղին, որը նույնպես մասնակցում է սննդի մարսմանը։

Կաթնասուններն ունեն լյարդ և ենթաստամոքսային գեղձ, որոնցում սինթեզված նյութերը՝ լեղին և ենթաստոքսային հյութը, հատուկ ծորաններով թափվում են բարակ աղիների առջևի բաժնի՝ տասներկումատնյա աղու մեջ։ Աղիներում լեղու, ենթաստամոքսային գեղձի և աղիքային հյութի ազդեցությամբ սնունդը մարսվում և ներծծվում արյան մեջ, իսկ սննդի չմարսված մնացորդները մտնում են հաստ աղի և ուղիղ աղիից հեռանում հետանցքով։

Շնչառությունը[խմբագրել]

Կաթնասունների շնչառական համակարգը կազմված է քթից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից և թոքերից։ Բրոնխները թոքերում բաժանվում են մանր ճյուղերի։ Ամենափոքր ճյուղերն ավարտվում են թոքաբշտերով՝ ալվեոլներով։ Ալվեոլները պատված են արյունատար մազանոթների խիտ ցանցով, որոնցում տեղի է ունենում գազափոխանակություն։ Ներշնչումն ու արտաշնչումն իրականացվում են միջկողային մկանների և ստոնածու կծկումների և թուլացման շնորհիվ։

Կաթնասունների կոկորդում են գտնվում ձայնալարերը։ Ձայնային ազդանշանով կաթնասունները հաղորդակցվում են միմյանց հետ։

Արյունատար համակարգը[խմբագրել]

Շան արյունատար համակարգը

Կաթնասունների սիրտը քառախորշ է՝ կազմված է երկու նախասրտից և երկու փորոքներից։ Արյան շրջանառությունը կատարվում է երկու շրջաններով՝ մեծ և փոքր։ Կաթնասուններն ունեն աորտայի ձախ աղեղ, որը դուրս է գալիս ձախ փորոքից։ Աորտան բազմաթիվ ճյուղեր է տալիս դեպի մկանները և ներքին օրգանները։ Մկաններում և օրգաններում տեղի է ունենում գազափոխանակություն՝ թթվածինն արյան մազանոթներից անցնում է դեպի բջիջներ, իսկ բջիջներից ածխաթթու գազը՝ արյան մեջ։ Զարկերակային արյունը փոխարկվում է երակայինով, հավաքվում երակներում և լցվում աջ նախասիրտ, իսկ այնտեղից՝ աջ փորոք։ Դա արյան շրջանառության մեծ շրջանն է։ Արյան շրջանառության փոքր շրջանը սկսվում է աջ փորոքից, որտեղից դուրս է գալիս թոքային զարկերակը։ Թոքային զարկերակով արյունը գնում է դեպի թոքեր։ Թոքերում երակային արյունը փոխարկվում է զարկերակայինով՝ հարստանում է թթվածնով և թոքային երակներով վերադառնում է ձախ նախասիրտ։

Արտազատական համակարգը[խմբագրել]

Կաթնասունների արտաթորության օրգանները երիկամներն են, որոնք տեղավորված են ողնաշարի գոտկային բաժնի երկու կողքերին։ Երիկամների միջոցով արյունից հեռանում է ջրի ավելցուկը և սննդանյութերի ճեղքման հետևանքով առաջացած ոչ պիտանի հեղուկ նյութերը։

Երիկամներում առաջացած մեզը միզածորաններով անցնում է դեպի միզապարկ, իսկ այնտեղից միզուկով հեռանում։ Որոշ նյութեր կաթնասունների օրգանիզմից հեռանում են քրտնագեղձերի միջոցով։

Մարսողության, արյան շրջանառության և շնչառության կատարելագործումը կաթնասունների օրգանիզմում ապահովում է նյութափոխանակության ինտեսիվ մակարդակը, մարմնի բարձր և կայուն ջերմաստիճանը։ Դրան նպաստում են նաև որոշ կաթնասունների մազածածկույթը և ենթամաշկային ճարպի հաստ շերտը։

Նյարդային համակարգը և զգայարանները[խմբագրել]

Կաթնասունների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից, ողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Գլխուղեղը կազմված է հինգ բաժիններից՝ առջևի, միջին, միջակա, երկարավուն ուղեղներից և ուղեղիկից, որոնցից հատկապես լավ են զարգացած առջևի ուղեղը և նրա կեղևը։ Կաթնասունների բարդ վարքագիծը, միջավայրի գրգռիչների նկատմամբ բազմաբնույթ ռեակցիան պայմանական ռեֆլեքսների առաջացման արդյունք է, որը պայմանավորված է առջևի ուղեղի կիսագնդերի կեղևի զարգացմամբ։

