Ճառագայթալողակ ձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճառագայթալողակ ձկներ
Ձուկ-սկյուռ (Sargocentron spiniferum)
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն Էուկարիոտներ
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Վերնադաս Ոսկրոտ ձկներ
Դաս Ճառագայթալողակ ձկներ
Լատիներեն անվանում
Actinopterygii
Կլեին, 1885


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 161061
NCBI 7898

Ճառագայթալողակ ձկները (լատին․՝ Actinopterygii), ոսկրոտ ձկների վերնադասին պատկանող դաս։

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճառագայթալողակ ձկները շուրջ 20 հազար տեսակ[1] են և կազմում են այժմյան ձկների 90%-ը։ Տարածված են գրեթե բոլոր ջրավազաններում և նրանց խորություններում։ Ի տարբերություն մյուս տեսակների,այս ձկներն ունեն մի շարք տարբերիչ հատկանիշներ։ Չունեն ռոստրում, բերանը գտնվում է դնչի ծայրին։ Բոլոր տեսակներն ունեն բազմաթիվ մանր, եռանկյունաձև ատամներ, որոնք դասավորված են ոչ միայն ծնոտների, այլև քիմքի վրա։ Փոփոխություն է նկատվում վերջույթների կմախքում՝ կրծքային լողակները բազալիաներ չունեն և ռադիալիաներով միացած են ուսագոտուն։ Վերջինս կազմված է մանր կորակոիդներից և թիակներից։ Փորային լողակները չունեն նաև ռադիալիաներ, կազմված են միայն ճառագայթներից։ Լողակները մարմնի նկատմամբ դասավորված են ուղղահայաց։ Աղիքում չունեն զսպանակաձև փական (բացառությամբ զրահապատի, գայլաձկան)։

Հայտնաբերված ամենահին քարացումը Andreolepis hedei տեսակի ձուկն է, որը տարիքը 420 միլիոն տարի է։ Մնացորդներ են գտնվել Ռուսաստանում, Շվեդիայում և Էստոնիայում[2]։

Ծածկույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը ծածկված է թափանցիկ, հարթ թեփուկներով, որոնք առաջանում են բուն մաշկում` կորիումում։ Սրանք լինում են կլոր` ցիկլոիդ, ատամնաեզր՝ կտենոիդ։ Մի եզրով խրված են մաշկի մեջ, մյուսով՝ հենվում են հաջորդին։ Բացառություն են կազմում ոսկրային գանոիդները, որոնք ունեն կոսմոիդ թեփուկներ, սրանք շեղանկյունաձև են և դասավորված են կողք կողքի (զրահապատ, գայլաձուկ)։ Թեփուկների վրա կան տարեկան օղակներ։ Արտաքին մարմինը ծածկված է էպիթելային նուրբ շերտով, որն առատ լորձ է արտադրում, այն ունի մանրէասպան հատկություն, փոքրացնում է շփումը։

Կմախքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճառագայթալողակ ձկների կմախքը գրեթե ամբողջությամբ ոսկրային է, ոսկրերի մի մասը խոնդրալ է, մյուսը՝ ծածկույթային։ Ողնաշարը կազմված է ամֆիցել ողերից, բացառություն են կազմում զրահապատները, գայլաձուկները և տերմայկները, որոնց ողերը օպիստոցել են՝ ուռուցիկ են առջևից, գոգավոր հետևից։ Ողերի վերին աղեղները միանալով առաջացնում են ողնաշարային խողովակ, որի միջով անցնում է ողնուղեղը, աղեղների վերին մասում կան փուշ ելուստներ, սրանց են միանում մեջքի մկանները։ Ողերի ստորին աղեղները զուրկ են փուշ-ելուստներից և սրանց են միանում կողերը։ Ի տարբերություն կռճիկային ձկների, սրանց կողերը դասավորված են ոչ միայն վերին մասում, այլև կողքերից։ Միայն պոչային հատվածում ողերի աղեղների վրա առաջանում են փուշ ելուստներ և այս մասում ձևավորվում է հեմալ խողովակը։

