Պարկավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարկավորներ
NIEdot311 2.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պարկավորներ
Լատիներեն անվանում
Marsupialia

Պարկավորներ, (լատ.՝ Marsupialia), կաթնասունների կարգ։ Ընդգրկում է 9 ընտանիք՝ պարկամկներ, գիշատիչ պարկավորներ, պարկավոր մրջնակերներ, պարկավոր փորսուղներ, պարկավոր խլուրդներ, ցենոլեստներ, մագլցող պարկավորներ, վոմբատներ և կենգուրուներ կամ ցատկող պարկավորներ։

Կազմություն[խմբագրել]

Մարմնի երկարությունը 4-10 սանտիմետրից (տափակագլուխ պարկավոր մկներ) մինչև 75-160 սմ է (մոխրագույն կենգուրու)։ Արտաքին տեսքը խիստ բազմազան է։ Պոչը սովորաբար լավ զարգացած է, մորթին՝ խիտ, փափուկ, երբեմն՝ քիստամազերով։ Պարկավորներին բնորոշ են հետանցքային գեղձերը։ Տեսակների մեծամասնության էգերն օժտված են իրենից մաշկի ծալք ներկայացնող պարկով, որտեղ պահում են ձագերին։ Տարբեր պարկավորների մոտ պարկը կարող է բացվել դեպի առաջ, ետ, երբեմն այն առաջանում է կողքային փոքր ծալքերից կամ բացակայում է։ Պտուկները (2-6) բացվում են պարկի մեջ, պարկ չունեցող տեսակներինը (մինչև 25) տեղադրված են մարմնի կողքերում։ Մարմնի ջերմաստիճանը 34-36°C է։

Տարածում[խմբագրել]

Տարածված են Ամերիկայում (պարկամկներ, ցենոլեստներ), Ավստրալիայում ու շրջակա կղզիներում (մնացած ընտանիքները)։ Ամենապարզունակ պարկավորները պարկամկներն են, որոնցից սկիզբ են առնում մյուսները։ Հարմարվածության բազմազանությամբ քիչ են զիջում ընկերքավորներին․ ապրում են ամենաբազմազան պայմաններում։

Սնունդ[խմբագրել]

Սնվում են բույսերով, ցամաքային ողնաշարավորներով, միջատներով, շատ տեսակներ ամենակեր են։ Բազմանում են տարեկան մեկ կամ մի քանի անգամ։ Հղիությունը 8-40 օր է։ Ծնվում են թերաճ, 0, 5-3 սմ երկարությամբ ձագեր, որոնք ծնվելուց անմիջապես հետո տեղավորվում են մոր պարկում և կախվում պտուկներից։ Ձագերը կաթով սնվում են ավելի քան 2 ամիս, իսկ պարկի մեջ մնում են մինչև 8 ամիս։ Պարկ չունեցող տեսակները ձագերին կրում են մեջքին։ Պարկավորների տնտեսական նշանակությունն աննշան է։ Որոշ խոշոր պարկավորների որսում են մսի և մորթու համար։ Առանձին տեսակների քանակը խիստ կրճատվել է, 23 տեսակ գտնվում է ոչնչացման եզրին և գրանցված է «Կարմիր գրքում»։

Պարկավորների տեսակներ[խմբագրել]

  1. Հյուսիսային պարկամուկ,
  2. գաճաճ պարկամուկ,
  3. պարկավոր կզաքիս,
  4. մեծ պարկավոր խլուրդ,
  5. պարկավոր մրշնակեր,
  6. պարկավոր լողորդ,
  7. կրնկագնաց,
  8. պարկավոր արջ,
  9. գաճաճ սավսանասկյուռ,
  10. մեծ մոխրագույն կենգուրու,
  11. ծառաբնակ կենգուրու,
  12. շերտավոր կենգուրու,
  13. գաճաճ շերտավոր կուսկուս,
  14. ճագարային բանդիկուտ,
  15. շերտավոր բանդիկուտ,
  16. պարկավոր ճագարամուկ,
  17. պարկավոր հրեշ,
  18. շերտավոր կուսկուս,
  19. պարկավոր գայլ,
  20. թասմանյան վոմբաա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png