Կեղևն առաջացնում է բազմաթիվ ակոսներ և գալարներ, որոնց թվով պայմանավորված է կաթնասունների վարքագիծը. որքան դրանք շատ են, այնքան կենդանին բարդ վարքագիծ է դրսևորում։ Կաթնասունների ուղեղիկը նույնպես լավ է զարգացած, որով պայմանավորված են հավասարակշռությունը, բարդ, համաձայնեցված և անսխալ շարժումները։

Կաթնասուններն օժտված են լսողության, տեսողության, հոտառության և շոշափելիքի լավ զգայարաններով։ Հոտառությամբ կաթնասունները ճանաչում են միմյանց և թշնամիներին։ Լսողության օրգանը կազմված է արտաքին ականջից (ականջախեցի և լսողական անցք), միջին և ներքին ականջներից։ Ականջախեցին ջրային և ստորգետնյա կենսակերպ վարող ձևերի մոտ բացակայում է։ Լսողությունը հատկապես լավ է զարգացած մթնշաղային և գիշերային կենսակերպ վարող կենդանիների մոտ (չղջիկ, լուսան)։

Տեսողությունը հատկապես լավ է զարգացած գիշերային կենսակերպ վարող և բաց տարածություններում ապրող գազանների մոտ։ Կետերի և դելֆինների հոտառությունը թույլ է զարգացած, իսկ հողաբնակ գազաններինը՝ լավ, սակայն աչքերը հետ են զարգացել։ Չղջիկները և դելֆիններն արձակում են ուլտրաձայներ, որոնց միջոցով որոշում են շրջապատի առարկաների տեղադրությունը։ Կաթնասունների մարմնի տարբեր մասերում՝ գլխի, վերջույթների վրա կան երկար և կոշտ մազեր՝ վիբրիսներ, որոնցով զգում են հպումը։ Լավ է զարգացած խոտակերների ճաշակելիքի զգացողությունը, որով հեշտությամբ տարբերում են ուտելի բույսերը թունավորներից։

Բազմացումը և զարգացումը[խմբագրել]

Կաթնասունները բաժանասեռ կենդանիներ են, լավ է արտահայտված սեռական դիմորֆիզմը։ Կաթնասունների արուն ունի զույգ սերմնարաններ, իսկ էգը՝ երկու ձվարան, ձվատարներ և արգանդ։ Ձվատարները բացվում են արգանդի մեջ։ Կաթնասունների բեղմնավորումը ներքին է, այն տեղի է ունենում ձվատարներում։ Ձվաբջիջները գրեթե զուրկ են դեղնուցից։ Սաղմի զարգացումը տեղի է ունենում արգանդում։ Բեղմնավորված ձվաբջջից զարգանում է սաղմը։ Սաղմի զարգացման ընթացքում նրա շուրջն առաջանում են թաղանթներ։ Սաղմը շրջապատող թաղանթները մի կողմով սերտաճում են արգանդի պատի հետ, և ձևավորվում է ընկերքը։ Ընկերքի միջոցով կապ է ստեղծվում մոր և պտղի միջև։ Ընկերքի միջոցով մոր արյունատար անոթները սերտորեն շփվում են պտղի թաղանթների արյունատար անոթների հետ։ Սաղմը ընկերքի հետ միացած է պորտալարով, որով անցնում են արյունատար անոթներ։ Ընկերքի արյունատար մազանոթներով մոր օրգանիզմից նյութերը սաղմին են անցնում սննդանյութեր և թթվածին, իսկ ածխաթթու գազը և ոչ պիտանի նյութերը սաղմի օրգանիզմից անցնում են մոր արյան մեջ։ Որոշ կաթնասունների ձագեր ծնվում են անօգնական, իսկ մյուսներինը՝ ակտիվ գործելու կարողությամբ։ Հղիության շրջանը տարբեր կաթնասունների մոտ տարբեր է. տնային մկներինը՝ 18 օր, շանը՝ 2 ամիս, իսկ փղինը՝ 600 օրից ավելի։ Ծնվելուց հետո կաթնասուններն իրենց ձագերին կերակրում են կաթով, տաքացնում և պաշտպանում են թշնամիներից, սովորեցնում են կեր հայթայթել։

Ընկերքավոր կաթնասունների սաղմի զարգացումը
Շան գլխուղեղը
Արտազատական համակարգը
Շան լսողական վերլուծիչը
Շնչառական համակարգը

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Օգտագործված աղբյուրներ

  1. «Հայաստանի վայրի կաթնասուններ», Երևան, 1983

Ծանոթագրություններ և նշումներ