Գանգի վրա նույնպես կան խոնդրալ և ծածկույթային ոսկրեր։ Ուղեղային բաժնի ծոծրակային մասում կան հետևյալ խոնդրալ ոսկրերը՝ մեկ հիմնական ծոծրակային ոսկր, երկու կողքային և մեկ վերին։ Սրանցից դեպի առաջ գտնվում են հինգ զույգ ականջային ոսկրերը, այնուհետև գանգի կողքերին նույնպես դասավորված են ակնային խոնդրալ ոսկրերը՝ հիմնական սեպաձև, թևասեպաձև, ակնասեպաձև։ Ակնակապիճի շուրջը դասավորված են մանր խոնդրալ ոսկրիկները։ Առջևի մասում կան հոտառական խոնդրալ ոսկրեր՝ երկու կողքային և մեկ վերին։ Գանգատուփի ծածկույթային ոսկրերն են՝ ճակատոսկրը, գագաթոսկրերը, իսկ հատակային մասում՝ տափակ մեծ պարասվենոիդը և դեպի առաջ՝ փոքր խոփոսկրը։ Վերին ծնոտի աղեղում նույնպես տեղի են ունենում փոփոխություններ։ Քիմքային մասում կան քառակուսի ոսկրեր, քիմքային ոսկր, սրանց միջև դասավորված են ծածկույթային, թևաձև ոսկրեր։ Մեկելյան կռճիկի փոխարեն սրանց մոտ կա ատամնային ոսկր, անկյունային ոսկր և նրանց միջև՝ խոնդրալ հոդակցող ոսկր։ Հիոիդը և կոպուլան խոնդրալ են։ Խռիկային աղեղները չորս զույգ են, ունեն խռիկային ոսկրային կափարիչ։ Պոչի լողակը հավասարաբլթակ է։

Scorpaena

Մարսողական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսողոական խողովակը սկսվում է բերանով, որտեղ կան բազմաթիվ ատամներ։ Կլանը սահմանազատված չէ շնչառական ուղիներից։ Ունեն կերակրափող, ստամոքսը տարբեր չափերի է։ Ստամոքսից ոչ այնքան երկար աղիքը, նրա երկարությունը կոմպենսացնելու համար աղիքի առջևի մասում կան բազմաթիվ կույր ելուստներ։ Օրինակ՝ սաղմոնային ձկների մոտ դրանց թիվը 40 է։ Կոյանոց չունեն, ունեն լյարդ՝ լեղապարկով, ենթաստամոքսային գեղձը կազմված է առանձին մանր կղզյակներից։

Արտաթորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Acipenser oxyrinchus

Արտաթորության օրգաններն են երիկամները, որոնք ժապավենաձև են և դասավորված են ողնաշարի մոտ։ Ձկների մեծամասնության մոտ միզապարկը բացակայում է։ Ձկներին շատ բնորոշ է լողափամփուշտը, որը համարվում է հիդրոստատիկ օրգան։ Սաղմնայի շրջանում այն առաջանում է կերակրափողի արտափքումից։ Հասուն փուլում մի մասի մոտ լողափամփուշտը միացած է կերակրափողին, իսկ մյուսների մոտ անջատված է։ Սուզվելիս և վեր բարձրանալիս առաջիններն օդը մղում են կերակրափողի մեջ, իսկ երկրորդների դեպքում՝ լողափամփուշտն օդով լցվում է շրջապատող մազանոթների միջոցով։ Գրեթե բոլոր ոսկրային ձկների մոտ լողափամփուշտը մի շարք մանր ոսկրիկներով միացած է ներքին ականջի լաբիրինթոսին։ Այս ապարատը կոչվում է Վեբերի ապարատ, այն կարգավորում է հավասարակշռությունը։

Արյունատար համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Polypterus weeksii

Արյունատար համակարգը ընդհանուր պլանով նման է կռճիկային ձկների արյունատար համակարգին։ Սիրտը երկխորշ է և սրտի միջով հոսում է միայն երակային արյուն։ Շատերը զարկերակային կոն չունեն։ Փորոքից սկիզբ է առնում փոքրիկ լայնացում՝ սոխուկ, որն ի տարբերություն կռճիկային ձկների, կազմված է հարթ մկաններից։

Հետին կարդինալ երակներից միայն ձախն է երիկամում առաջացնում դռներակային համակարգ։ Քանի որ խռիկային աղեղները չորս զույգ են, ապա չորս զույգ են նաև խռիկայն ներմուծող և արտածող անոթները։

Նյարդային համակարգը,զգայարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Amia calva

Ի տարբերություն կռճիկային ձկների, սրանց գլխուղեղն ունի ավելի պարզ կառուցվածք։ Առջևի ուղեղն ավելի փոքր է, ուղեղային բուշտը բաժանված չէ երկու բաժնի։ Առջևի ուղեղը դեռ ծածկված չէ ուղեղայի նյութով։ Մեծ է ուղեղիկը և միջին ուղեղը։ Զարգացած են զգայարանները։ Աչքն իր կառուցվածքով հարմարված է ջրում տեսնելուն։ Եղջերաթաղանթը տափակ է, ոսպնյակը՝ կլոր։ Ոսպնյակի հետին եզրին միացած է աղեղնաձև ելուստը, որի կծկվելու շնորհիվ ոսպնյակը հետ ու առաջ է շարժվում։ Ձկները ամենաաղմկոտ կենդանիներն են։ Ձայներ են արձակում թեփուկները միմյանց քսելով, ատամները, խռիկային կափարիչներն իրար քսելով, լողափամփուշտի օդը դուրս մղելով։ Լսում են ոչ միայն ջրում գտնվող ձայներն, այլև մթնոլորտից եկող ձայները։ Լսողության զգայարանը կազմված է միայն ներքին ականջից, որը լցված է ներավիշով։ Այստեղ կան բազմաթիվ կրային հատիկներ՝ օտոլիտներ, որոնցից երեքը խոշոր են, և դրանց կտրվածքի վրա նկատվում են տարեկան օղակներ։ Համի զգայարանները փոքր պտկիկներն են, որոնք դասավորված են ոչ միայն գլխի մասում, այլ ցրված են նաև մարմնի վրա։ Պատված են մազանոթներով և նյարդերով։ Հոտառությունը թույլ է զարգացած։ Կողագիծը ձգվում է մարմնի երկու կողմերով։ Այն իրենից ներկայացնում է մաշկի միջով ձգվողակոս, որից դեպի վեր են բարձրանում բազմաթիվ մանր մազանոթներ։ Ակոսում դասավորված են ռեցեպտորները։ Առջևի մասում ճյուղավորվում է։ Այն շատ կարևոր, ունիվերսալ զգայարան է, կարող է փոխարինել մյուս զգայարաններին։ Կողագծի օգնությամբ ձկները զգում են ջրի ուղղությունը, ջերմաստիճանը, ճնշումը, թշնամու առկայությունը, քիմիական մոլեկուլներ, խորությունը։

Balistoides conspicillum

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանասեռ են, զույգ ձվարաններն ու սերմնարաններն ունեն ներքին խոռոչ և հատուկ խողովակներով բացվում են միզասեռական պտկիկի վրա՝ միզային անցքից առանձին։ Էգերը չունեն մյուլերի խողովակ, որը կռճիկավոր ձկների մոտ ծառայում է որպես ձվատար։ Արուների սերմնարանները կապված չեն երիկամների հետ, վոլֆի խողովակները կատարում են միայն միզատարի դեր։ Ձկնկիթը մանր է, բեղմնավորումը՝ արտաքին։ Ճառագայթալողակ ձկների ենթադասը բաժանվում է երեք վերնակարգերի.

  1. Ոսկրային գանոիդներ Holostei Holostei
  2. Բազմալողակավորներ Polypteri Polypteri
  3. Ոսկրոտ ձկներ Teleostei Teleostei
Limanda limanda

Ոսկրային գանոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկրային գանոիդները (լատին․՝ Holostei) ամենապրիմիտիվն են ճառագայթալողակավորների մեջ, հայտնի են մեզոզոյի դարաշրջանից։ Սրտում ունեն զարկերակային կոն, իսկ աղիքում՝ զսպանակաձև փական։ Թեփուկները ցիկլոիդ տիպի են, երբեմն միաձուլվում են և ստեղծում ոսկրային թիթեղներ։ Ողերի մարմինը սաղմնային է, պոչը կարճ է, հետերոցերկալ։ Ունեն լողափամփուշտ, որը մի շարք տեսակների մոտ ենթարկվել է երկրորդային ապաճի։ Ոսկրային գանոիդների արդյունագործական նշանակությունը մեծ չէ, սակայն սրանց օգտագործում է տեղաբնակ ժողովուրդը։ Հետաքրքիր են ֆիլոգենետիկ տեսանկյունից։

Pomoxis nigromaculatus

Բաժանվում են երկու կարգի՝ կայմանայինների և տիղմաձկների կամ ամիաների։

Կայմանայիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ctenochaetus hawaiiensis

Կայմանայինները ներկայացված են մեկ տեսակով՝ զրահավոր գայլաձուկ։ Ապրում է Հյուսիսային Ամերիկայի քաղցրահամ ջրերում, երկարությունը 2-2.5մ է, կան նաև 3մ ձկներ։ Թեփուկներն իրար միանալով՝ կազմում են, կարծես թե մարմնից առանձնացված, պատյան, որը սահում է մարմնի վրայով։ Գիշատիչ է, դարանակալող, ունեն կատաղի բնավորություն, սնվում է ձկներով։ Մեկ էգին ուղեկցում են 3-4 փոքր արուներ, ձկնկիթը մանր է։

Տիղմաձկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիղմաձկները նույնպես խոշոր ձկներ են, տարածված են Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գետերում, որոնք ժամանակ առ ժամանակ չորանում, լցվում են տիղմով։ Այդ ժամանակ ձկները շնչելու համար օգտագործում են լողափամփուշտը։ Թեփուկները կլորավուն են, որոշ չափով կոսմին են պարունակում։ Ձկնկիթի բեղմնավորումից հետո արուն երկար ժամանակ բույնը։

Բազմալողակ ձկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cheilinus undulatus

Բազմալողակ ձկները (լատին․՝ Polypteri) ներկայացված է մեկ՝ բազմալողակակերպերի կարգով, որն ընդգրկում է 10 տեսակներ։ Մարմնի երկարությունը հասնում է 1.2մ, տարածված են Աֆրիկայի գետերում։ Ռելիկտային ձկներ են։ Մեջքի լողակը բաժանված է մանր լողակների։ Մարմինը ծածկված է զրահով, որը բաղկացած է խոշոր, շեղանկյունաձև, շարժուն միացած կոսմո-գանոիդային, եռաշերտ թեփուկներից։ Ողերն ամֆիցել են, մյուս տեսակների հետ համեմատած՝ քորդան լավ է պահպանվել։ Ի տարբերություն մյուս ճառագայթալողակավորների, չունեն մեջքային լողափամփուշտ, դրա փոխարեն ունեն զույգ պարկ։ Աղիքում ունեն լավ զարգացած պարուրաձև փական, իսկ սրտում՝ զարկերակային կոն։ Բազմանում են ձվադրությամբ, ձկնկիթը մանր է։ Ունեն միայն տեղական արդյունագործական նշանակություն։ Սրանց մոտ համամիտման ճանապարհով գոյացել են երկշունչ և վրձնալողակ ձկներին յուրահատուկ մի շարք հատկանիշներ։

Sphyraena forsteri

Ոսկրոտ ձկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկրոտ ձկները[3] (լատին․՝ Teleostei) ամենամեծ խումբն են կազմում ձկների մեջ։ Չնայած նրանց խիստ բազմազանությանը, ունեն մի շարք ընդհանուր հատկանիշներ՝

  1. Բոլորի թեփուկը ոսկրային է, դասավորված է կղմինդրաձև։ Կան նաև թեփուկներից զուրկ ձկներ։
  2. Պոչը հավասարաթիակավոր է։
  3. Ունեն մեկ կամ ավելի մեջքային լողակներ։
  4. Ողերի մարմինը զարգացած է։
  5. Գանգն առավել ոսկրացած է։
  6. Ստորին ծնոտը բաղկացած է երեք ոսկրերից։
  7. Ունեն վերին ծոծրակային ոսկր։
  8. Աղիքում չունենզսպանակաձև փական։
  9. Ունեն խռիկային կափարիչներին հենարան հանդիսացող ոսկրային ճառագայթներ։
  10. Զարկերակային կոնը վերացել է, դրա փոխարեն գործում է աորտայի կոճղեզը։
  11. Ունեն լողափամփուշտ, որի պատի ներքին կողմը խորշիկներ չունի։
  12. Միզասեռական համակարգն ունի սնամեջ գեղձեր և սեփական սեռական ծորաններ, որոնք բացվում են դուրս ինքնուրույն անցքով։
  13. Կրծքային լողակների կմախքը բազալիաներ չունի, այն բաղկացած է միայն ռադիալիաներից և մաշկային ճառագայթներից։
Astronotus ocellatus

Ոսկրոտ ձկների վերնակարգը բաժանվում է հետևյալ կարգերի՝

Տառեխակերպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել պարզունակ ոսկրոտ ձկներ են։ Ունեն թույլ զարգացած գանգ, կերակրափողին միացած լողափամփուշտ, ցիկլոիդ թեփուկներ։ Մեջքային լողակը մեկն է, որոշներն ունեն ճարպային լողակ։ Բաժանվում է երկու ենթակարգի~

Տառեխայիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է 300 տեսակ։ Մարմնի երկարությունը հասնում է 50սմ։ Չունեն կողագիծ և ճարպային լողակ։ Ներկայացուցիչներից են՝ նորվեգական տառեխը, որի երկարությունը 40սմ, ապրում է 20-25 տարի, դնում է 14-70 հազար ձկնկիթ, Մուրմանսկի տառեխը, Սպիտակ ծովի տառեխը, Բալթիկ ծովի տառեխը, եվրոպական շպրոտը, սևամեջք տառեխը, որը պարունակում է մեծ քանակությամբ ձկան յուղ, մանր տառեխներ, որոնք կոչվում են կիլկա կամ տյալկա, որսում են էլեկտրական լույսի օգնությամբ, Սև և Միջերկրական ծովում տարածված սարդինա ձուկը, կարևոր արդյունագործական ձուկ է։ Կասպիական փորաձուկը, Դոլգինյան տառեխը, հեռավոր արևելյան սարդինան կամ իվասին, բծավոր տառեխը։

Սաղմոնայիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է 400 տեսակ, մոտ են տառեխայիններին։ Ունեն լրիվ կողագիծ, մարմինը ծածկված է խիտ թեփուկներով։ Բոլորն ունեն ճարպային լողակ։ Տարածված են հյուսիսային կիսագնդի ջրերում։ Սաղմոնայիններն ունեն համեղ միս, մեծ արժեք ունեցող կարմիր ձկնկիթ, կարևոր արդյունագործական ձկներ են։ Ներկայացուցիչներից են՝ կետան, սապատաձուկը, ներկան կամ կարմիրը, չավիչան, ազնվացեղ սաղմոնը կամ սյոմգան, ֆորելները՝ կումժան, մերկաձկները, տայմենը, սպիտակաձուկը, նելման, սիգերը` եվրոպական և սիբիրական, սովորական սիգը, Բայկալի օմուլը, պելյադը։

Գայլաձկնակերպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակավատեսակ ձկներ են, բնակվում են քաղցրահամ ջրերում։ Ունեն երկարավուն մարմին, մեծ բերան, երկար և տափակացած դունչ։ Այս կարգն ընդգրկում է երեք ընտանիքներ՝

Գայլաձկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչներից է սովորական գայլաձուկը` երկարությունը 1.5մ, կշիռը՝ 35կգ, ունի արդյունագործական նշանակություն։ Այս ընտանիքին է պատկանում նաև ամուրի շնաձուկը, երկարությունը՝ 90սմ, կշիռը՝ 20կգ, նույնպես ունի արդյունագործական նշանակություն։

Ումբրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչներից է ումբրան (էվդոշկան), երկարությունը՝ 10սմ, ունեն տարբեր գունավորումներ, տնտեսական նշանակություն չունի։

Դալիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչներից է դալիան (սև ձուկը), ունի 20սմ երկարություն, տնտեսական նշանակություն չունի։

Perca flavescens

Ծածանակերպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է շուրջ 5 հազար տեսակ, այս ձկները կոչվում են նաև ոսկրափամփուշտավորներ։ Ունեն վեբերի ապարատ՝ ոսկրիկների համակարգ, որը լողափամփուշտի առջևի մասը միացնում է ներքին ականջի բավիղի հետ։ Այս ձկների երկարությունը և տեսքը բազմազան է։ Մանր տեսակների՝ ակվարիումային ձկների մարմնի երկարությունըչի գերազանցում 2-5սմ, իսկ առավել խոշոր տեսակներինը՝ 2-3մ։ Տեսակների մի մասն ունի արդյունագործական նշանակություն։ Ծածանակերպերի կարգն ընդգրկում է մի շարք ընտանիքներ՝ ծածանայինների, լոքոնների, ոլորաձկների և այլն

Ծածանայիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է շուրջ 1800 տեսակի, 5-8սմ-ից մինչև 80սմ երկարությամբ ձկներ։ Այս ձկները իրենց ծնոտների վրա ատամներ չունեն, դրանց փոխարեն ունեն կլանային ատամներ և երկանքաքար։ Ձկնկիթը պլանկտոնային կամ բենթոսային է։ Գորչակը իր երկար ձվադիրով ձկնկիթը դնում է խոշոր երկփեղկավոր փափկամարմինների թիկնոցային խոռոչի մեջ։ Որոշ տեսակներցուցաբերում են խնամք սերնդի նկատմամբ։ Այս ընտանիքի ներկայացուցիչներից են՝ ծածանը, գետածածանը և նրա չվող ձևերը՝ ոբլան, տարանը, չվող բրամը, տինկան, ժերեխը, բեղաձկները և այլն։ Երկարատև սելեկցիայի ընթացքում ոսկեփայլ մանրածածանից ստացվել են ոսկյա ձկնիկներ։

Լոքոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկում է 1200-ից ավելի տեսակներ։ Սրանք չունեն իսկական թեփուկներ, մարմինը մերկ էկամ ծածկված է ոսկրային փշերով, թիթեղներով։ Մարմնի երկարությունը տատանվում է 3-6սմ մինչև 3-5մ սահմաններում, կշիռը՝ 300-400կգ։ Լոքոների մեջ կան տեսակներ, որոնք ունեն էլեկտրական օրգաններ, դրանք իրենցից ներկայացնում են ոչ թե ձևափոխված մկանունք, ինչպես մյուսձկներինը, այլ՝ ձևափոխված մաշկային գեղձեր։ Լոքոները հիմնականում գիշատիչներ են, դարանակալում են որսին։ Ամերիկական մանր՝ մինչև 6սմ երկարությամբ, լոքոների մեջ կան մակաբույծներ, որոնք հատուկ ծծող սկավառակի օգնությամբ կպչում են խոշոր ձկների խռիկներին և ծծում նրանց արյունը։ տոսակներից է նաև Ամուր գետի լոքո, սոլդատովի լոքո, որոնք տարածված են քաղցրահամ ջրերում, ծովերի ափային մասերում։

Amia calva-ն ակվարիումում

Ոլորաձկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացված է մանր, մինչև 25սմ երկարությամբ, մուգ գույնի ձկներով։ Մարմինը ծածկված է շատ մանր, անտեսանելի թեփուկներով։ Բերանը շրջապատված է բեղիկներով։ Ներկայացուցիչների են՝ սովորական մերկաձուկը, Տիբեթի մերկաձուկը, սովորական ծականը։ Սրանց տնտեսական նշանակությունը մեծ չէ։

Օձաձկանմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնի ձուկը

Ապրում են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ափամերձ ջրերում, տեղափոխվում են գետերը։ Սովորական օձաձուկը Անգլիայի հարավային ափերից հասնում է մինչև Կարիբյան ծով, այնտեղ ձվադրում է։ Թրթուրները, որոնք հայտնի են որպես լեպտոցեֆալներ, հետ են վերադառնում 3-4 տարվա ընթացքում, իսկ հասուն ձևերը սատկում են։ Թրթուրները այնքան են տարբերվում հասուն ձևից, որ երկար ժամանակ կարծում էին, որ սրանք ուրիշ տեսակի ձկներ են։ Օձաձկներն ունեն կարևոր արդյունագործական նշանակություն։

Պերկեսակերպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 650 տեսակ, տարածված են քաղցրահամ և ծովային ջրերում։ Կենտ և զույգ լողակները, հատկապես մեջքային առաջին լողակը, ունեն սուր, ծակող ճառագայթներ, այդ պատճառով էլ սրանց անվանում են նաև փշալողակավորներ։ Սովորաբար մեջքային լողակները երկուսն են, որոշ տեսակների մոտ որովայնային լողակները փոխարկվել են ծծիչների։ Խիստ բազմազան են, մարմնի երկարությունը տատանվում է 1-2սմ մինչև 5մ, իսկ կշիռը՝ 10-30գր մինչև 900կգ։ Թեփուկները կտենոիդ են, հազվադեպ՝ ցիկլոիդ։ Ունեն բազմազան, հաճախ հովանավորող գունավորում, իսկ որոշ տեսակներ էլ ընդունակ են փոխելու մարմնի գույնը։ Պերկեսակերպերի ներկայացուցիչներից է սովորական պերկեսը, շիղաձուկը, սևծովյան և միջերկրածովային-ատլանտյան ստավրիդիաները, ակումբրիամակրելը, պելամիդները։

Թռչող ձկներ կամ Սարգանակերպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է շուրջ 150տեսակ, որոնք տարածված են տաք ծովերում։ Երկարությունը 15-50սմ, ունեն երկարաձգված կրծքային և փորային լողակներ, մեծ լողափամփուշտ։ Վտառային ձկներ են, հետապնդման ժամանակ ցատկում են ջրից և սավառնելով ջրի վրայով՝ թռչում են մոտ 150-200մ։ Ոնեն արդյունագործական նշանակություն, սրանց որսում են էլեկտրական հազարավոր լամպերի օգնությամբ։ Ներկայացուցիչներից են սովորական երկարլողակը, սարգանը, սայրան։

Ձողաձկանմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է շուրջ 700 տեսակ, մարմնի երկարությունը տատանվում է 10-30սմ մինչև 1-1.5մ սահմաններում։ Ունեն փակ լողափամփուշտ, տարածված են հիմնականում սառը ծովերում, քչերը՝ քաղցրահամ ջրերում։ Կարգն ընդգրկում է մեկ՝ ձողաձկների ընտանիք, որի ներկայացուցիրներից է Ատլանտյան, Արկտիկական ձողաձուկը, նավագան, պիկշան, սայդան, սայկան, մինտայը, շերեփաձուկը։ Վերը նշված տեսակներն ունեն արդյունագործական նշանակություն։

Տափակաձկնակերպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու վագրային օսկար

Հայտնի է 500 տեսակ, վարում են հատակային կյանք։ Երկարությունը՝ 6-8սմ մինչև 5մ, կշիռը՝ մինչև 300կգ։ Այս ձկների մարմինը տափակացած է կողքային ուղղությամբ, աչքերը տեղադրված են մարմնի մի կողմի վրա, ինչը կապված է գանգի անհավասար աճի հետ։ Մարմնի վերին կողմը մուգ է, գունավորված, իսկ ներքինը՝ սպիտակ։ Սրանք կարողանում են փոխել մարմնի վերին կողմի գույնը և դառնում են միջավայրի գույնին։ Դնում են մի քանի միլիոն ձկնկիթ, որոնք պարունակում են ճարպային կաթիլներ։ Դրա շնորհիվ բարձրանում են ջրի վերին շերտերը։ Թրթուրը կիսաթափանցիկ է, ունի համաչափ կառուցվածք, իսկ որոշ ժամանակ զարգանալուց հետո մարմինը տափակում է կողքային ուղղությամբ։ Ներկայացուցիչներից են՝ սովորական պալտուսը, դեղնալողակ տափակաձուկը, գետային, ծովային տափակաձկները, ծովային լեզուն, կալկանը։

Փշաձկանմաններ կամ Որովայնափշաձկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է շուրջ 200 տեսակ։ Մանր, մինչև 20-30սմ երկարությամբ, ծովերի և քաղցրահամ ջրերի բնակիչներ են։ Մեջքային լողակի առջևի մասում կան մի շարք ամուր և սուր փշեր։ Մեկական սուր փշեր կան նաև յուրաքանչյուր փորային լողակում։ Ներկայացուցիչներից են՝ ծովային երկարադունչ փշաձուկը, իննասեղնավոր, փոքր փշաձուկը, փոքր հարավային փշաձուկը, եռասեղ փշաձուկը։ Վեջինս ունի տնտեսական նշանակություն։

Օսկար ձկան երկու առանձնյակ

Փնջախռիկավորներ կամ ասեղանմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանր ծովային ձկներ են, որոնք կոչվում են ծովային ասեղներ և ծովային ձիուկներ։ Առաջին խումբը ներկայացված է 150 տեսկով, մարմնի երկարությունը՝ 60սմ, երկրորդը՝ 30, երկարությունը՝ 20սմ։ Այս ձկների խռիկները փոխարկվել են փոքր փնջերի և միացել մնացուկային խռիկային աղեղներին։ Փորային լողակներ չունեն, մարմինը ծածկված է ոսկրային թիթեղներով։ Գլուխն ունի երկար խողովակաձև դունչ, բերանը փոքր է, անատամ։ Արուների փորի վրա կա պարկ՝ ձագասուն, որտեղ զարգանում են բեղմնավորված ձվաբջիջները։ Տեսակներից են՝ հյուսիսային օձաձև ասեղը, ծովային երկարադունչ ասեղը, սևծովյան փքաայտ ասեղաձուկը, ծովային ձիուկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Ե.Համբարյան, «Կենդանաբանություն», 3, 4, 5 հատորներ, 2000-2002 թվականներ
  • Ս.Պ.Նաումով,«Ողնաշարավորների կենդանաբանություն», I և II մաս, Երևան, 1956 թվական
  • Վ.Ս.Անանյան,«Հայաստանի կենդանական աշխարհը» , 1, 2, 3, 4, 5 հատորներ
  • Բ.Ա.Մարտիրոսյան, Ս.Բ.Պապանյան, «Հայաստանի վայրի կաթնասունները», Երևան, 1983 թվական
  • Մ.Գ.Դադիկյան,«Հայաստանի ձկները», Երևան, 1971 թվական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]